«Ասաց՝ մամ, ծաղկեպսակը դու սարքի». Եռաբլուրում ծաղիկները ձյունից շատ էին ու անիմաստ թանկ

Ծաղիկները, ըստ փորձագետի, նախորդ տարվա համեմատ թանկացել են 50-ից 300 տոկոսով. ո՞րն է պատճառը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Հայաստանում վերջին ամիսներին ծաղկի բիզնեսը ծաղկում է։ Եթե նախկինում ծաղկավաճառները մեծ շահույթ էին ստանում, օրինակ, սեպտեմբերի 1-ին, «կանանց միամսյակին», ապա այժմ առիթն ավելի քան տխուր է։ Իհարկե գտնվեցին ծաղկավաճառներ, որոնք չմտան սգավոր ընտանիքի գրպանը, բայց նրանց թիվը, ցավոք, շատ չէ։ Թե ինչպես իրենց դրսևորեցին ծաղկավաճառները և ինչ գնային փոփոխություններ տեղի ունեցան շուկայում, ներկայացնում ենք ստորև։

Ամենայն հայոց կաթողիկոսը հոգեհանգստյան կարգ մատուցեց Եռաբլուրում

Դեկտեմբերի 31, Եռաբլուր, ծաղիկները ձյունից շատ են, պանթեոնում ասեղ գցելու տեղ չկա, այստեղ են հավաքվել զոհվածների հարազատներն ու ընկերներն ու պարզապես մարդիկ, որոնց սիրտը չէր տանի տարեմուտի գիշերը դիմավորել լիքը սեղանի շուրջ՝ ասես ոչինչ էլ չի եղել։ Շատրեը ծաղիկներով էին եկել։

«Ամեն սգավորի հետ լացել եմ։ Երբ մարդկանց այդ վիճակում եմ տեսնում, այդ պահին ինձ չի կարող փողը հետաքրքրել։ Եղել են դեպքեր, որ ասել եմ՝ ինչ կլինի, գումար մի տվեք»,- պատմում է Սյուզաննան, որն արդեն 10 տարի է, ինչ ծաղկի բիզնեսով է զբաղվում։

Սյուզաննայի հուզմունքն ավելի խորը արմատներ ունի․ հարազատներից երկուսն արդեն մի քանի ամիս է, ինչ անհետ կորած են։

««Դու կըրնա՞ս սև թուղթ ուտես, չե՜ս կըրնա», - ասում էր փոստատար Նիկոլին մարմնավորող Մհեր Մկրտչյանը, որն այդպես էլ Հայաստան մայրիկի աչքերին չկարողացավ նայել։ Այս պատերազմի ընթացքում ես ֆիզիկապես զգացի նրա ապրածը: Անասելի ծանր է նայել զոհվածի հարազատի աչքերին ու ծաղկեպսակին փակցվող սև ժապավենի վրա գրել 18,19,20․․․»։

Հայտնի է զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ստացածներին տրվելիք աջակցության չափերը

Իրավիճակն ավելի է ծանրանում, երբ զոհվածն աչքիդ առաջ է մեծացել։ Սյուզաննան նման դեպքերում ծաղիկն ուղղակի նվիրում է։

Բայց շատերը չեն, որ նման կերպ են վարվում ու շարժվում են «անձնական ոչինչ չկա, ընդամենը բիզնես է» կարգախոսով։ Ծաղիկների գների շեշտակի բարձրացում նկատվեց արդեն պատերազմի օրերին։

Հոկտեմբերի սկզբին, եթե 3 հատ թրաշուշան (գլադիոլուս) շուկայում արժեր 1000 դրամ, ապա օրեր անց մեկ հատն արժեր 1500 դրամ ու այնպես էլ չէր, որ ծաղիկը ջերմոցից էր շուկա հասնում (ջերմոցային ծաղիկների դեպքում համեմատաբար թանկ գինը հասկանալի է)։

Մոսկվայում ՀՀ դեսպանատան առաջ հազարավոր ծաղիկներ են խոնարհել ի հիշատակ Արցախում զոհվածների

