Բյուջեի աճ կամ աղետ. ինչի կարող է հանգեցնել բուժծառայությունների համար ԱԱՀ սահմանելը

Ֆինանսների նախարարությունում քննարկվում է ԱԱՀ-ից ազատված ոլորտների ցանկից կրթությունն ու առողջապահությունը բացառելու հարցը: Sputnik Արմենիայի թղթակիցը փորձել է պարզել, թե այդ բարեփոխումն ինչպես կազդի բուժսպասարկման համակարգի վրա։
Sputnik

Առողջապահության ոլորտում ԱԱՀ-ի մասով գործող արտոնության վերացումը աղետալի հետևանքներ կունենա։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը։

Տվեք հինը, ստացեք նորը. կառավարությունը դարձյալ փորձում է խթանել ավտոմեքենաների վաճառքը

Հայաստանի փորձագիտական շրջանակներում և սոցիալական ցանցերում շարունակվում են հասարակության կյանքում երկու կարևորագույն ոլորտներում նախատեսվող բարեփոխումների ակտիվ քննարկումները։ Դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր հարկային քաղաքականության բացթողումների վերացմանն ուղղված միջոցառումների հաստատման մասին։ Մասնավորապես՝ նա առաջարկել էր չեղարկել առողջապահության ու կրթության` ԱԱՀ-ի մասով գործող արտոնությունները՝ բյուջեի մուտքերն ավելացնելու նպատակով։

Այլ կերպ ասած՝ եթե բժշկական ծառայությունների և կրթության համար քաղաքացիների վճարումները մինչև հիմա ԱԱՀ-ով չեն հարկվել այդ ոլորտներում գների աճը զսպելու համար, ապա այդ որոշման իրագործումից հետո 20 տոկոս թանկացում կարձանագրվի։ Փաշինյանը գալիք թանկացումները հիմնավորում է նրանով, որ անվճար ծառայությունների ծավալն ավելացվելու է հարկային մուտքերի ավելացումից ստացված լրացուցիչ միջոցների հաշվին։

Հարկադիր տնտեսում

Ասատրյանի խոսքով՝ նման փոփոխությունը կարող է մի շարք բացասական հետևանքներ ունենալ։ Առաջին հերթին կարող են աճել կոռուպցիոն ռիսկերը։ Մյուս կողմից բարեփոխումը կարող է հարվածել մատուցվող ծառայությունների որակին։

Օրինակ՝ հիվանդանոցի ղեկավարությունը կարող է պահպանել բուժքույրերի և սանիտարների աշխատավարձը, բայց կրճատել անձնակազմի թիվը։

Տնտեսվարողների դժգոհությունները տեղ կհասնեն. օրենքում նոր փոփոխություններ կլինեն

«Շահույթը պահպանելու համար հիվանդանոցները ստիպված կլինեն գումար խնայելու քայլերի դիմել։ Այսպես կարող է կրճատվել բուժանձնակազմի թիվը, կամ էլ հիվանդանոցը ստիպված կլինի խնայել, օրինակ, ջեռուցման վրա», - ասում է նա։

Ինչ վերաբերում է պետպատվերի շրջանակում ծառայությունների ընդլայնմանը, ապա, Ասատրյանի կարծիքով, դա, իհարկե, լավ առաջարկ է, բայց միայն համապատասխան ֆինանսավորման դեպքում։

Բանն այն է, որ պետության սահմանած բժշկական ծառայությունների գները զգալիորեն ցածր են մասնավոր կլինիկաների գներից։ «Աստղիկ» բժշկական կենտրոնում պետպատվերի շրջանակում մատուցվող ծառայությունները կազմում են մոտ 40 տոկոս։

Բուժհաստատության տնօրենը կարծում է, որ անվճար ծառայությունների ծավալի ավելացումը կարող է ազդել վճարովի ոլորտի վրա, մասնավորապես՝ վճարովի ծառայությունների արժեքը կարող է աճել 30-40 տոկոսով: Դա իր հերթին կարող է հանգեցնել նրան, որ հիվանդները ձգձգեն բժիշկին այցելելն ու միայն հիվանդության ուշ շրջանում օգնության դիմեն։

Ներդրումների համար ոչ շահավետ ոլորտ

Մյուս կողմից, առողջապահության ոլորտի այսօրվա ցուցանիշներն արդեն իսկ այնքան էլ բարենպաստ չեն ներդրումների տեսանկյունից, իսկ ԱԱՀ–ից հետո դրանք կարող են կտրուկ նվազել։ Այդպիսով հարվածի տակ կհայտնվեն ինչպես անմիջականորեն հիվանդները (եթե նվազի բուժծառայությունների որակը), այնպես էլ համակարգն ընդհանրապես։

