Սամվել Ավետիսյանի դիտարկմամբ` պարենային անվտանգությունը դարձել է ամենակարևոր հիմնախնդիրներից մեկը, և Հայաստանին պատուհասած երկու արհավիրքները` համավարակն ու պատերազմն էական ազդեցություն են թողել պարենային անվտանգության վրա։
«Սկզբում կորոնավիրուսը խաթարեց հասարակական կյանքի ռիթմը, իսկ հետո արցախյան պատերազմն իր հետ բերեց զգալի կորուստներ, մասնավորապես Արցախի գյուղնախարարի վկայությամբ` հողատարածքների 75 տոկոսն անցավ թշնամուն։ Եթե հաշվի առնենք, որ Արցախում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների 90 տոկոսը դրված էր հացահատիկի ու հատիկաընդեղենային մշակաբույսերի տակ, ապա պարզ է դառնում, թե որն է կորուստի առյուծի բաժինը»,– նշեց տնտեսագետը։
Ավետիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ մեր պարենային պաշարները համալրվում էին նաև Արցախից եկած ցորենով, քանզի տարեկան ներկրվում էր 30 հազար տոննա ցորեն, 18 հազար տոննա գարի, և հիմա քիչ է ասել, որ պաշարներն այլևս չեն գա, որովհետև, Ավետիսյանի կանխատեսմամբ, կստեղծվի մի իրավիճակ, երբ ստիպված կլինենք արդեն մեր բաժնից մաս հանել Արցախի համար։
Մասնագետի համոզմամբ`պարենային ինքնաբավության խնդիրն Արցախում դժվար թե լուծվի պատերազմից հետո մնացած հողատարածքներով։ Նա անդրադարձավ Հայաստանի և Արցախի պարենային հաշվեկշռի կազմման մեթոդաբանությանը, ինչպես նաև պարենային ինքնաբավությանը միտված պետական քաղաքականությանը` խոսելով գործարարների հետ կնքվելիք ֆյուչերսային, այսինքն` ապագային միտված պայմանագրերի անհրաժեշտության մասին։