34 հազար քաղաքացի Արցախում մնացել է առանց տան. Մանե Թանդիլյան

Թանդիլյանը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նաև հիշեցրել է, որ 2 օր առաջ պաշտպանության բանակի զինծառայող է վիրավորվել հակառակորդի գնդակից և նշել Արցախում առկա անվտանգության խնդիրների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է, որ պատերազմից հետո Արցախում հումանիտար ճգնաժամ է առաջացել:

«Պատերազմից հետո մեզ մոտ հումանիտար ճգնաժամ է, և սոցիալական հարցերը շատ սուր են դարձել։ Մենք լուծում ենք խնդիրները՝ թե մեր ուժերով, թե բարեգործական կազմակերպությունների, թե Հայաստանի Հանրապետության և ռուս խաղաղապահների օգնությամբ», - ասել է Թանդիլյանը։

Եթե Բաքուն ու Երևանը ցանկանան․ Զախարովան՝ հայերի ու ադրբեջանցիների երկխոսության մասին

Նախարարի խոսքով` հատկապես սուր է դրված տուն կորցրածների համար բնակարան հայթայթելու հարցը, սակայն արդեն սկսել է գործել նրանց վերաբնակեցման ծրագիրը:

«Այս պահին առանց բնակարանի է մնացել Արցախի Հանրապետության մոտ 34 հազար քաղաքացի` տարածաշրջանում հակամարտության սրման և տարածքների` Բաքվի վերահսկողությանն անցնելու պատճառով», - ասել է Թանդիլյանը ՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Թանդիլյանը նաև հիշեցրել է, որ հունվարի 13–ին Պաշտպանության բանակի զինծառայող է վիրավորվել հակառակորդի գնդակից և նշել Արցախում առկա անվտանգության խնդիրների մասին։

Լավրովն ու Զարիֆը Մոսկվայում կքննարկեն Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա

Հիշեցնենք` հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Վիրավոր զինվորի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Նշենք` Մանե Թանդիլյանը 2020-ի դեկտեմբերին է  ստանձնել Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի պաշտոնը։