Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է տարածել` հայտնելով, որ «Քարվաճառի արծիվները»` մարդիկ, որոնք կյանքի գնով կռիվ են տվել Քարվաճառի համար, այժմ էլ կանգնած են նոր դիրքերում։ ՊՆ ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ժամկետային զինծառայող Սևակ Նիկոյանն ասում է, որ հիմա ավելի զգոն են։
«Պատերազմից հետո մենք ավելի ոգեշնչված ենք ծառայում, որ ավելի շատ բարդություններ տեղի չունենան։ Եթե պետք լինի, էլի բոլորն իրենց խնդիրը կկատարեն»,–ասում է Նիկոյանը, որը Քարվաճառի մարտերին մասնակցած լավագույն զինվորներից է։
Նա պատմում է, որ պատերազմի օրերին թշնամին բազմաթիվ փորձեր է ձեռնարկել իրենց հենակետը գրավելու համար, սակայն կյանքի գնով պահել են դիրքը։
Վաշտի հրամանատար Մամիկոն Թադևոսյանն էլ վստահեցնում է` ամենակարևորն այն է, որ զինվորները չեն ընկճվում։ «Էլի բարձր ոգով կատարում ենք մարտական ծառայությունը»,–ասում է նա։
Այս նոր հենակետը դեռ ամբողջովին պատրաստ չէ` դիրքում դեռ ինժեներական աշխատանքներ են ընթանում։