Սերժ Սարգսյանը պատասխանել է Էդմոն Մարուքյանին

ՀՀ երրորդ նախագահը մերժել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի առաջարկը` նշելով, որ հարցին պատեհ է անդրադառնալ իշխանափոխությունից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը գրավոր պատասխան է ուղարկել Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին` մերժելով փաստահավաք խմբում ընդգրկվելու  առաջարկը։ Սարգսյանի պատասխանը հրապարակել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Facebook–ի իր էջում։

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը հանդիպել են Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ

«Հայաստանի հանրապետական կուսակցությունը մեծապես կարևորում է արցախյան վերջին պատերազմի հանգամանքների օբյեկտիվ և լիարժեք հետաքննություն իրականացնելու կենսական անհրաժեշտությունը ՀՀ–ի և Արցախի Հանրապետության ազգային անվտանգության, ինչպես նաև պատմական արդարության, անկողմնակալ արդարադատության և հայ ժողովրդին պատերազմի մասին ողջ ճշմարտությունը ներկայացնելու տեսանկյունից։ Միաժամանակ արձանագրում ենք, որ գործող վարչակազմի շարունակվող պաշտոնավարման պարագայում անհնար ենք համարում նշված խնդիրների ամբողջական լուծման հնարավորությունը և Ձեր առաջարկած մեխանիզմի արդյունավետությունը։ Ուստի գտնում ենք, որ արցախյան վերջին պատերազմի հանգամանքների օբյեկտիվ և լիարժեք հետաքննության հարցին իր ինստիտուցիոնալ լուծումներով, մեխանիզմներով, ընթացակարգերով պատեհ է անդրադառնալ Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխությունից հետո»,– նշված է Սերժ Սարգսյանի պատասխանում։

Հիշեցնենք ` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը մշակել է արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող փաստահավաք խումբ ստեղծելու մասին նախագիծ: Ըստ այդ նախագծի` փաստահավաք խմբում ներկայացված կլինեն խորհրդարանական վերջին ընտրություններին մասնակցած և առաջին 6 տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը (3 խորհրդարանական ուժ՝ 4-ական ներկայացուցիչներով, 3 արտախորհրդարանական ուժ՝ 1-ական ներկայացուցիչներով), ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Փաստահավաք խումբը ընդհանուր առմամբ կազմված կլինի 16 անդամից։