Շաբաթ օրը Ամերիկայում կյանքի հեռացավ աշխարհի ամենահայտնի և ամենապրոֆեսիոնալ լրագրողներից մեկը՝ Լարրի Քինգը։ Նա 87 տարեկան էր։ Իր 60-ամյա կարիերայի ընթացքում նա տասնյակ հարցազրույցներ է վարել ամենատարբեր մարդկանց հետ։ Հիշում եք, երևի, մի ժամանակ էսպիսի կատակ կար, կարծեմ, հայտնի դերասան Վալենտին Գաֆտն էր հորինել. «Չկա աշխարհում այնքան հայ, որքան դեր, որ խաղացել է Արմեն Ջիգարխանյանը»։
Լարի Քինգի վարած հարցազրույցների թիվն էլ աներևակայելի շատ է, և դեպ նրա հիմնած «Լարրի Քինգ լայֆ» երեկոյան հաղորդումը «Գինեսի գրքում» է ընդգրկվել հենց երկարակեցության համար, որովհետև շատ լավ գիտենք՝ որոշ ժամանակից հեռուստահաղորդումների ճնշող մեծամասնությունը փակվում է, քանզի հանդիսատեսը կորցնում է դրանց նկատմամբ հետաքրքրությունը։
Լարի Քինգի դեպքում երկար տարիներ այդպես չէր։ Կա վիճակագրություն։ Ճիշտ է, վիճակագրությունը հաճախ խաբուսիկ է։
Մի օրինակ բերեմ հայաստանյան իրականությունից։ Ամեն ամիս, կարծեմ նույնիսկ ամեն շաբաթ «Արմենպրես» գործակալությունը հրապարակում է ամենակարդացվող գրքերի, այսպես ասած, «թոփ թենը», հիմնվելով Երևանի գրախանութներում անցկացրած հարցումների վրա։ Իհարկե, հստակ ասվում է՝ այս գիրքը առաջինն է, այս մյուսը՝ երկրորդը և այլն։ Սակայն չի նշվում, թե քանակական առումով որքան գիրք է վաճառվել։ Իսկ չար լեզուները պնդում են, որ նույնիսկ առաջին տեղը գրաված գրքից վաճառվել է ընդամենը 10-15 օրինակ։ Այնինչ առաջին տեղը գրաված գրքի հեղինակը անմիջապես էլ հայտարարում է՝ ես բեսթսելեր եմ գրել։ Փորձեք գնալ արտերկիր և համոզել, ասենք, մեկ այլ Քինգին՝ Սթիվեն Քինգին, որի ամեն նոր գիրք գրեթե միլիոնավոր տպաքանակով է լույս տեսնում, որ 10-15 օրինակով վաճառված գիրքը բեսթսելեր է։ Ասում են՝ Սթիվեն Քինգը բավական բարեկիրթ մարդ է՝ չի ծիծաղի, այլ հակառակը՝ կփորձի սփոփել ձեզ։
Ինչու եմ սա պատմում։ Որովհետև Լարի Քինգի հարցազրույցները սովորաբար ամեն օր լսում էր ավելի քան մեկուկես միլիոն մարդ։ Եթե այս ցուցանիշը ձեզ չբավարարեց, բերեմ արտառոց փաստ։
Շատ ռոմանտիկ. «Матч ТВ»-ի հաղորդավարուհուն ուղիղ եթերում առաջարկություն են արել. տեսանյութ
Երբ 1993 թվականին Լարի Քինգը դեբատներ էր վարում Ամերիկայի փոխնախագահ Ալբերտ Գորի և տեխասցի հայտնի միլիարդատեր Ռոս Պերոյի միջև՝ Ազատ առևտրի Հյուսիսամերիկյան համաձայնագրի շուրջ, այդ հաղորդումը դիտել էր ավելի քան 16 միլիոն մարդ։ Հիմա էլ է սա անհավանական թվում, իսկ այն ժամանակ պարզապես ֆանտաստիկ էր։ 16 միլիոն մարդ՝ հինգ Հայաստան։
Ով էր Լարի Քինգը։ Ծնվել էր Նյու Յորքի Բրուքլին շրջանում 1933 թվականին։ Մեծացել էր հրեական հավատացյալ ընտանիքում։ Սակայն ավելի ուշ, գիտական բնորոշմամբ, դարձել էր ագնոստիկ, ինչը սովորական ժողովրդական լեզվով նշանակում է անհավատ։ 14 տարեկանում մահացավ նրա հայրը, և պատանի Քինգը դուրս եկավ դպրոցից մորն օգնելու համար։ 20 տարեկան հասակում զգաց, որ ուզում է լրագրությամբ զբաղվել և գնաց ռադիո։ Երբ ռադիոկայանի ղեկավարն իմացավ, որ տղայի անունը Լոուրենց Զեյգեր է, անկեղծորեն խնդրեց գոնե եթերում ներկայանալ այլ ազգանվամբ։ Սկսեցին փնտրել և ի վերջո գտան մի թերթ, որտեղ գովազդ կար, գրված էր «Քինգի ալկոհոլի մեծածախ վաճառքի խանութ»։ Բոլորին դուր եկավ, և այդ օրից նա դարձավ Լարի Քինգ։
Իսկ 1978 թվականին գնաց հեռուստատեսություն և հիմնեց «Լարի Քինգ լայֆ» հեռուստահաղորդումը։ Հարցազրույցներ արեց Ամերիկայի բոլոր նախագահների հետ՝ Ջերալդ Ֆորդից սկսած։ Բարաք Օբաման նրան անվանեց «հեռուստատեսային Մուհամեդ Ալի», այսինքն սուր և կծու հարցեր տվող։
Սակայն ոչ բոլորն են համաձայն այս գնահատականի հետ։ Երբ Լարի Քինգը տարիներ առաջ հանձնում էր իր ծրագիրը հայտնի լրագրող Փիրս Մորգանին՝ կարծիք հայտնեց, որ Մորգանը հիմնականում ոչ թե բացահայտում է հյուրին, այլ՝ ինքն իրեն։
Մորգանը բավական կոպիտ պատասխան տվեց. «Իմ թեմաները սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունն է և մարդկային կյանքեր փրկելը, իսկ դու հիմնականում համբուրում էիր հայտնիների մարմինների հինգերորդ կետը»։