Ի՞նչ կլինի Սերժ Սարգսյանի դեմ հարուցված գործի ճակատագիրը. ամբաստանյալներից 2-ը մահացել են

Սերժ Սարգսյանի պաշտպանը հայտնեց` դատարանը պետք է Սերգո Կարապետյանի և նրա տեղակալի ցուցմունքները հրապարակի դատաքննության ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով դեռ կան բազմաթիվ ապացույցներ, որոնք պետք է հետազոտվեն։ Լրագրողների հետ զրույցում ասաց գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանը` պատասխանելով հարցին, թե ինչ է լինելու քրգործի ճակատագիրը, երբ գործով ամբաստանյալներից երկուսը մահացել են։

2021-ի հունվարի 10-ին մահացել է ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը, իսկ փետրվարի 18-ին` ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ Նրանց նկատմամբ քրեական հետապնդումը երեկ կայացած որոշմամբ դադարեցվեց։

«Գործով միայն երկու ամբաստանյալներ չեն անցնում, այլ նրանց թիվը հինգն է։ Բոլոր ապացույցները քննելուց հետո դատարանը վերջնական որոշում կկայացնի»,–ասաց Մարտիրոսյանը։

Հարցին, թե լուրեր կային, որ հիմնական վկայությունները Սերժ Սարգսյանի դեմ տվել է հենց Սերգո Կարապետյանը, այս դեպքում ի՞նչ է լինելու, դատախազը պատասխանեց` չի ուզում հրապարակել գործով առկա ապացույցները. դրանք հրապարակային դատական քննություններում կներկայացվեն։

Սերժ Սարգսյանի գույքը կշարունակի կալանքի տակ մնալ. դատարանը հրապարակեց որոշումը

Մարտիրոսյանը հրաժարվեց գնահատական տալ քրգործին, սակայն նշեց` եթե ապացույցներն ամուր չլինեին, քրգործը մեղադրական եզրակացությամբ դատարան չէր ուղարկվի։

Նույն հարցի առնչությամբ Սերժ Սարգսյանի պաշտպանը Ռուբեն Հակոբյանն էլ հայտնեց` դատարանը պետք է Սերգո Կարապետյանի և նրա տեղակալի ցուցմունքները դատաքննության ընթացքում հրապարակի։

Սարգսյանի դեմ քրգործի և արցախյան հիմնախնդրի միջև կապ տեսնելը շատ արհեստական է. Սուրենյանց

Դրանից հետո, ըստ փաստաբանի, կգնահատվի այդ ցուցմունքների արժանահավատությունը և դատական ակտ կայացնելու համար բավարար լինելը։

Հիշեցնենք, որ ՀՀ երրորդ նախագահը մեղադրվում է 2013թ.-ին «Ֆլեշ» ընկերության նկատմամբ հովանավորչություն ցուցաբերելու համար։

ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը (մոտավորապես մեկ միլիոն դոլար տարբերությամբ)։

Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։

«Էս ի՞նչ շնորհք ա»․ Սերժ Սարգսյանը՝ իր և իր ընտանիքի դեմ հարուցված քրգործերի մասին