Հերթական ակցիան՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով․ տեսանյութ

Ցուցարարները պահանջում են նաև, որ ազատ արձակվի Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը։
Sputnik

Մի քանի տասնյակ մարդիկ այսօր հավաքվել էին Հանրապետության հրապարակում և պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Մարդիկ պահանջում են նաև, որ ազատ արձակվի Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը։ Ցուցարարները նրան համարում են քաղբանտարկյալ։

Բողոքի ակցիաներ, դատական լսումներ, թռիչքներ և ոչ միայն. անցնող շաբաթը` լուսանկարներով

Ոստիկանական ուժերի ուղեկցությամբ ցուցարարները հրապարակից շարժվեցին ԱԱԾ-ի շենքի մոտ, որտեղ պահանջելու են ազատ արձակել Բադասյանին։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, հունվարի 30-ին բավարարելով ԱԱԾ քննիչի միջնորդությունը, Վահան Բադասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը:

Մինչ այդ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանին՝ «Եռաբլուրում» արած հետևյալ հայտարարության համար. «Թշնամուն մենք պետք է վերացնենք: Այո՛, զենքի միջոցով նաև: Այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»։

ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով Բադասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելմանն ուղղված հրապարակային կոչերը):

Հայ առաքելական եկեղեցին շարունակում է պահանջել Փաշինյանի հրաժարականը

Նշենք, որ նոյեմբերի 9–ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 22-ից ընդդիմադիրներն անժամկետ նստացույց են հայտարարել նույն պահանջով՝ վարչապետի հրաժարական: Ընդդիմությունն արդեն ներկայացրել է վարչապետի` իրենց միասնական թեկանծուին` Վազգեն Մանուկյանին։