Փաստաբանը միջնորդեց Սերժ Սարգսյանի գույքը հանել կալանքից. դատարանը գնաց որոշում կայացնելու

Քննիչը կալանքի տակ է դրել Սերժ Սարգսյանի` 489 մլն 160 310 դրամի շարժական և անշարժ գույքը, ֆինանսական միջոցները, բաժնեմասերը, արժեթղթերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով Սարգսյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց դատարան՝ պաշտպանյալի գույքը կալանքից ազատելու վերաբերյալ։

Ես քաղաքական խրամատը չեմ լքելու. Սերժ Սարգսյան

Նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահում է դատավոր Վահե Միսակյանը։

Փաստաբան Ռուբեն Հակոբյանը հայտնեց, որ քննիչը կալանքի տակ է դրել Սերժ Սարգսյանի 489 մլն 160 310 դրամի շարժական և անշարժ գույքը, ֆինանսական միջոցները, բաժնեմասերը, արժեթղթերը։

«Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ և չպատճառաբանված է։ Գույքի վրա կալանք է դրվում միայն այն ժամանակ, եթե քրգործով հավաքվել են ապացույցներ, որ անձը, ում մոտ գտնվում է գույքը, կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել այն։ Իսկ Սարգսյանի դեպքում չկան նման ապացույցներ»,–ասաց Հակոբյանը։

Գործով դատախազն առարկեց միջնորդությունը։

Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։ Որոշման մասին հայտնի կլինի վաղը` 14։00-ին։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 15-ին, ժամը 14։00-ին։ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով նիստեր տեղի կունենան նաև ապրիլի 29-ին և մայիսի 13-ին` երկու դեպքում էլ ժամը 14։00-ին կմեկնարկեն դրանք։

Հիշեցնենք, որ երրորդ նախագահը մեղադրվում է 2013թ.-ին «Ֆլեշ» ընկերության նկատմամբ հովանավորչություն ցուցաբերելու համար։ ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը (մոտավորապես մեկ միլիոն դոլար տարբերությամբ)։

Ի աջակցություն Սերժ Սարգսյանի` քաղաքացիները հավաքվել են դատարանի բակում. նա կխոսի

Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։