Ինչո՞ւ եղավ «թավշյա հեղափոխությունը». պատասխանում է Ռոբերտ Քոչարյանը

ՀՀ երկրորդ նախագահը կարծում է, որ ՀՀԿ-ն կառավարման հարցում սխալներ թույլ է տվել, սակայն «թավշյա հեղափոխությունն» առաջին հերթին պայմանավորված է եղել այլ գործոններով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համագործակցության մասին առանձին բանակցություններ չեն եղել։ Այս մասին այսօր ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին:

Ռոբերտ Քոչարյանը հայտնել է, որ ՀՀԿ-ն մասնակցում է բողոքի ակցիաներին, ընդդիմադիր շարժման մի մասն է, որին ինքն էլ աջակցում է: Այլ ձևաչափով համագործակցության քննարկումներ չեն եղել։

«Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն». Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

«Առայժմ մենք նման քննարկումներ չենք ունեցել։ Բոլոր կուսակցությունների հետ այդպիսի քննարկումներից զերծ եմ մնում, որպեսզի չընկալվի որպես զուգահեռ գործընթաց»,-նշեց Քոչարյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին հնչած մեղադրանքներին, թե նա Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու մեղավորներից մեկն է՝ Քոչարյանը ձեռնպահ մնաց գնահատականներից։

«Մենք միշտ փորձում ենք մեղավորներ փնտրել։ Ինձ համար 2018-ի իրադարձություններն անհասկանալի են։ Չէի  կարծում, որ մեր ժողովրդին հնարավոր է այդպես մանիպուլացնել։ Որ տեխնոլոգիաների կիրառումը կարող է այդքան արդյունավետ ազդել հայ հասարակության վրա»,-ասաց Քոչարյանը։

Մյուս կողմից, նրա խոսքով, ինքը քննադատել է ՀՀԿ-ն այն ժամանակ, երբ այն իշխող կուսակցությունն էր։

Գեներալներն իրենց շատ զուսպ են պահում. Ռոբերտ Քոչարյան

«Կային խնդիրներ, որոնք հանգեցրին այդ գործընթացներին։ Բայց այստեղ ակնհայտ էր նաև տեխնոլոգիաների կիրառումը, աշխարհաքաղաքական բաղկացուցչի առկայությունը, արտաքին, ոչ հայկական ուժերի ակտիվ միջամտությունը»,-նշեց Քոչարյանը։

Հիշեցնենք նաև, որ 2015 թ.-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքով Հայաստանը 2016թ.–ի ապրիլի 9-ին կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարեց խորհրդարանականի: 2008թ.–ից ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը 2018–ի ապրիլի 17–ին ընտրվեց վարչապետ։ Դրան հաջորդեցին արդեն «թավշյա հեղափոխության» հայտնի իրադարձությունները։