Ստեփանակերտի հիվանդանոցում փրկել են Թուրքիայի 56-ամյա բնակչի կյանքը. պարզաբանում

Վիճակը կայունացնելուց հետո նրան դուրս են գրել և հանձնել ռուսական խաղաղապահ զորակազմին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik․ Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում բժիշկներն օգնություն են ցուցաբերել Թուրքիայի 56-ամյա բնակչին։ Տեղեկություն հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Մինչև ե՞րբ ռուսական գազը Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով

«Սույն թվականի մարտի 18-ին ժամը 17:09-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Ստեփանակերտի շտապ օգնության բժշկական կայան» ահազանգ է ստացվել, որ Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի զինվորական հոսպիտալում է գտնվում Թուրքիայի Ստամբուլ քաղաքի բնակիչ, 1965թ. ծնված Մեհմադ էսսեն Հասանին՝ «Սուր կորոնար համախտանիշ, սրտի ռիթմի խանգարում, նախասրտերի թրթռում, կարդիոգեն շոկ, սրտամկանի տարած ինֆարկտ» ախտորոշումով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիվանդը տեղափոխվել Հանրապետական բուժկենտրոն։ Այստեղ բժիշկներն իրականացրել են բոլոր միջոցառումները: Նշվում է, որ հիվանդը դուրս է բերվել կարդիոգեն շոկից, բուժսպասարկում ստացել վերակենդանացման բաժանմունքում։ Այդտեղ նա մնացել է մինչև մարտի 19-ը, ժամը 13:00: Երբ տղամարդու վիճակը կայունացել է, նա դուրս է գրվել և հանձնվել ռուսական խաղաղապահ զորակազմին:

Ավելի վաղ սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, որ Ստեփանակերտի հիվանդանոցի բաժանմունքներից մեկում մի ադրբեջանցի վարորդ է բուժվում, որին բերել են խաղաղապահների ուղեկցությամբ։

Sputnik Արմենիան փորձել էր կապ հաստատել համապատասխան մարմինների հետ, բայց առողջապահության նախարարությունն ու հիվանդանոցի ղեկավարությունը հրաժարվել էին մեկնաբանություններից՝ հորդորելով դիմել ՊՆ։

Մեր տեղեկություններով` հիվանդին արդեն տեղափոխել են Բաքու։