Հաջողությունը սպասվածից մեծ էր. Երևանի 66 կետում կա աղբի տեսակավորման հնարավորություն

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ–ի թափոնների տեսակավորման վարչության պետ Հայկ Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Երևանի տարբեր հատվածներում գունավոր աղբամաններ զետեղելու նախաձեռնության մասին։
Sputnik

Հայկ Հովհաննիսյանի դիտարկմամբ` ակնկալվող հաջողությունը սպասվածից ավելի շատ էր, որովհետև մայրաքաղաքի արդեն իսկ 66 կետերում կա աղբի տեսակավորման հնարավորություն։ Ըստ նրա` ծրագիրն իրականում պետք է սկսվեր դեռ նախորդ տարվա հոկտեմբերից, քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից հարցը դրվել էր հստակ, բայց պատերազմի պատճառով մեկնարկը հետաձգվեց։ 

Կապույտում` պլաստիկ, դեղինում` թուղթ. Երևանում ինչպես է պետք այսուհետ տեսակավորել աղբը

«Նախ պետք է գործընթացը սկսվեր վարչական շրջաններից երկուսում, որպեսզի հասկանայինք լոգիստիկ խնդիրները, բայցևայնպես դեկտեմբերի սկզբից մեկնարկեց աղբամանների տեղադրման փուլը, և այս պահին նման աղբամաններ կան արդեն վարչական ութ շրջանում։ Մնացած շրջաններում բնակիչներին աղբի տեսակավորման հնարավորություն կընձեռվի փետրվարի երկրորդ կեսից։ Ծրագրով նախատեսված է յուրաքանչյուր շրջանում, ելնելով բնակչության խտությունից, ունենալ առնվազն 10-20 տեսակավորման աղբաման»,– նշեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով`2017-18 թվականներից մի քանի ՀԿ–ներ բավականին մեծ աշխատանք են իրականացրել աղբի տեսակավորման հարցում մարդկանց իրազեկելու ուղղությամբ և հանրության մեջ ձևավորվել են այն օղակները, այսպես կոչված էկոհամայնքի ներկայացուցիչները, որոնք իրենց փորձը փոխանցում են համաքաղաքացիներին` համագործակցելով ՀԿ–ների հետ։