«Հիվանդանոցների համար ավելի դժվար կլինի նոր սարքավորումներ ձեռք բերել ու ընդհանուր առմամբ զարգանալ։ Համակարգը պարզապես ճնշված կլինի։ Բյուջեի համար էլ այդ բարեփոխումը կարող է միայն ժամանակավոր էֆեկտ ունենալ», - ասում է Ասատրյանը։

Շատ գործարարներ են դիմել. կանեփ աճեցնելու հեռանկարը Հայաստանում ոգևորություն է առաջացրել

Դրա փոխարեն մասնագետն առաջարկում է հանել եկամտահարկը, որով հարկվում են մասնավոր բուժհաստատությունները։

«Պետությունը կարող էր գործարք կնքել առաջատար մասնավոր հիվանդանոցների հետ՝ հինգ տարի ժամկետով զարգացման ծրագիր։ Պատկերացրեք, որ եկամտահարկը հանելու հաշվին բժշկական կենտրոնը, ասենք, մեկ միլիոն դոլար է տնտեսում։ Այն իր հերթին ևս մեկ միլիոն դոլար է հատկացնում ու այդ գումարն օգտագործում է հաստատության զարգացման համար», - ավելացնում է նա։

Միաժամանակ, Ասատրյանը նշում է, որ նման որոշումները կարող են բժշկական ոլորտի դինամիկ զարգացման հանգեցնել:

Հակառակ էֆեկտ

Առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ծառայությունների գնի ավելացումը դեռ չի նշանակում, թե ընդհանուր բյուջեն ևս կավելանա, քանի որ ցանկացած թանկացում նախ հանգեցնում է պահանջարկի կրճատման։

Նա համոզված է, որ կառավարության ծրագրած թանկացումը չի հանգեցնի խոստացված արդյունքի։ Դրանից չեն շահի ո՛չ պետությունը, ո՛չ բուժհաստատությունները, ո՛չ էլ առավել ևս այն քաղաքացիները, որոնք ստիպված կլինեն հետաձգել բուժումը միջոցների պակասի պատճառով:

Ինչպես է ստացվել, որ Երևանում բնակարաններն ավելի քիչ են վաճառվել, բայց դրանց գներն աճել են

Փորձագետը միաժամանակ չբացառեց, որ բուժհիմնարկներն էլ իրենց կողմից են դիմելու ծառայությունների որակի հաշվին գինը ցածր պահելու միջոցին` այցելուներին չկորցնելու համար։

Առողջապահության ոլորտում ԱԱՀ–ի կիրառման առնվազն մեկ վատ օրինակ Հայաստանն արդեն ունի. 2001թ–ին, երբ դեղորայքի շուկան որոշվեց զրկել ԱԱՀ–ի արտոնությունից, այն ժամանակվա իշխանության արդարացումը ևս հավելյալ գումարներն առողջապահության համակարգին ուղղելն էր։

Բայց դեղերի վրա ԱԱՀ կիրառելուց շատ չանցած, ըստ փորձագիտական գնահատականների, դեղորայքի շուկայի 2/3-ն անցավ ստվերային շրջանառության։ Այլ կերպ ասած` ստվերի հետևանքով բյուջեն շատ ավելի տուժեց, քան պետք է շահեր հարկերի բարձրացման արդյունքում։ Փոխարենը դարձյալ տուժեց շարքային քաղաքացին, որի համար դեղերի գները մեկ օրում բարձրացան 20 տոկոսով։

Էսթետիկ բժշկություն

Որոշ պաշտոնյաներ առաջարկում են ԱԱՀ գանձել ոչ թե բոլոր բուժծառայություններից, այլ միայն նրանցից, որոնք անմիջականորեն կապված չեն մարդու առողջության պահպանման և նրա կյանքի փրկության հետ (օրինակ՝ քթի և շուրթերի պլաստիկ վիրահատությունները)։

Այնուամենայնիվ, պլաստիկ վիրահատությունները և կյանքի փրկության համար ոչ անհրաժեշտ այլ ընթացակարգերը երկրում մատուցվող բոլոր առողջապահական ծառայությունների ցուցակի միայն փոքր տոկոսն են կազմում: Այսպիսով, հարկումը տվյալ դեպքում դժվար թե օգնի լուծել պետբյուջեի համալրման հետ կապված խնդիրները։