ՌԱԴԻՈ

Ի՞նչ անել, որ Հայաստանի գյուղական համայնքներն անմարդաբնակ կղզյակների չվերածվեն

Գյուղական համայնքներում ժողովրդագրական խնդիրների և դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին Sputnik Արմենիայի եթերում զրուցել ենք ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանի հետ։
Sputnik
Ի՞նչ անել, որ Հայաստանի գյուղական համայնքներն անմարդաբնակ կղզյակների չվերածվեն

Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2020 թվականին Հայաստանի բոլոր մարզերում ծնունդների թվի զգալի անկում է գրանցվել։

Գյուղական բնակավայրերում այսօր մեկ կնոջը բաժին ընկնող ծնվող երեխաների թիվն ավելի քիչ է, քան քաղաքայիններում։ Սա խոսում է գյուղերում առկա խորը ճգնաժամի մասին, որից օր առաջ պետք է ձերբազատվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը։

 Հատկապես սահմանամերձ բնակավայրերում ժողովրդագրական խնդիրները լրջագույն վտանգներ են պարունակում։ Սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային խնդիրներին գումարվել է նաև անվտանգության հարցը և մարդիկ` ապագայի նկատմամբ հույսը կորցրած, լքում են սեփական բնակավայրերը։

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է 2100 ամուսնություն. Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը

Որպես օրինակ Մարկոսյանը ներկայացնում է Տավուշի մարզի Բարեկամավան և Ոսկեպար համայնքներում տիրող իրավիճակը։ Դրանցից առաջինը գրեթե ամբողջությամբ դատարկ է, երկրորդը` դատարկվելու ճանապարհին է։ Մինչդեռ Բարեկամավանում կարելի է անուշահամ թուզ ու արքայանարինջ, նույնիսկ բանան աճեցնել, եթե կառավարությունը որոշի այստեղ առկա ոռոգման ջրի և տարիներով ձգվող ջեռուցման խնդիրը լուծել։ 

«Գյուղերը դատարկվում են։ Բարեկամավանում մարդ չի մնացել, եթե ջուր չկա, մնացածի մասին խոսելն ավելորդ է։ Գազը տարել հասցրել են գյուղ, բայց տներին չեն բաժանել, քանի տարի է այդ հարցերը չեն լուծում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մարկոսյանը։

Նրա խոսքով` Ոսկեպարում էլ բոլոր երիտասարդները ձգտում են Ռուսաստան մեկնել, ասում են` իրենց ծննդավայրում հետաքրքրություն չկա, կայուն եկամտի աղբյուր չկա։ Պատերազմից հետո էլ Սյունիքն է «միացել» դատարկվող «տավուշյան արշավին». Շուռնուխում, Որոտանում մեծաքանակ անասուններ պահող գյուղացիները Կովսականն (Զանգելան) ու Սանասարը (Կուբաթլու) կորցնելուց հետո զրկվելու են իրենց եկամտի հիմնական աղբյուրից և հիմա ստիպված են կա՛մ արտագաղթել, կա՛մ Հայաստանի մեկ այլ բնակավայր տեղափոխվել։ 

Փաշինյանը կարծում է, որ դեմոգրաֆիական խնդրի լուծումը պետք է անցյալում փնտրել

«Հիմա այդ մարդիկ մտածում են` ինչով պիտի զբաղվեն։ Նրանց գյուղական համայնքներում պահում էր այն, որ իրենք այնտեղ լավ եկամուտ էին ստանում»,- նշեց ժողովրդագրագետը։ 

44-օրյա պատերազմից հետո անասուններին արոտավայրերում ազատ արածացնելու հնարավորությունից զրկված են նաև Գեղարքունիքի մարզի այն բնակավայրերը, որոնք սահմանամերձ են Քարվաճառին։ 

Քանի՞ ծնունդ ու մահ է գրանցվել ՀՀ–ում 2020 թվականին

Հետպատերազմյան Հայաստանի գյուղական համայնքները անմարդաբնակ կղզյակների չվերածելու համար Մարկոսյանն առաջարկում է եկամուտ ստանալու համար նպաստավոր պայմաններ ստեղծել, ծնելիությունը խրախուսող արտոնություններ սահմանել։ Օրինակ` լիզինգային ծրագրերի միջոցով գյուղատնտեսական տեխնիկայի մայր գումարի որոշ մասը փոխհատուցել, հարկային արտոնություններ սահմանել կամ արևային պանելներ տրամադրել։

«Պետք է այնպես անել, որ մարդուն գյուղում մնալը ձեռք տա, մարդը հավելյալ եկամուտ ստանա։ Նաև միջավայրը պետք է փոխել, մանկապարտեզներում և դպրոցներում  կրթության որակը բարելավել, նոր մշակութային կենտրոններ ստեղծել, որպեսզի ծնողը ձգտի մնալ գյուղում, բայց այսօր մեր գյուղը մեռնում է»,- հավելեց  ժողովրդագրագետը։

Նշենք, որ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2020 թվականին ծնունդների թիվը Հայաստանի առանձին մարզերում նվազել է 15-20 %ով։ Արարատի մարզում ծնունդների բացարձակ թվի անկումը կազմել է 20.5 %, Արմավիրում` 19.5 %, Վայոց Ձորում` 14%, Տավուշում` 11%, Արագածոտնի մարզում` 8.5%, Կոտայքում` 9.1%։