Մեր տեղեկություններով՝ գնաճն «ապահովում էին» նաև շուկայի վերավաճառողները։ Նրանք էլ իրենց հերթին նույն թրաշուշանը գնում էին 1000 դրամով, վաճառում ՝ 2000-ով։ Արդյունքում խանութ-սրահների տերերից շատերին ծաղիկը հասնում էր երրորդ ձեռքից՝ թանկ ու հաճախ անորակ։

Այս ընթացքում շատ պահանջված են մեխակը, քրիզանթեմը, գերբերան և, իհարկե, վարդը։

Ծաղկի շուկայում այս օրերին մեխակն արժե 350-400 դրամ, քրիզանթեմի փունջը՝ 3000-3500 դրամ, գերբերան 250-300 դրամ, ամենակարճ վարդերի (օրինակ Ջումիլիա, 50 սմ) մեկ փունջն արժե 7500 դրամ: Սակայն այստեղ էլ գները միանշանակ չեն ու կախված են վարդի տեսքից, գույնից և երկարությունից. հոլանդական 1 վարդի արժեքը Երևանում հասնում է մինչև ընդհուպ 2300 դրամի։

Եթե համեմատենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, իրացման շուկայում մեխակը միջինում արժեր 220-250 դրամ, քրիզանթեմի փունջը՝ 2000 դրամ, գերբերան՝ 160-200 դրամ, իսկ կարճ վարդի մեկ կապը (օրինակ Ջումիլիա, 50 սմ ) 5000 դրամ։

Նախագահ Արմեն Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում

Դե իսկ ծաղկեպսակների գների մասին ավելորդ է անգամ խոսելը։ Եթե մարզերում հնարավոր է 16000-17000 դրամով ծաղկեպսակ գնել, ապա Երևանում դա անհնար է։ Այստեղ գները սկսվում են 25000-30000 դրամից։ Դե իսկ «էլիտար» (այս դեպքում՝ գերբարձր գներով) ծաղկի սրահները ծաղկեպսակ են առաջարկում 78000-155000 դրամով։

Sputnik Արմենիային ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից հայտնեցին, որ ծաղկի աճեցմամբ ՀՀ -ում զբաղվում են հազարավոր փոքր ջերմոցային տնտեսություններ: Շուկան մրցակցային է, և չկան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, հետևաբար ՏՄՊՊՀ-ն իրավասու չէ օրենքով սահմանված կարգով վարույթ հարուցել:

«Հանձնաժողովը գնային քաղաքականության կարգավորման գործառույթ չի իրականացնում և վերահսկողություն է իրականացնում տնտեսվարող սուբյեկտների գնային քաղաքականության նկատմամբ միայն այն պարագայում, երբ առկա են հնարավոր գերիշխող դիրքի չարաշահման կամ հակամրցակցային համաձայնության դրսևորման երևույթներ։ Եթե լինեն գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողների կողմից գների բարձրացման դեպքեր, ապա ՏՄՊՊՀ֊ն համապատասխան քայլեր կձեռնարկի»,-նշեցին մամուլի ծառայությունից։

Կերգե՞ն հայ երգիչներն Ամանորի գիշերը, կամ, ամեն դեպքում, հայրենասիրական երգեր պետք են

Sputnik Արմենիան զրուցել է նաև սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փորձագետ Բաբկեն Պիպոյանի հետ։

Նրա խոսքով՝ ծաղկի շուկայում գնաճի դեպքերի բախվում ենք ամեն տարի՝ տոնական օրերին կամ մեռելոցից առաջ։ Նրա խոսքով, պետությունն այստեղ անելիք ունի։ Դեռ տարիներ առաջ նա նոր գործիքակազմ է առաջարկել ոլորտը կարգավորելու համար, մասնավորապես՝ եթե պետությունը մի քանի համեմատաբար խոշոր խաղացողներին վերահսկի, նրանք կհասկանան, որ եթե ծաղիկն իրենց վրա «նստում է» 100 դրամ, իրավունք չունեն վաճառելու 400 դրամով, ու այդ դեպքում շուկան կկարգավորվի։

