ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. ԻԻՀ Հյուսիսային Խորասան նահանգի առևտրի պալատի նախագահ Սայիդ Փուր Աբադիին և նահանգի մի շարք գործարարներ հետաքրքվել են Հայաստանում ներդրումներ իրականացնելու և տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություններով։ Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ նրանց ընդունել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը։
Դեսպան Թումանյանը զրուցակիցներին է ներկայացրել Հայաստանի գործարար միջավայրի վիճակը և տնտեսության առանձնահատկությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին կազմակերպել Հյուսիային Խորասան նահանգի առևտրի պալատի և գործարար շրջանակների ներկայացուցիչների այցը Հայաստան:
Հիշեցնենք` ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 22-26-ը այցելել էր Իրան: Այցից հետո նախարարը հայտարարեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա 6 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառությունը ներկայիս 400 միլիոն դոլարից հասցնել 1 միլիարդ դոլարի: Այսինքն` ավելացնել 2.5 անգամ։
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում թերահավատություն էր հայտնել՝ նշելով, որ որպեսզի Հայաստանում Իրանից ապրանքների ներմուծումը կտրուկ աճի, դրանց նկատմամբ նախ պետք է ավելանա պահանջարկը, սակայն երկրի տնտեսությունն այժմ այն վիճակում չէ, որ հնարավոր լինի նման արդյունքի հասնել: