Փաշինյանի հրաժարականը պահանջողները մտան Կենտրոնի թաղապետարան

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները շրջեցին թաղապետարանի շենքով` կոչ անելով մասնակցել Հայրենիքի փրկության շարժման երթին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները մտան Կենտրոն վարչական շրջանի թաղապետարան։

«Օնիկ Գասպարյանի վերաբերյալ նախապայմանն անընդունելի է մեզ համար»․ Ռուբինյան

Նշենք, որ Փաշինյանի հրաժարականը պահանջողներն իրազեկման ակցիա են իրականացնում` հայտնելով, որ այսօր` ժամը 18։00-ին, Հայրենիքի փրկման շարժումը բողոքի երթ է իրականացնելու Բաղրամյան պողոտայից։

Նրանք շրջեցին թաղապետարանի շենքով` կոչ անելով մասնակցել երթին։

Իրազեկման ակցիա անողները հայտնեցին` իրենք տեղեկություն ունեն, որ թաղապետարանի աշխատակիցների նկատմամբ վարչական լծակ է կիրառվում, որպեսզի մասնակցեն Նիկոլ Փաշինյանի` այսօրվա երթին, որը նախատեսված է 18։30։

Իրազեկման ակցիայից հետո նրանք դուրս եկան թաղապետարանի շենքից և ուղղվեցին դեպի Բաղրամյան պողոտա։

Նշենք, որ վարչական շրջանի ղեկավարն ու տեղակալը տեղում չէին։

Միաժամանակ վարչապետի հրաժարականը պահանջող Հայրենիքի փրկության շարժումն այսօր` ժամը 18։00-ին,  հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում` Ազգային ժողովի շենքի դիմաց։

ՀՅԴ-ականները մտել են կառավարության 3-րդ մասնաշենք և 10–րոպեանոց ակցիա արել

Հիշեցնենք նաև` հայաստանյան ներքաղաքաղական իրավիճակն ավելի սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։ Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փետրվարի 27-ի երեկոյան ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձրել է ՀՀ վարչապետին:

Դրան հետևեց վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ ՀՀ նախագահի որոշումն ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է ՀՀ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի։

Փետրվարի 27-ին Փաշինյանը հայտարարեց, որ մարտի 1-ին հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում։ Նա բոլորին հորդորել է մասնակցել հանրահավաքին ու երթին։