Ինչո՞ւ է Հայաստանը կորցնում իր կոնյակը․ ռուս փորձագետը մի շարք խնդիրներ է «գաղտնազերծում»

Ռուսաստան ուղարկվող հայկական կոնյակին խանգարում է և՛ տեղական «հայկական կոնյակը», և՛ խանութներում առկա մրցակցությունը, որը հատկապես սուր զգացվեց «լոկդաունի» օրերին։ Սակայն կա ռազմավարական խնդիր՝ պետք է հասկանալ` ինչպես պահպանել կոնյակն առանց այդ անվանման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik, Արամ Գարեգինյան․Հայաստանը երկար տարիներ կոնյակ է արտահանում Ռուսաստան և այդ առումով տևական ժամանակ ամենախոշոր արտահանողն էր, բայց 2020 թվականին վաճառքը նվազեց 25%-ով։ «Պատճառը կորոնավիրուսն է. սա ամենաակնհայտ պատասխանն է, բայց ոչ շատ ճիշտ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանեց ռուսաստանցի հայտնի մարկետոլոգ, «Retail4you» ընկերության հիմնադիր և տնօրեն Սերգեյ Լիշչուկը։

Ինչպես չգոլորշիանանք, կամ ջրային ռեսուրսները կբավականացնե՞ն Հայաստանին ու Արցախին

Նրա խոսքով` նման իրավիճակը մի քանի պատճառ ունի՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ։

Նախևառաջ, չպետք է մոռանալ, որ «հայկական կոնյակ» ապրանքանիշը դուրս է գալու գործածությունից։ Ֆրանսիայի պահանջով Հայաստանը 22 տարի անց այլևս չի կարողանա արտասահմանյան շուկաներում օգտագործել «կոնյակ» ապրանքանիշը։ Նման կետ կա 2017 թվականին ԵՄ-ի հետ ստորագրած «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին պայմանագրում»։ Թեպետ պայմանագրում նշված է 25 տարի ժամկետը, սակայն առաջին երեք տարիներն արդեն անցել են, իսկ տեղի արտադրողներն ու պետությունը այդպես էլ չեն սկսել նոր ապրանքանիշի ստեղծման ռազմավարություն մշակել։ Դրան մենք դեռ կվերադառնանք, իսկ հիմա խոսենք հիմնական խնդիրներից։

Հայկական կոնյակին խանգարում է... հայկական կոնյակը

Խոսքը նույնիսկ կեղծված խմիչքի մասին չէ, այլ այն կոնյակի, որը չի կրկնօրինակում հայկական ապրանքանիշները, լրիվ օրինական արտադրվում է Ռուսաստանում և ներկայացվում որպես հայկական կոնյակ։ Անվանումներ չենք նշի, որպեսզի մեզ հակագովազդ անելու մեղադրանք չներկայացնեն, բայց ռուսաստանցի գնորդներից շատերը կարող են հիշել դրանք։ «Նման ապրանքանիշերը Ռուսաստանում արդեն ավելի լավ են վաճառվում, քան իսկական հայկական կոնյակը»,– նշում է փորձագետը։

Լիբերալ անուշեղեն․ ինչու է Հայաստանի իշխանությունը մերժել բիզնեսին օգնելու նոր գաղափարը

Հայաստանում «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրենք կա, ըստ որի` հայկական կարող է համարվել միայն այն կոնյակը, որն արտադրվել է տեղական սպիրտով և շշալցվել Հայաստանում։ Իհարկե Ռուսաստանն իր օրենսդրությունն ունի, բայց Հայաստանը կարող է և պետք է միջպետական մակարդակով պայմանավորվի «հայկական կոնյակ» բառակապակցությունը պաշտպանելու մասին։ Լիշչուկի խոսքով` Ռուսաստանն ինքը այդպես է պաշտպանում «ռուսական» անվանումը իր ապրանքների համար՝ թույլ չտալով, որ այն օգտագործվի այլ երկրներում։

«Դուք կարող եք պայմանավորվել, ձեզ կլսեն և կսատարեն ԵԱՏՄ-ում։ Չէ՞ որ ԵԱՏՄ-ն մենք ստեղծել ենք հենց միմյանց իրավունքների և շուկաների պաշտպանության համար», - ընդգծեց փորձագետը։

Մրցակցություն

Ռուսաստանում գիտեն` ինչ է հայկական կոնյակը ու գնահատում են այն, բայց շուկայում տասնյակ նոր խմիչքներ են հայտնվում (ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան), այդ թվում՝ կոնյակ։ Լիշչուկի խոսքով` Ռուսաստանում ամենամեծ պահանջարկն ունի տեղական կոնյակը, առաջին հերթին` գնի պատճառով. 0,5 լիտրանոց «Արարատն» արժե մոտ 1200 ռուբլի, իսկ ռուսական կոնյակը՝ 600-900 ռուբլի։

Իհարկե, ըստ փորձագետի, հարցն այն է, թե ինչ սպիրտից են դրանք պատրաստում Գործարաններից շատերում ասում են, որ ֆրանսիական սպիրտ են գնում, սակայն կոնյակի սպիրտի մեծ մասը Ռուսաստան է հասնում Ուզբեկստանից ու Ղազախստանից։ Այսպես թե այնպես ռուսական բիզնեսին հաջողվել է շուկայում սեփական տեղը ստեղծել։ Հայաստանի արտադրողները կորոնավիրուսային ճգնաժամի ժամանակ ստիպված էին դա հաշվի առնել։

Մեղմ էր, կոշտ դարձավ

Այն, որ ռուսաստանցիները զանգվածաբար սկսել են տնտեսել պարենամթերքի ու խմիչքների վրա, միֆ է, կարծում է փորձագետը։ Ամբողջ երկրում ՌԴ սպառողի գնողունակությունը նվազել է միջինը 10%-ով, ընդ որում` քաղաքացիները գումար չեն ծախսել ճանապարհորդությունների և ռեստորանների վրա։

Պայմանականորեն ասած, նախկինում գնումների (սննդամթերք, տնտեսական ապրանքներ, հագուստ) ու կոմունալ ծախսերի համար նախատեսված 100 ռուբլուց ռուսաստանցիները ծախսում էին 70-ը (մնացած 30-ը ծախսվում էր ուղևորությունների, ռեստորանների, կինոյի և այլնի համար)։ «Լոկդաունի» պատճառով գրպանում մնաց ոչ թե 100, այլ 90 ռուբլի, սակայն այդ ողջ գումարը ծախսվում էր գնումների և կոմունալ ծախսերի վրա (չէ՞ որ գրեթե բոլոր ռեստորանները փակվեցին, իսկ զբոսաշրջային ուղևորությունները դադարեցին)։ Ցավոք, ըստ Լիշչուկի, հայ արտահանողներից ոչ բոլորը հասկացան այն, ինչի մասին ժամանակին գլխի ընկան նրանց մրցակիցներից շատերը․պետք է ուժեղացնել մարկետինգը։

«Հավի ոտքերի վրա». ինչու են հայաստանյան թռչնաֆաբրիկաները դոփում տեղում

Նախկինում պրեմիում դասի (ծովամթերք և էլիտար ալկոհոլ) ապրանքների զգալի մասն օգտագործվում էր ռեստորաններում ու սրճարաններում։ Նրա խոսքով` 2020 թվականին այդ հոսքը գնաց խանութներ, որտեղ հայկական կոնյակի դիրքերը, ցավոք, ավելի թույլ են։

Ռեստորաններում էլիտար խմիչքների նեղ ցանկ կա։ Եթե խոսենք կոնյակի մասին, ապա դա վերաբերում է ֆրանսիական ու հայկական կոնյակներին, գուցե ևս մեկ–երկուսը։ Հայկական կոնյակն այնտեղ երաշխավորված ներկայություն ուներ։ Բայց խանութներում բոլորովին այլ է․ այնտեղ տասնյակ արտադրողներ են մրցում՝ էլիտար և ոչ այնքան։

«Եթե հայ արտադրողները պատրաստ լինեին դրան, ավելի ակտիվ աշխատեին ռիթեյլի հետ, ապա հնարավոր է` նախորդ տարի դուք վաճառքների աճ արձանագրեիք։ Բայց նման բան տեղի չունեցավ, իսկ վաճառքը նվազեց», - պարզաբանեց Լիշչուկը։

Հեռանկար

Մարտավարական խնդիրը մեկն է՝ յուրացնել մանրածախ ցանցերի հետ բարդ, սակայն կարևոր մարկետինգը, ռազմավարական խնդիրը` սկսել նոր ապրանքանիշ ստեղծել հայկական կոնյակի համար։ Դա պետք է հասցնել մնացած 20 տարվա ընթացքում, հասկանալ, թե ինչպես կարելի է կոնյակի տեխնոլոգիան օգտագործելով ստեղծել այնպիսի արտադրանք, որը ոչ պակաս ճանաչված լինի։

Հայկական կոնյակ` հրեշտակների բաժին

Նման օրինակներ կան, դրանցից մեկը հունական «Մետաքսան» է, որը նույնպես պատրաստում են խաղողի սպիրտով, բայց այլ բաղադրատոմսով (ավելացնում են որոշ գինիներ և բուսական մզվածքներ)։ Գրեթե նույն դասին է պատկանում, ինչ լավ կոնյակը, բայց բացառիկ խմիչք է, որն իր տեղն ունի շուկայում։ Միայն Ռուսաստանում արդեն մի քանի հազար խանութ կա, որ պարտադիր տեղ է հատկացնում «Մետաքսային»։ Բայց չէ՞ որ այն վաճառվում է տասնյակ այլ երկրներում։

«Կարո՞ղ է արդյոք Հայաստանն իր բացառիկ արտադրանքն ունենալ։ Կարող է և պետք է։ Հայաստանի կառավարության խնդիրն է հասկանալ` ինչպես օգտագործի հարյուրամյակներով կուտակած ներուժն ու վարպետությունը», - եզրափակեց փորձագետը։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը ԵՄ-ից գումար է ստացել հայկական կոնյակի փոխարեն նոր ապրանքանիշ ստեղծելու համար։ Դրա համար պետք է փորձագիտական ընկերություն ընտրեին և նրան պատվիրեին նոր ապրանքանիշի ու արտադրողների աջակցման ռազմավարություն մշակել։ Բայց այդ աշխատանքները դեռ չեն սկսել։