Էրիվանյան անակնկալ Գրիբոյեդովի համար

Հանրահայտ դրամատուրգ Ալեքսանդր Գրիբոյեդովի ծննդյան օրը Sputnik Արմենիան մի դրվագ է ներկայացնում նրա կյանքից, որը կապված է Երևանի հետ:
Sputnik

Դիվանագետ և պոետ Ալեքսանդր Գրիբոյեդովին հանրաճանչ դարձրեց նրա «Խելքից պատուհասը» կատակերգությունը, որը հեղինակի կյանքի օրոք արգելվեց բեմադրել, իսկ ինքը` Գրիբոյեդովը, կայսրի անբարեհաճ վերաբերմունքին արժանացավ դեկաբրիստների նկատմամբ ունեցած կարեկցանքի համար:

Ամեն դեպքում պիեսը բեմադրվեց, իսկ հեղինակն էլ ներկա գտնվեց պրեմիերային: Դա տեղի ունեցավ մեկ անգամ և այն էլ Էրիվանում, երկու ամիս անց այն բանից հետո, երբ գեներալ Պասկևիչի հրամանատարությամբ ռուս զորքերը ազատագրեցին քաղաքը պարսիկների տիրապետությունից:

Հայտնի դիվանագետն իր պարտքն էր համարում օգնել մարդկանց

Ներկայացումը բեմադրվեց, բայց՝ մասամբ: Բեմադրվեց միայն առաջին ակտը: Դերասանները նախկին սպաներ էին, որոնք Սենատի հրապարակում տեղի ունեցած ապստամբությանը մասնակցելու համար ուղարկվել էին Կովկասի գործող բանակ: Կանանց դերերը նույնպես տղամարդիկ խաղացին` երիտասարդ զինվորականները: Փորձերը հեղինակից թաքուն կազմակերպեցին:

Գրիբոյեդովը դիվանագիտական աշխատանքի բերումով այդ ժամանակ նույնպես Էրիվանում էր: Նա կազմում էր Պարսկաստանի հետ խաղաղություն հաստատելու պայմանագրի պայմանները: Գրիբոյեդովը պատրիարք Ներսես Աշտարակեցու հետ մշակում էր հայերի հայրենադարձության ծրագիրը: Նախապատրաստվող ներկայացման մասին նույնիսկ չէր էլ կռահում, և այդ իրադարձությունն անակնկալ էր նրա համար: Պրեմիերան տեղի ունեցավ 1827 թվականի դեկտեմբերին, նախկին պարսից փոխարքայի հայելապատ պալատում: Հանդիսատեսի համար այստեղ փայտյա երկար նստարանների էին տեղադրվել:

Ավելի ուշ բանաստեղծն իր օրագրում նկարագրել է զգացողությունները:

Երբ բեմից հնչեցին երկխոսությունները, նա Էրիվանի կայազորի պետ Աֆանասի Կրասովսկոյի ականջին շշնջաց.

— Օ, ոչ, «Խելքից պատուհասը» խստիվ արգելվում է գրաքննությամբ:

— Աստված չի մատնի, — կիսատ թողնելով արտահայտությունը՝ պատասխանեց գեներալը:

Այնտեղ, որտեղ ժամանակին կանգնած էր Հին Էրիվան ամրոցը, արդեն երկար տարիներ ի վեր Կոնյակի գործարանի բազալտե պատերն են խոյանում: Ճակատային մասում գրություն կա այն մասին, որ հենց այստեղ` Երևանում է ներկայացվել «Խելքից պատուհասը» անմահ կատակերգության միակ բեմադրությունը, որին ներկա է եղել նաև հեղինակը: Մի անգամ հայ մեծ գրող Ավետիք Իսահակյանը, խոսելով հայ ժողովրդի կյանքում Գրիբոյեդովի դերի մասին, ասել է, որ այրվում են գրադարանները, գյուղերը, քաղաքները, սակայն ժողովրդի հիշողությունը երբեք չի այրվում:

Ասածի վառ ապացույցն է Գրիբոյեդովի արձանը Երևանում, նրա անվան դպրոցը, փողոցը, հայերեն թարգմանված ստեղծագործությունները: Իր դիվանագիտական գործունեության ընթացքում Ալեքսանդր Գրիբոյեդովին հաջողվել է Պարսկաստանից հայրենիք վերադարձնել 8 հազար հայ ընտանիք, Թուրքիայից՝ 14 հազար հայ, որոնց ժամանակին հարկադրաբար էին քշել այդ երկրների խորքերը:

Русская версия