Կառավարությունը 470 մլն դրամ հատկացրեց Շուռնուխում տների կառուցման համար

Շուռնուխում բնակելի թաղամասի շինարարական աշխատանքներում կընդգրկվեն մարզի բնակիչներն ու կազմակերպությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի - Sputnik. Կառավարության որոշմամբ` պահուստային ֆոնդից քաղաքաշինության նախարարությանը 470 մլն դրամ հատկացվեց` Շուռնուխում բնակելի թաղամաս կառուցելու նպատակով։ Նման որոշում կայացվեց այսօր` կառավարության նիստի ժամանակ։

«Կուճի խրճիթում նստած սպասում ենք` երբ պիտի արևը շողա». Շուռնուխի բնակիչ

Պատերազմական գործողություններից հետո սահմանազատման աշխատանքների ժամանակ Շուռնուխի 13 տների բնակիչներ զրկվել է տնից։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը հայտնեց` փետրվարի սկզբից արդեն իսկ մեկնարկել են նոր թաղամասի ճանապարհային ցանցի հողային աշխատանքները։ Առաջիկայում շատ արագ պետք է սկսվեն նաև 13 բնակելի տների շինարարական աշխատանքները։

«Յուրաքանչյուր տան հետ զուգահեռ կիրականացվեն անասնագոմերի և ցանկապատերի կառուցման աշխատանքներ։ Դրանք կազմակերպված են այնպիսի հաշվարկով, որ մինչև տարեվերջ ավարտենք բնակելի տների կառուցման և բնակեցման գործընթացները»,–ասաց նա։

Ղուլարյանի խոսքով` ծրագիրը նախատեսվում է ավարտել 3 տարվա ընթացքում` առաջին փուլում նախատեսված է կառուցել 13 տուն և ճանապարհները` առանց ասֆալտապատման։

Երկրորդ փուլով բոլոր ենթակառուցվածքները կկառուցվեն, իսկ երրորդ փուլով գուցե անհրաժեշտություն լինի հասարակական և արտադրական նշանակության որոշ կառույցների շինարարության հարցեր առաջ քաշել։ Առաջին երկու փուլերի համար անհրաժեշտ կլինի 700 մլն դրամ։ Ղուլարյանը նշեց`շինարարական աշխատանքներին պետք է ընդգրկեն մարզի բնակիչներին և կազմակերպություններին։

Շուռնուխի ու Որոտանի տուն կորցրած բնակիչները վեց ամիս կստանան 68 հազարական դրամ

Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը հայտնեց` տարածքների կրճատման հետևանքով այս պահին Սյունիքի բնակիչները անասնապահության առումով խնդիրներ ունեն, հատկապես Որոտան համայնքում։

Հիշեցնենք, որ տներից զրկված քաղաքացիներին հատկացվում է նաև 300 հազար դրամ միանվագ և 68 հազարական դրամ (6 ամսվա ընթացքում) աջակցություն։