Եվ վերջապես, ամեն օր հեռուստատեսությամբ՝ օրը մի քանի անգամ, հաղորդվում է, թե քանի մարդ է վարակվել և քանիսն է մահացել։ Համաձայնե′ք, նույնիսկ գրիպի եւ այլ հիվանդությունների ամենաուժեղ համաճարակների ժամանակ նման բան չէր եղել։ Համենայն դեպս գոնե ես նման բան չեմ հիշում։ Ընդհանրապես, թեև այս համավարակը հսկայական ազդեցություն է թողել հանրության կյանքի վրա, սննդի օբյեկտներ են փակվել, մարդիկ մնացել են առանց աշխատանքի, այս կորոնավիրուսի հետ անմիջապես կապված բազմաթիվ սկզբունքային հարցեր այսօր էլ մնում են անպատասխան։ Դրանք ամփոփել է Շվեյցարիայում լույս տեսնող «Տեմպ» ֆրանսալեզու օրաթերթը։
Ինչպե՞ս է սկսվել համավարակը։ Ամենատարածված վարկածն այն է, որ ամեն ինչ սկսվել է Չինաստանի Ուհան քաղաքի շուկայում, որտեղ վաճառում են էկզոտիկ կենդանիներ, որոնք չինացիները հաճույքով ուտում են։ Չթաքցնենք` խոսքը հիմնականում չղջիկների մասին է։ Կարծես թե էդ խեղճ չղջիկը միս էլ չունի, բայց, կներե′ք, նայած չղջիկ։ Ավստրալիայում ուշ երեկոյան պատշգամբում նստած տեսնում էինք, թե ինչպես են օդում ճախրում ագռավի չափ ունեցող չղջիկները։ Ու չնայած Ավստրալիայում լիքը չինացի կա՝ թե՛ մշտապես այնտեղ ապրող ու աշխատող, թե՛ որպես զբոսաշրջիկ ժամանած, երբեք չեմ լսել, որ այնտեղ չղջիկ ուտելու ավանդույթ լինի։ Տո որ լիներ էլ, բնականաբար, չէի միանա այդ ավանդույթին։ Համաձայնե՛ք, այնուամենայնիվ չղջիկի խորովածը կամ քյաբաբը հայի կերակուրը չեն։
Հայտնի է` որ ըմպելիքն է ժամանակավորապես «քնեցում» կորոնավիրուսը
Ինչպե՞ս է փոխանցվում վիրուսը։ Այս հարցն էլ մինչեւ հիմա միանշանակ պատասխան չունի։ Որոշ գիտնականներ ասում են՝ թքի կաթիլների միջոցով, մասնագետների մեկ այլ խումբ հակադարձում է՝ ո՛չ, աէրոզոլային կաթիլների միջոցով։ Բոլոր դեպքերում դիմակ դնելը պարտադիր է։ Եվս մեկ հարց, որի հստակ պատասխանը չկա՝ որքա՞ն ժամանակ է պահպանվում իմունիտետը։ Շվեյցարական թերթը գրում է. «Առաջին լավ լուրն այն է, որ քովիդ 19-ով վարակվածների 95 տոկոսի մոտ իրոք առաջանում են չեզոքացնող հակամարմիններ, և դրանք, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, կարող են պահպանվել նաև կես տարի անց՝ նույնիսկ եթե մարդը շատ թեթև է տարել հիվանդությունը։ Միաժամանակ, վիրուսաբան Պոլինա Վետտերը անկեղծ խոստովանում է՝ մենք մինչև հիմա հստակ չգիտենք, թե որքան հակամարմին է անհրաժեշտ երկրորդ անգամ վարակվելն ընդհանրապես բացառելու համար։
Հաջորդ պրոբլեմը, որն արդեն մարդու կյանքի հետ է կապված՝ ինչպիսին է մահացության աստիճանը։ Ժնևի համալսարանի բժշկական ֆակուլտետի գլոբալ առողջապահության ինստիտուտի տնօրեն Անտուան Ֆլաոն փաստում է՝ այժմ մահացությունը կազմում է 0,5-ից 1 տոկոս։ Այնուամենայնիվ համաձայնեք՝ կես տոկոսը և մեկ տոկոսը բոլորովին տարբեր ցուցանիշներ են, մանավանդ այն երկրներում, օրինակ, Ամերիկայում, որտեղ վարակվածների թիվը հսկայական է։ Երևի գիտեք, որ էստեղ շատ գործոններ են դեր խաղում, մանավանդ տարիքը։ Էսպիսի թվեր բերեմ։ 80 տարեկանից բարձր տարեցների մոտ մահացությունը հասնում է 25-ից 50 տոկոսի։ 50-ից 70 տարեկանների մոտ՝ 10 տոկոսի։ Եվ 50-ը չբոլորած մարդկանց շրջանում մահանում է 1000-ից մեկը։ Սա գրեթե մոտենում է սովորական գրիպից մահացության ցուցանիշին։
ԵԱՏՄ երկրների տնտեսությունները դիմակայել են կորոնավիրուսային ճգնաժամին․ ԵԱՏՀ նախարար
Էլի անպատասխան հարցեր կան, որոնց անդրադարձել է շվեյցարական օրաթերթը։ Օրինակ, եթե տանը շուն կամ կատու եք պահում, արդյոք չե՞ք ավելացնում վարակվելու ռիսկը։ Կամ՝ ինչի՞ կհանգեցնի վիրուսի մուտացիան։ Կամ՝ ի՞նչ դեղերով է հնարավոր պայքարել հիվանդության դեմ։ Իհարկե, շվեյցարական պարբերականը բազմաթիվ դեղամիջոցների անուններ է տալիս, բայց ես չեմ տա, որովհետեւ շատ լավ գիտեմ մեր որոշ հայրենակիցների սովորույթը՝ հենց ինչ-որ դեղի անուն են լսում, ոչ թե գնում են բժշկի մոտ խորհրդակցելու, այլ վազում են դեղատուն ու սկսում օգտագործել դեղամիջոցն առանց որևէ նշանակման։ Համ էլ` հաղորդմանս ժամանակը պրծավ։