«Ժամանակն է անցնել տեղական արտադրանքի»․ հայկական գուլպաներ՝ անկար տեխնոլոգիայով

Արտադրամասն աշխատում է 2020-ի նոյեմբերից։ Ձեռնարկատերերը չեն վախեցել մեկ միլիոն դոլար ներդրում անել Հայաստանի համար ոչ բարենպաստ այս պայմաններում։
Sputnik

Յոթ տարի առաջվա գաղափարը վերջապես իրականություն է դարձրել. սկսվել հայկական գուլպաների արտադրությունը։ ՀՀ կառավարության նկարահանված հերթական տեսանյութը Մերի Սուքիասյանի և իր հիմնադրած Gulpa ընկերության մասին է։

«Սկսել ենք հայկական պատկերներով շապիկների արտադրությամբ, ապա անցել կոստյումների և այլ տեքստիլի։ Ու հետո գաղափար առաջացավ ստեղծել հայկական արտադրության գուլպաներ», - պատմում է Սուքիասյանը։

Երբ գործ չկա, մարդիկ ամեն ինչի պատրա՞ստ են. Վանաձորում նոր արտադրամաս է բացվել, բայց...

Գուլպաների արտադրամասը աշխատում է 2020-ի նոյեմբերից։ Ձեռնարկատերերը չեն վախեցել մեկ միլիոն դոլար ներդրում անել Հայաստանի համար ոչ բարենպաստ այս պայմաններում։

«Ժամանակն է միավորվել Made in Armenia տեղական արտադրանքի շուրջ։ Արժե ամեն անգամ ինչ-որ բան գնելիս նայել, թե որտեղ է այն արտադրված ու փոխարինել այն տեղականով, ավելի հզորացնել մեր տնտեսությունը»,- ասում է Սուքիասյանը:

Gulpa-ի գուլպաների առանձնահատկությունն այն է, որ այն պատրաստվում է հատուկ անկար տեխնոլոգիայով, ինչի շնորհիվ հարմարավետ է և պահանջված։ Ընկերությունը պատրաստ է օրական մինչև 5 հազար զույգ գուլպա արտադրել։