Հանդիպել են Հայաստանի և Արցախի նախկին բոլոր նախագահները. ինչ են քննարկել նրանք

Արման Մուսինյանը հակիճ ներկայացրել է, թե ինչ են քննարկել Լևոն Տեր–Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը հանդիպման ժամանակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի –Sputnik. Հանդիպել են Հայաստանի և Արցախի նախկին նախագահները։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` հավելելով, որ հանդիպումը կայացել է երեկ` մարտի 25-ին։

«Հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև»,–գրել է նա։

Հայերի ու ադրբեջանցիների միջև միջադեպ է տեղի ունեցել Սարուշեն-Կարմիր գյուղ հատվածում

Մուսինյանը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում Արցախում ստեղծված իրավիճակին և հետագա հնարավոր զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից ևս հաստատում են, որ մարտրտի 25-ին Հայաստանի և Արցախի նախկին նախագահները հանդիպել են:

«Թե´ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմյան ժամանակահատվածում Արցախի և Հայաստանի կենսական խնդիրներին վերաբերող առաջնահերթությունները ստեղծում են նման ձևաչափով պարբերական քննարկումների հրամայական»,–ասված է գրասենյակի տարածած հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նման ֆորմատով հանդիպում կայացել էր պատերազմի ժամանակ` 2020–ի հոկտեմբերի 21–ին։ Ասվում էր, որ  Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը: