ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի - Sputnik. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից հեռուստաընկերությունների սլոթերի լիցենզավորման տրամադրման կարևոր պայմաններից էր հեռուստաընկերությունների նախկին փորձին նայելը։ Տեղեկությունը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
«Վերջին լիցենզավորումը հեռուստաընկերություններին տրվել է 2010-ին տասը տարով։ Շատ է եղել, որ 2010-ին լավ ծրագիր են գրել, ոսկե սարեր են խոստացել, բայց բան չեն արել։ Գրեթե բոլոր հեռուստաընկերությունների մոտ այդ խնդիրը կար։ Դիտարկել ենք այդ ամենը, որ հեռուստադիտողը նույն ճակատագրին չարժանանա», – ասաց նա։
Ըստ ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանի` «Դար 21» և «ATV» հեռուստաընկերություններն են միայն իրենց գրած ծրագրին համապատասխան հեռուստաեթեր ապահովել 2010-20 թվականներին։
«Թեմատիկ հեռուստաընկերությունները լավ են կատարել իրենց ծրագրերը, «Դար 21»–ը` որպես երաժշտական, իսկ «ATV»–ն` որպես ժամանցային ալիք, մատուցել են հետաքրքիր հաղորդումներ բոլոր սեռատարիքային խմբերի համար։ Սակայն նոր օրենքի համաձայն` անգամ թեմատիկ հեռուստաընկերությունների հաղորդումների 20 տոկոսը պետք է հանրօգուտ լինի», – ասաց նա։
Արձագանքելով «Հ2» և «Ա1+» հեռուստաալիքների ո՛չ հանրապետական, ո՛չ էլ մայրաքաղաքային սփռում չստանալուն` Հակոբյանն ասաց, որ ոչ մի ճնշում ՀՌԱՀ–ի վրա չի եղել։
«Որևէ ճնշում հանձնաժողովի վրա չի եղել։ Ճնշումը միայն իշխանություններից չի լինում, կարող է լինել հանրային սեկտորից, ֆինանսատնտեսական խմբերից։ Բայց այս անգամ նման բան չի եղել։ Այո, պետք է նշենք, որ «Ա1+»–ը ժամանակին որակյալ, անկախ հեռուստաալիք էր և զրկվել էր լիցենզիայից անարդարացի կերպով։ Բայց այս անգամ Ա1+»–ի ծրագիրը հանրապետական սփռման համար թույլ էր։ Իսկ մայրաքաղաքային սփռման համար նրանք չդիմեցին», – ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` «Հ2»–ը և «Ա1+»–ը լիզենցիայից չեն զրկվել, նրանք չեն ստացել հանրապետական սփռում և այնուհետև հնարավորություն ունենալով դիմել մայրաքաղաքային սփռման համար` հրաժարվել են։
«Չգիտեմ` ամբիցիաներից է, թե ինչ–որ պատկերացումներից, բայց նրանք երկուսն էլ հրաժարվեցին դիմել մայրաքաղաքային սփռման համար։ Իմ կարծիքով` նրանք պետք է մտածեին իրենց հեռուստադիտողի մասին և դիմեին մրցույթին։ Մրցույթի կարգն այնպիսին է, որ դրանում պետք է լինեն թե՛ հաղթողներ, թե՛ պարտվողներ։ Բոլոր ընկերությունները կարող են բողոքարկել ՀՌԱՀ–ի որոշումները դատարանում։ Դեռևս միայն Հ2-ն է հայտարարել, որ բողոքարկելու է, մեզնից թղթեր է ուզել, բայց դեռ չի բողոքարկել», – ասաց ՀՌԱՀ նախագահը։
Անդրադառնալով օտարերկրյա հեռուստաալիքներին` Հակոբյանը ասաց, որ այսուհետ ամբողջ հանրապետությունում կհեռարձակվի միայն մեկը` «РТР-Планета»–ն, իսկ Երևանում` «Россия-Культура»–ն և «Первый канал. Всемирная Сеть»–ը։
«Գոնե «Россия-Культура»–ի սփռումը բոլորս պետք է ողջունենք` հաշվի առնելով կարևոր մշակութային հաղորդումները։ Նշեմ նաև, որ «Мир» հեռուստաալիքը չի մասնակցել որևէ մրցույթի, բայց համաձայն միջպետական պայմանագրի` հեռարձակվում է Երևանում», – ասաց Հակոբյանը։
Նա հավելեց, որ այսուհետ, համաձայն նոր օրենքի, Հայաստանում և/կամ Երևանում հեռարձակվող ռուսաստանյան հեռուստաալիքները պետք է մի քանի պայմանի հետևեն։
«Նախ պետք է հարգեն մեր տոները, այսինքն` ապրիլի 24-ին չպետք է հեռարձակեն ժամանցային հաղորդումներ, մի պայման, որ նախկինում չկար։ Պետք է հարգեն Հայաստանի արտակարգ, ռազմական դրությունները, չխառնվեն ընտրություններին», – ասաց Հակոբյանը։
Նա նշեց, որ ամերիկյան մասնավոր CNN հեռուստաալիքը այլևս չի հեռարձակվելու Հայաստանում, և քանի որ ԱՄՆ–ում պետական հեռուստաընկերություններ չկան, ԱՄՆ–ն չի կարող, ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանի հետ միջպետական պայմանագիր կնքել։
Նշենք, որ համաձայն նոր մրցույթի արդյունքների `առաջիկա 7 տարում Երևանում կհեռարձակվեն ռուսական «РТР-Планета»–ն, «Россия-Культура»–ն, «Первый канал. Всемирная Сеть»–ը, «Мир»–ը, հայկական «Երկիր Մեդիա», «Շանթ», «Արմենիա», «Կենտրոն», «Շողակաթ», «ATV», «Դար 21», «5-րդ ալիք», «Արմնյուզ», «Նոր Հայաստան», «Մեր թիվի», «Նուռ» ալիքները և Հանրային հեռուստաընկերությունը (որը մրցույթին չի մասնակցում)։ Իսկ ամբողջ Հայաստանում կհեռարձակվեն ռուսական «РТР-Планета»–ն, հայկական «Երկիր Մեդիա», «Շանթ», «Արմենիա», «Կենտրոն», «Շողակաթ», «ATV» ալիքները և Հանրային հեռուստաընկերությունը (որը մրցույթին չի մասնակացում)։