«Վճռաբեկի և ՍԴ-ի միավորումը լեգիտիմ է». Խաչատուրյանը կողմ է Գերագույն դատարանի ստեղծմանը

Դավիթ Խաչատուրյանը նշեց, որ շատ նորմեր կան ինչպես Սահմանադրության մեջ, այնպես էլ Քրեական դատավարության օրենսգրքում։ Ըստ նրա` լինում են դեպքեր, որ նույն նորմի վերաբերյալ բարձրագույն 2 ատյանները տարբեր մեկնաբանություններ են տալիս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ԲԴԽ անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանը կողմ է Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների միացմանն ու Գերագույն դատարան ստեղծելու թեզին։ ԱԺ–ում ընթացող արտահերթ նիստի ժամանակ Խաչատուրյանը նման կարծիք հայտնեց` պատասխանելով հարցին։

Կխանգարի՞ «Սորոսի գրասենյակում» աշխատելու և ՀՔԾ պետ եղբայր ունենալու փաստը Խաչատուրյանին

«Ես կողմ եմ` հաշվի առնելով մեզ մոտ Սահմանադրական դրույթների գործողության անմիջականության վերաբերյալ նորմերը, որոնք արտացոլված են քրեական, քաղաքացիական և բոլոր դատավարական օրենսգրքերում։ Վարույթը կարգավորվում է Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենսգրքերով և այլ ակտերով։ Այսինքն` Սահմանադրությունը գործում է ոչ այլ կերպ, քան այն մեկնաբանվում և կիրառվում է»,–ասաց նա։

Խաչատուրյանը նշեց, որ շատ նորմեր կան, որոնք կան ինչպես Սահմանադրության մեջ, այնպես էլ Քրեական դատավարության օրենսգրքում։ Ըստ նրա` լինում են դեպքեր, որ նույն նորմի վերաբերյալ բարձրագույն 2 ատյանները տարբեր մեկնաբանություններ են տալիս։ Խաչատուրյանը չի կարծում, որ սա ճիշտ երևույթ է դատավարական տեսանկյունից։

«Ես գտնում եմ, որ լեգիտիմ է Վճռաբեկի և ՍԴ–ի միավորումը»,–իր խոսքն ամփոփեց նա։

Եթե այսօրվա պայմաններում դատավորների աշխատավարձը կրկնապատկենք, ոչինչ չի փոխվի. Ջհանգիրյան

Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամի մյուս թեկնածուն` Գագիկ Ջհանգիրյանը, հայտնել էր, որ դեմ է Գերագույն դատարանի ստեղծմանը։

Այս պահին ԱԺ–ում արտահերթ նիստ է ընթանում, որի շրջանակում ԲԴԽ անդամներ են ընտրում։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Դավիթ Խաչատուրյանին և Գագիկ Ջհանգիրյանին։

ԼՀԿ–ն ու ԲՀԿ–ն հայտնել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը։