Վեց հոգուն մեկ լուսանկարում պատկերելը հեշտ գործ չէ։ Մեր լուսանկարիչը` Ասատուրը, մեկ մի հոգուն է «տեղավորում», մեկ` մյուսին։ Ամենակրտսեր նկարահանվողին ասում է.
– Դու էլ գնա պապայի գիրկը։
Երեխան ոչ մի ձևով չի արձագանքում։ Բացատրում են.
– Իր համար «պապա» չի, «հայրիկ» է։
Պատերազմի օրերին մենք սովորել ենք Արծրուն Հովհաննիսյանին էկրաններից տեսնել, իսկ այսօր նրա տանն ենք։ Այս նորակառույց շենքում ընտանիքը ընդամենը երկու տարի է, ինչ բնակվում է։ Մինչ այդ 14 տարի ապրել են մի փայտաշեն տան մեջ։
Արծրունի ընտանիքում վեց հոգի են` ինքը, կինը` Մարիամը, ու չորս երեխաները` 19-ամյա Կլարան, 18-ամյա Սուսաննան, 8-ամյա Արգիշտին ու 3-ամյա Վանուհին։
Պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարությունից ընդամենը չորս օր անց Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրեց.
«Անկախ ամեն ինչից` ապրելու եմ, անկախ ամեն ինչից ապրելու ենք, որպեսզի պատրաստվենք ու հաղթենք։ Ապագայի պլանների մասին դեռ շատ եմ խոսելու։ Առայժմ նշեմ, որ հինգերորդ ու վեցերորդ զավակներ եմ ունենալու։ Հայի զավակները շատ պիտի լինեն»։
40-ամյա Արծրուն ու Մարիամ Հովհաննիսյանների համար պատերազմից հետո բալիկ ծրագրելու ու ունենալու գաղափարը ոչ նոր է, ոչ էլ վերացական։
«2014-ի հուլիս–օգոստոսյան դեպքերն էին (դիվերսիոն մարտեր էին եղել), բոլոր թաղումներին գնում էինք… Հետո 2016-ի ապրիլն էր… Մի օր ահավոր ծանր սրտով եկա տուն, Մարին ասացի` մտքիս դրել եմ, երեխա եմ ուզում։ Փորձում էինք, չէր ստացվում։ 2018-ին ծնվեց էս գժուկը», – ասում է Հովհաննիսյանն ու գրկում խաղացնում Վանուհուն։
Արծրունի կինը Վանուհուն ունեցել է 37 տարեկանում։ Ասում է` հղիությունը հեշտ չի տարել, բայց չնայած դրան` էլի պատրաստ է ու ուզում է զավակներ ունենալ։
«Պատերազմից հետո հատկապես… Մեծերը մեծացել են, օգնում են։ Ես էլ, չնայած մանկաբարձի կրթություն ունեմ, միշտ տանն եմ եղել, երեխեքի հետ», – ասում է նա։
Արծրունն ու Մարիամը ծանոթացել են վերջինիս մորաքրոջ տղայի միջոցով, ամուսնացել են 18 տարեկան հասակում։ Մարիամն առանց մտածելու վերցրել է ամուսնու ազգանունը.
«Ասացի` երեխեքս Հովհաննիսյան են լինելու, ես հո օտար չեմ լինի տանս մեջ»։
Հարութը երազում էր շատ երեխաներ ունենալ. ռազմական բժիշկը զոհվեց` 2 վիրավորներին փրկելով
Ամուսինն էլ առաջին օրերից ասել է` գոնե երեք երեխա պիտի ունենանք։ Զույգն առաջին բալիկին ունեցել է ամուսնությունից մեկ տարի անց։ Արշակը մեկ տարեկան հասակում մահացել է։ Հետո ծնվել են Կլարան ու Սուսիկը։ Երկու աղջիկներն էլ ծնվել են Աշոցքում. այդտեղ էր ապրում Հովհաննիսյանների ընտանիքը մինչև 2004 թվին Երևան տեղափոխվելը։ Կլարային կոչել են Հովհաննիսյանի մայրիկի անունով, Սուսաննային` զարմուհու։
«Մինչև հիմա ասում ա` փոխեք` կամ Շուշի, կամ Շուշան, կամ Սոսե։ Ես էլ ասել եմ` արդեն մեծ ես, կարաս գնաս–փոխես։ Ես միշտ էլ ուզեցել եմ ազգային անուններ դնել։ 32-ում ունեցանք Արգիշտիին, հինգ տարի հետո` Վանուհուն։ Մեր ապագա երեխեքին էլ անպայման ազգային անուն ենք տալու», – ասում է Արծրունը։
Չնայած պատերազմ ապրած երկրներում «բեյբի–բում» է լինում, բայց գիտակցված կերպով երեխա ունեցողները կրիտիկական վիճակում գտնվող երկրներում շատ չեն։ Հովհաննիսյանն իր բանաձևն ունի այս հարցում։
«Մի շատ մեծ հայ մի արտահայտություն ուներ` «օրորոցային վրեժ»։ Մենք միայն մի շանս ունենք վրեժ լուծելու թշնամուց` դեմոգրաֆիայի հարցը լուծելով։ Որ կողմից էլ նայես` ազգային անվտանգության խնդիրը մարդիկ են։ Տնտեսությունը, ՀՆԱ–ն մարդաքանակով ա ձևավորվում։ Հարցնում էին ինձ` էս զենքն ա լավ, թե էս կործանիչն ա լավ... Մենք որ ունենանք 5 միլիոն բնակչություն, 35 միլիարդ ՀՆԱ, էդ սաղ հարցերը կլուծվեն»,–ասում է նա։
Ամեն հայ ընտանիք պիտի իր անձնական պատասխանատվությունն ունենա, գոնե երեք երեխա ունենա, ասում է Արծրունը։
«Շատ երեխաներ եմ ուզել ունենալ, որովհետև փոքր ընտանիքում եմ մեծացել, երկու եղբայր էինք, միշտ քույր ենք ուզել, չենք ունեցել։ Զարգացող պետություններում չեն ձգտում շատ երեխա ունենալ, ցավոք, դա նորմալ է դարձել։ Ժամանակն է` մեր երկրում էդ նորմալը փոխենք», – ասում է Հովհաննիսյանը։
Տանը Հովհաննիսյանն առանձին կաբինետ ունի` տասնյակ գրքերով, զենքերի մոդելներով, լայն սեղանով։ Հարցնում եմ` հասցնո՞ւմ է երեխաների հետ իր ուզածի չափ շփվել, ու ասում եմ, որ կնոջն ավելի շուտ առանձին նույն հարցը տվել եմ։
«Կինս էլ անկեղծ ասել է, որ չեմ հասցնում, չէ՞։ Գիտեմ, որ ընտանիքի օրինակելի պապա չեմ։ Ֆիզիկապես չեմ հասցնում, հետո իմ տեսակով տան մարդ չեմ։ Տան ջարդած վարդակի փոխողը ես չեմ։ Մեկին կանչում ենք էդպիսի դեպքերում։ Մեծերիցս համարյա բան չեմ հասկացել։ Մեծ աղջիկս չորս տարեկան էր, եթե սենյակում հետս մենակ էր մնում, լացում էր` ինձ չէր ընդունում։ Արգիշտին որ ծնվեց, արդեն ավելի հասուն էի, ամիսը մեկ–երկու անգամ ընտանիքով գնում էինք ինչ–որ տեղ»,–պատմում է Հովհաննիսյանը։
Ավագ դուստրերից Կլարան հիմա սովորում է ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի առաջին կուրսում, Սուսաննան` ԵՊՀ–ի թուրքագիտության։ Երկուսի մասնագիտական ընտրություններն էլ հոր համար լավագույնը չէին։
«Կլարան համառեց, գնաց իրավաբանության, ես էդքան էլ չէի ուզում։ Սուսոյին համոզում էի` ուժային գնար` ոստիկանական ակադեմիա։ Երկար մտածեց, ասաց` չէ։ Արևելագիտություն ընտրեց, ասում էի` արաբագիտությունն ընտրիր։ Թուրքագետին մնում է միայն թշնամու կեցվածքը ուսումնասիրել, արաբագետի հնարավորությունները շատ են` դիվանագիտություն կա, տուրիզմ կա։ Բայց ինքն այդպես որոշեց», – ասում է Հովհաննիսյանը։
Հարսանիք Դադիվանքում` ռուս խաղաղապահների օժանդակությամբ
Որդու հետ կապված երազում է, որ Արգիշտին ՍՈւ-30 կործանիչի օդաչու դառնա։ Կործանիչ, որի ձեռքբերումը Հովհաննիսյանը համարում է բանակի համար արված իր կարևորագույն ներդրումը։ Արգիշտին չի ընդդիմանում։
– Ի՞նչ ես ուզում դառնալ, որ մեծանաս։
– Զինվոր։
– Հա՞։
– Ավելի շուտ` լյոտչիկ, – ասում է երեխան զրույցում։
Մյուս փոքրն էլ` Վանուհին, խաղում է։
– Ամենաշատը տնեցիքից ո՞ւմ հետ ես խաղում, – հարցնում եմ ես։
– Ի՛մ, – ասում է ու շարունակում օրորել տիկնիկներով մանկասայլակը։
Եթե հայրիկի ու մայրիկի ծրագրերն իրենց ուզածով գնան` երևի շուտով Վանուհին իրական «տիկնիկների» կօրորի։