Ընդամենը երկու տառ, և կստանաք աշխարհի ամենատարածված բառը

​Եկեք անկեղծ լինենք։ Ողջ աշխարհում ամեն օր հնչում է երկտառանոց մի բառ, բայց քչերը գիտեն, որ դա մոլորակում ամենատարածված բառն է։
Sputnik

Ընդամենը երկու տառ, և կստանաք աշխարհի ամենատարածված բառը

Համենայն դեպս, այդպես է պնդում «Գլոբալ Լենգուիջ Մոնիթոր» կազմակերպությունը, որն արձանագրում է, թե որքանով է տարածված ողջ աշխարհում այս կամ այն անգլալեզու բառը։ OK, չեմ թաքցնի, որ այդ ամենատարածված բառն է OK (օքեյ)։ Ու մի′ ասեք, թե շատ լավ գիտեք այդ բառի ծագման պատմությունը, որովհետև իրականում շրջանառվում են մոտ 10 վարկածներ։ Բայց մասնագետներն ամենահավանականը համարում են այն, ինչ պատահեց Ամերիկայում 182 տարի առաջ մարտ ամսին։ Քանզի մարտի կեսն է, եկեք մի փոքր ավելի մանրամասն անդրադառնանք այս հարցին։ Օքե՞յ։

«Եթե չկարողանամ ուղեղիս գործունեությունը խթանող հաբեր գնել, հիմար էլ կմնա՞մ». Դուլյան

Ասում են, թե դա պարզապես կատակ էր, արված 1839 թվականին։ «Բոստոն մորնինգ փոստ» թերթը մի նյութ էր տպել գրագիտության կամ ավելի ճիշտ՝ անգրագիտության մասին և այդ նյութի մեջ օգտագործել էր «all correct» բառակապակցությունը, որտեղ «all» բառն, ինչպես գիտեք, անգլերեն այբուբենի առաջին տառով է սկսվում։ Սակայն կատակասեր հեղինակը «օ»-ով էր գրել այդ բառը, հետո էլ այդ «all correct»-ը կրճատել էր, դարձրել էր երկու տառ և առաջացել էր հանրահայտ OK–ը, որն այնքան էր դուր եկել խմբագիրներին, որ շատ կարճ ժամանակահատվածում մյուս թերթերն էլ սկսեցին լայնորեն օգտագործել այդ բառը, վկայում է «Էկոնոմիստ» բրիտանական հանդեսը։

Ահավոր դավաճա՞ն, թե՞ մեծագույն պետական գործիչ. ինչ գիտենք Միխայիլ Գորբաչովի մասին

​Հետաքրքիր է, որ OK-ի ծագման այս թերթակատակային վարկածը միայն 1960 թվականին բացահայտեց և հիմնավորեց հայտնի մասնագետ Ալեն Ռիդը, թե, համաձայնեք, ինքը՝ բառն էլ առանձնապես հին չէ, բայց քանի որ ըստ ամենատարածված վարկածի, այն սկսեց տարածում ստանալ 1840-ական թվականներին, մի նոր ենթադրություն ծագեց՝ OK-ը հնարել է ԱՄՆ-ի ութերորդ նախագահ Մարտին վան Բյուրենը, որը, բնականաբար, ուզում էր վերընտրվել, և, ծնված լինելով Նյու Յորքի նահանգի Քինդերհուք քաղաքում, իր հիմնական նախընտրական կարգախոսը ձևակերպեց այսպես. «Old Kinderhook is OK», ինչը կարելի է մոտավորապես այսպես թարգմանել.

«Բնիկ քինդերհուքցին հենց նա է, ում ընտրությունների ժամանակ պետք է ասել օքեյ»։

Ճիշտ է, այս դեպքում մասնագետների գերակշիռ մասը համակարծիք է՝ Մարտին վան Բյուրենը ոչ թե հնարեց այդ բառը, այլ պարզապես օգտագործեց եղածը և հանրայնացրեց այն։  

Հանուն նախագահ դառնալու կբաժանվեի՞ք ամուսնուց, կամ տնից մեկը պիտի զբաղվի քաղաքականությամբ

​Միանգամից ասեմ, որ այդ կարգախոսի OK–ն ամենևին չօգնեց վան Բյուրենին։ Նա չվերընտրվեց։ Ավելին, նրա մրցակիցը՝ Ուիլյամ Հենրի Հարիսոնը, շատ լավ օգտագործեց նույն OK-ը հենց վան Բյուրենի դեմ՝ լուրեր տարածելով, թե վան Բյուրենի հոգեհայր համարվող նախկին նախագահ Էնդրյու Ջեքսոնը, որը Դեմոկրատական կուսակցության հիմնադիրներից մեկն է, այնքան անգրագետ էր, որ իսկի «all correct» բառակապակցությունը չէր կարողանում առանց տառասխալների գրել, դրա համար էլ իրեն ներկայացրած փաստաթղթերի տակ պարզապես գրում էր OK։ Որոշ մարդիկ սրան հավատացին։ Համաձայնեք` մինչև հիմա էլ շատերը սիրում են վատ բաներ լսել կամ կարդալ հայտնի մարդկանց մասին։ Ակնհայտորեն զգացվում է, որ դա նրանց գերագույն հաճույք է պատճառում։

«Կորոնավիրուսը ո՞ւմ շունն է». ինչու մեկ տարի անց էլ չեն գտել պայքարի արդյունավետ ձևերը

​Կան նաև այդ OK–ի ծագման բազմաթիվ այլ վարկածներ։ Օրինակ, երբ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հակահիտլերյան կոալիցիան ներկայացնող ռազմական օդաչուները վերադառնում էին իրենց ռազմակայանը և կորուստներ չէին ունենում, նախապես հաղորդում էին՝ «0 killed», այսինքն, փառք Աստծո, զոհեր չունենք։ Այդ զրոն ի վերջո դարձավ պարզապես «օ», «killed» բառի առաջին տառն էլ միացվեց այդ «օ»-ին ու ստացվեց հայտնի OK–ը, որը տվյալ դեպքում հենց այն էր, ինչ ամենից հաճախ արտահայտում է «օքեյ» բառը՝ ամեն ինչ կարգին է։​

Գիտեք, իհարկե, որ «ամեն ինչ կարգին է» միտքը կարելի է նաև ձեռքով արտահայտել՝ ցուցամատի ու բութ մատի ծայրերը միմյանց եք միացնում, ստանում եք «օ», մնացած մատներն էլ հնարավորինս ուղղահայաց եք պահում, դա էլ «քեյ»-ն է։ Միայն թե զգուշացնեմ՝ Բրազիլիայում հանկարծ չփորձեք նման բան անել, այնտեղ դա բոլորովին այլ բան է նշանակում, իսկ թե ինչ՝ հանրագիտարաններում գտեք ինքներդ։ Օքե՞յ։

Ժպտացեք անծանոթներին ու երջանիկ կլինեք, կամ հայուհիները չե՞ն տարբերվում մյուսներից