«Եթե դիտարկենք արդեն իրացման շուկան և մեծածախ շուկան, ապա առանձին տեսակների մեջ 50-ից մինչև 300 տոկոս գնաճ ունենք։ Եթե մարդը նախորդ տարի 1200 դրամ արժեցող ծաղիկն այժմ գնում է 1500 դրամով և լսի 200 կամ 300 տոկոս թանկացման մասին՝ իր համար տարօրինակ կլինի, բայց կան առանձին տեսակներ, որոնք այդքան թանկացել են»,-ասում է Պիպոյանը։

Սակայն նա խորհուրդ չի տալիս թիրախավորել միայն ծաղկավաճառներին, քանի որ կան նաև այլ գործոններ (ցուրտ, ջերմոցային տնտեսություն, գազի և էլեկտրաէներգիայի թանկացում, ներմուծվող ծաղիկների համար՝ դոլարի կուրս և այլն), որոնք ազդում են ծաղկի գնի թանկացման վրա։ Խնդրին չի կարելի միայն սպառողների տեսանկյունից նայել. պետք է հասկանալ, թե ծաղկի բիզնեսն ինչ խնդիրներ ունի։

«Պետք լինի՝ շնչելն էլ կարգելենք», կամ երբ ցավից երգեր են ծնվում

Գնաճով ստեղծված իրավիճակը կոնֆլիկտներ է առաջացրել նաև ծաղկավաճառների ներսում։ Ինչպես պատմեց մեզ ծաղկավաճառ տիկին Կարինեն, նրանք, ովքեր անընդունելի էին համարում պատերազմի օրերին անգամ հացից էլ պահանջված ծաղկի գնաճը, բողոքում էին ու մեծածախ շուկայի ծաղկավաճառներին ամոթանք տալիս։

Սյուզաննան ու տիկին Կարինեն ծաղկավաճառներին «խելքի բերելու» իրենց տարբերակն են գտել. սպառնում են, որ անհարկի գնաճ ստեղծող ծաղկավաճառներից այլևս ծաղիկ չեն գնի, ուստի որոշ ժամանակ հետո ծաղկավաճառները կամ ստիպված կլինեն էժան վաճառել, կամ թափել ծաղիկը։

Տիկին Կարինեն խոստովանում է՝ ինքն էլ սահմանին զինվոր ուներ, հետո նայում է ինձ ու ինքն իրեն հարցնում՝ իսկ ո՞վ չուներ։

Ամեն շաբաթ որդու հետ նրա ընկերների շիրիմներին է այցելում ու շնորհակալություն հայտնում իր տղայի փրկված կյանքի համար։

«Տղերքի արյունը գոնե սրբի այս ատելությունը». անկեղծ զրույց առաջնագիծ մեկնած դերասանի հետ

«Պատերազմից հետո գտան որդուս ամենամոտ ընկերոջ մարմինը։ Ասաց՝ մամ, ծաղկեպսակը դու սարքի․․․ չէի կարողանում սև ժապավենի վրա անունը գրել, մատներս դողում էին, քարացել էի։ Որդուս հետ տղայի հարազատներից մեկն էր եկել ծաղկեպսակը տանելու։ Ինձ որ այդ վիճակում տեսան՝ լուռ հետ գնացին ու երևի 45 րոպե անց նոր եկան-տարան։ Հիմա էլ երբ խոսում ենք՝ ամբողջ մարմնովս սարսուռ է անցնում, հիշելը ծանր է»,- պատմում է նա։

Սեպտեմբերի 27-ից անցել է 109 օր. զոհվածների ծնողները, կանայք ու երեխաներն ամեն շաբաթ գերեզման են գնում՝ իրենց հետ տանելով մի բաժին հաց ու ծաղիկներ։

Ծաղկավաճառները շեշտում են՝ ամեն հաճախորդի չի ստացվում բացատրել, որ առաջին ձեռքից են թանկացումները, ուստի հաճախորդների «թթու դեմքերն» իրենց են բաժին հասնում, զոհվածների հարազատների առաջ էլ ամոթով են մնում, որովհետև տղաներն իրենց ամենաթանկը տվեցին՝ կյանքը, չկասկածելով, որ նույնիսկ դրա հաշվին են որոշները շահույթ ստանալու՝ սովորականից թանկ ծաղիկ վաճառելով։