Սերժ Սարգսյանի գույքը կշարունակի կալանքի տակ մնալ. դատարանը հրապարակեց որոշումը

Քննիչը կալանքի տակ է դրել Սերժ Սարգսյանի 489 մլն 160 310 դրամի շարժական և անշարժ գույքը, ֆինանսական միջոցները, բաժնեմասերը, արժեթղթերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքը կշարունակի կալանքի տակ մնալ։ Նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանը։

Ի աջակցություն Սերժ Սարգսյանի` քաղաքացիները հավաքվել են դատարանի բակում. նա կխոսի

Երեկ` մարտի 18-ին ընթացող դատական նիստի ժամանակ Սերժ Սարգսյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը հայտնել էր, որ քննիչը կալանքի տակ է դրել Սերժ Սարգսյանի 489 մլն 160 310 դրամի շարժական և անշարժ գույքը, ֆինանսական միջոցները, բաժնեմասերը, արժեթղթերը։

Փաստաբանը միջնորդել էր կալանքից ազատել այդ գույքը։ 

«Դատարանը որոշում կայացրեց մերժել Սերժ Սարգսյանի գույքը կալանքից հանելու միջնորդությունը։ Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քրեական դատարանում»,–ասաց Միսակյանը։

Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց` դեռ կծանոթանան դատավորի` Սարգսյանի գույքը կալանքից չազատելու վերաբերյալ որոշման հիմքերին, սակայն0 չի կարծում, որ այն հիմնավորված և պատճառաբանված կլինի։

Սերժ Սարգսյանը վերադառնում է ստվերային կարդինալի կարգավիճակին. քաղտեխնոլոգ

«Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշում քրեական մարմինները կայացրել են դրա հիմքերի իսպառ բացակայությամբ։ Նման խախտումներով գույքի վրա կալանք դնելու որոշում ես դեռ չեմ տեսել»,–ասաց Հակոբյանը` հավելելով, որ հնարավոր է` դատարանի որոշումը բողոքարկեն։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 15-ին։

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահը մեղադրվում է 2013թ.-ին «Ֆլեշ» ընկերության նկատմամբ հովանավորչություն ցուցաբերելու համար։

ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը (մոտավորապես մեկ միլիոն դոլար տարբերությամբ)։

Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

Բարսեղ Բեգլարյանը Սեյրան Օհանյանին 28 հազար դոլար է տվե՞լ. Բեգլարյանն այլ բան է պնդում