ԱԺ աշխատակազմի նոր ղեկավարը դատվածություն ունի. պատճառը քույրն է եղել. «Հրապարակ»

Դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտել է, որ ամբաստանյալ Առնակ Ավետիսյանը կատարել է ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, որի համար պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության և պատժի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նոր ղեկավար Առնակ Ավետիսյանը, պարզվում է, դատվածություն ունի։ Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» թերթը։

Փաշինյանը փորձում է համոզել, որ ընտրություններն աշնանը անցկացնեն. «Հրապարակ»

Մարտի 17-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար։ Նա 2018-ից մինչև 2021 թ. մարտի 16-ն աշխատել է Կոտայքի մարզպետի տեղակալ, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ընկերն է, և հենց վերջինս է միջնորդել, որ նա նշանակվի այս պաշտոնում: 

«Պարզվում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010թ․ հունիսի 29-ին, իր քրոջ՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության 3-րդ բաժնի վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Վարդուհի Թամազյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդության քննարկումից հետո, Երևանի Կենտրոն դատարանի շենքի դիմաց ծառայողական պարտականություններ կատարող ՊԵԿ քննչական վարչության 3-րդ բաժնի պետ Վազգեն Շահնազարյանին ծեծի է ենթարկել և նրան պատճառել թեթև մարմնական վնասվածքներ։ Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան 2010թ․ օգոստոսի 13-ին։ Մինչ դատաքննությունն սկսվելը ամբաստանյալ Առնակ Ավետիսյանը միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ համաձայն է մեղադրանքի հետ»,–գրում է թերթը։

Գալիք ընտրությունները չեն կարող անցնել առանց ատելության մթնոլորտի. Դանիելյան

Դատարանը, համոզվելով, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375-1 և 375-2 հոդվածներով նախատեսված պայմանները, որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:

Դատարանը, հիմք ընդունելով մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, գտել է, որ ամբաստանյալ Առնակ Ավետիսյանը կատարել է ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք, որի համար պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության և պատժի:

Օնիկ Գասպարյանի նահանջի պատճառը. Փաշինյանի հարցում նա այսքան միամի՞տ է. «Հրապարակ»

Դատարանը հաշվի է առել այն, որ Առնակ Ավետիսյանը տվել է խոստովանական ցուցմունքներ, զղջում է կատարածի համար, նախկինում արատավորված չի եղել, դրական է բնութագրվում բնակության վայրից, երիտասարդ է, 3-րդ կուրսի ուսանող է։ Տուժողը չի առարկել, որ նրա նկատմամբ նշանակվի ազատազրկման հետ չկապված պատիժ:

Որպես մեղմացնող հանգամանքներ՝ դատարանն արձանագրել է առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդմամբ միջին ծանրության հանցանք կատարելը, մեղայականով ներկայանալը, այն, որ ամբաստանյալը տառապում է միզաքարային հիվանդությամբ, որի պատճառով տրվել է զինծառայությունից տարկետում:

Դատարանը վճռել է Առնակ Հարությունի Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով և դատապարտել տուգանքի 500 հազար դրամի չափով:

Կան խաղի կանոններ, դրանցով պետք է բոլորս նախապատրաստվենք ընտրություններին. Էդմոն Մարուքյան

Ինչ վերաբերում է Առնակ Ավետիսյանի քրոջը՝ Վարդուհի Թամազյանին, ապա նա դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խարդախություն՝ խոշոր չափերով) և 38-213-րդ հոդվածի 1-ին մասով (վաշխառություն) նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 ժամկետով․ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-213-րդ հոդվածի 1-ին մասով պատիժ է նշանակվել տուգանք` Հայաստանում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի` 500 հազար ՀՀ դրամի չափով:

Վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 2 տարի 25 օր ժամկետով և տուգանք՝ 500 հազար դրամի չափով: Ապա կիրառվել է 2009թ. համաներում հայտարարելու մասին որոշումը․ նա ազատվել է նշանակված պատժից: