Աղմկահարույց պատմություն. ինչպես է բեռը ՌԴ–ից ուղարկվել ՀՀ, և ինչ կապ ունի Հայկ Սարգսյանը

Պատերազմի օրերին ՌԴ–ից ուղարկված և արցախահայության համար նախատեսված մարդասիրական օգնության շուրջ ծավալված սկանդալը գնալով նոր թափ է առնում: Մաքսային կցորդ Արամ Թանանյանը Sputnik Արմենիային պատմեց` ինչպես են բեռները հատել մաքսակետը, և ինչ կապ ունի «Իմ քայլի» պատգամավորը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik, Լաուրա Սարգսյան. Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Արամ Թանանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ արցախյան պատերազմի օրերին ինքն է «Հայեր միացեք» ռուսական նախաձեռնությանը փոխանցել ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի տվյալները, որպեսզի կապ հաստատեն պատգամավորի հետ և նրա օգնությամբ մարդասիրական բեռ ուղարկեն Հայաստան։

Չինաստանը տեղյակ է Արցախի մարդասիրական բնույթի խնդիրներից. Ֆան Յունը` Միրզոյանին

Նշենք, որ պատերազմի ժամանակ «Հայեր, միացեք» նախաձեռնությունը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան խորհրդով մարդասիրական բեռ է ուղարկել «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի անունով, սակայն ստացականներ չի ստացել: Երեկ կայացած ասուլիսի ընթացքում նախաձեռնության ներկայացուցիչ Բադալ Պարյանը պարզաբանում է պահանջել Արամ Թանանյանից, թե ինչու է բեռն ուղարկվել հենց Հայկ Սարգսյանի անունով: Նա նաև պահանջել էր, որ իշխանությունները հաշվետվություն ներկայացնեն, թե որքան սաղավարտ, զրահաբաճկոն, գիշերային տեսողության սարքեր և ռադիոսարքեր է ստացել Հայաստանը:

Թանանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ պատերազմի օրերին մաքսատունն իրականացրել է Ռուսաստանից Հայաստան ուղարկված մարդասիրական բեռը գրանցելու և ձևակերպելու իր բոլոր պարտավորությունները։ Բացի այդ, ամեն ինչ հատ–հատ գրանցվել է և ուղարկվել հասցեատիրոջը:

Այլ հարց է, թե ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց անունով ուղարկվել է բեռը, ինչպես են բաշխել դրանք։

«Մարտական գործողությունների ամենասկզբից Ռուսաստանում գտնվող հայերը, եկեղեցին, առանձին գործարարներ կենտրոնացրել էին իրենց ուժերը: Ինձ սկսեցին զանգել և հարցնել` ինչպես և ինչով օգնեն մեր երկրին», - պատմեց Թանանյանը:

Նրա խոսքով՝ ինքը միացավ գործընթացին: Որոշվեց ուղարկվող մարդասիրական օգնությունը գրանցել ֆիզիկական անձանց անունով, քանի որ իրավաբանական անձանց, կազմակերպությունների դեպքում նրանք ստիպված կլինեին բեռի ծավալի 20%-ի չափով ԱԱՀ վճարել: Իսկ ֆիզիկական անձանց դեպքում կարգավորման այլ կանոններ էին կիրառվում, քանի որ նրանք կարող էին դիմել կառավարությանը, տվյալներ ներկայացնել, որ բեռը մարդասիրական է, և դրանից հետո կազատվեին վճարներից:

Հայաստանում ՌԴ դեսպանատունը պարզաբանել է` ինչու են փոխել «Խանքենդիի» հիշատակմամբ տեքստը

Երբ բեռներն ուղարկում էին կոնկրետ ֆիզիկական անձանց անուններով, նույն անունների կրկնությունը հարցեր ծնեց ռուսական մաքսատանը` արդյոք այդ մարդիկ հուսալի՞ են: Արդյունքում որոշվեց ներգրավել լրացուցիչ անձանց, որոնք քիչ թե շատ հայտնի էին: Եվ «ցանկում» հայտնվեցին նոր ազգանուններ, այդ թվում` պատգամավոր Հայկ Սարգսյանի անունը:

Թանանյանի խոսքով` ինքը շատ է ուրախացել, որ հնարավոր է դարձել նաև ԱԺ պատգամավորի անունով բեռ ուղարկել: Սարգսյանի անունը փոխանցել է բոլոր նրանց, ովքեր չեն իմացել` ում ուղարկեն բեռը: Վերջիններս սկսել են բեռները ձևակերպել պատգամավորի անունով:

«Երբ որոշվեց ԱԱՀ-ից ազատել նաև մարդասիրական օգնություն ստացող կազմակերպություններին, որպես հասցեատեր սկսեցին նշել նաև իրավաբանական անձանց», - ասաց Թանանյանը:

Այդ ժամանակ խրախուսվում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին դրամական միջոցների փոխանցումը, քանի որ դա թույլ կտար ավելի արդյունավետ օգտագործել ֆինանսական ռեսուրսներն ու բացառել ավելորդ ծախսերը:

Թանանյանը նշեց, որ իր մոտ կասկած չի առաջացել, թե որևէ մեկը կարող է բեռը տեղ չհասցնել: Մաքսատանը, ինչպես Ռուսաստանից դուրս գալիս, այնպես էլ Հայաստան մուտք գործելիս, բեռները, հստակ գրանցվել են: Ըստ նրա` խորհուրդ էր տրվում բեռներն ուղարկել ԱԻՆ-ի, առողջապահության նախարարության, իսկ որոշ դեպքերում` նաև ՊՆ-ի հասցեներին:

Ինչո՞ւ է Ֆրանսիայից ուղարկված օգնությունը մնացել պահեստում. ՊԵԿ-ը պարզաբանում է

«Հետևաբար մենք չէինք կարող դրանք վերաձևակերպել այլ հասցեատերերի վրա», - ասաց Թանանյանը:

Նա նշեց, որ բեռներն ուղարկվում էին շուրջօրյա ռեժիմով և որպես մարդասիրական օգնություն՝ արտահերթ: Քանի որ մարդասիրական բեռները ձևավորվում էին տարբեր աղբյուրներից, դրանց իրական գնահատումը լրացուցիչ ժամանակ էր պահանջում, ինչը պատերազմի օրերին չկար: Այդ պատճառով դրանք գրանցվում էին ոչ թե հաշիվ-ապրանքագրերի տեսքով, այլ ձևաթղթերի՝ խորհրդանշական գումարների նշմամբ: Դա արվում էր նաև ձևակերպման ժամանակ մաքսավճարների նվազեցման համար:

Ինչպես ընդգծեց Թանանյանը, բեռ բերած յուրաքանչյուր մեքենայի հարցն առանձին հստակեցվել է մաքսային ծառայության հետ, և բացի համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց, նաև կոնկրետ պարզաբանումներ են տրվել բեռների մասին:

Թանանյանը նշեց, որ բոլոր տվյալները ստացել է ուղարկողներից` բեռը ձևակերպելու փուլում: Ուղարկողները հետևել են` ինչպես է իրենց բեռը ուղարկման կետից հասել ստացողին: Այդ պատճառով էլ Թանանյանին զարմացնում են այն խոսակցությունները, թե որոշ բեռներ կարող էին հասցեատիրոջը չհասնել:

Հիշեցնենք` ավելի վաղ տելեգրամյան ալիքներից մեկը տեղեկություն էր տարածել, որ Հայկ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հակոբ Արշակյանը և Էդուարդ Աղաջանյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով գնումներ են կատարել շուկայականից մի քանի անգամ թանկ գներով։ Փետրվարի 28-ին Հայկ Սարգսյանը Facebook-ի իր էջում ծավալուն գրառում արեց` վստահեցնելով, որ այդ տեղեկությունը ստոր կեղծիք է։

Զախարովան խորհուրդ է տվել գերիների թվի հարցով դիմել ոչ թե իրեն, այլ Երևանին և Բաքվին

Նա հայտարարեց, որ նման հոդվածները իրականության հետ որևէ աղերս չունեն, պարունակում են կեղծ մեղադրանքներ և վնաս են հասցնում ոչ միայն իր հեղինակությանը, այլև ամբողջ երկրի, որովհետև հաջորդ անգամ, եթե նորից սփյուռքի օգնության կարիքը լինի, մարդիկ այլևս բեռներ չեն ուղարկի՝մտածելով, որ դրանք յուրացվում են և նպատակին չեն ծառայում։

Նա պատմել էր, թե ինչ է եղել իրականում։ Սարգսյանի խոսքով ՝ պատերազմի օրերին իր հետ կապ է հաստատել Վիտալի անունով մի երիտասարդ և ասել, որ ընկերներով ցանկանում են որպես օգնություն ապրանքներ ուղարկել ՀՀ, բայց այնպես, որ ազատվեն հարկերից։ Խնդրել է օգնել այդ գործընթացը կազմակերպել և համաձայնություն տալ, որ բեռն ուղարկեն պատգամավորի անունով։ Սարգսյանը ուղարկել է իր անձնագրի տվյալները։ Բեռը նրա անունով ուղարկել են Հայաստան։ Սարգսյանը կապ է հաստատել ՊԵԿ աշխատակիցների հետ, մաքսային մարմինները ամբողջ բեռը սահմանված ընթացակարգով ձևակերպել են և հանձնել արտակարգ իրավիճակների նախարարությանը։ Սարգսյանի հավաստմամբ` բեռի տնօրինումը և բաշխումը իրականացրել է ԱԻՆ-ը, և ինքը որևէ կապ չի ունեցել բեռի տնօրինման հետ։

Պատգամավորը նաև նշել է, որ այդ դեպքից անցել է շուրջ 4 ամիս, և որևէ մեկն իրեն դժգոհություն չի հայտնել, հակառակը` բեռ ուղարկող Վիտալին բազմիցս շնորհակալություն է հայտնել իրեն օգնելու համար։