ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Անկարան պատրաստ է Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ չնայած որոշ հարցերի շուրջ լուրջ տարաձայնություններին, որոնց պատճառով երկրների միջև զգալի լարվածություն է առաջացել։ Այս մասին, Reuters-ի փոխանցմամբ, Լիսաբոնում իր պորտուգալացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։
Ընդ որում, նախարարը վկայակոչել է հարաբերությունների կարգավորման մի ճանապարհային քարտեզ, որի վրա երկրները աշխատում են։
«Եթե Ֆրանսիան անկեղծ է, Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները նրա հետ», — ասել է Չավուշօղլուն։
Նախարարը պատմել է, որ կառուցողական զրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժան Իվ Լե Դրիանի հետ։ Կողմերը պայմանավորվել են աշխատել հաշտեցման ճանապարհային քարտեզի վրա։
Թուրքիայի և Ֆրանսիայի միջև լարվածությունն անցյալ տարվանից է ծագել և աստիճանաբար սրվել է Սիրիայի, Լիբիայի, Միջերկրածովյան և Ղարաբաղյան հակամարտության շուրջ տարաձայնությունների պատճառով:
«Ես հավատում եմ հարգանքին». Մակրոնը չի պատասխանել Էրդողանին
2020 թվականի հոկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անգամ կասկածի տակ դրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հոգեկան առողջությունը, երբ վերջինս հայտարարեց «լուսավորյալ իսլամի» ստեղծման անհրաժեշտության մասին:
Էրդողանը ֆրանսիացի գործընկերոջը մեղադրեց իսլամի դեմ «ատելության արշավ» կազմակերպելու մեջ։ Դեկտեմբերի սկզբին արդեն Էրդողանը հույս էր հայտնել, որ Ֆրանսիան «որքան հնարավոր է շուտ կազատվի» Մակրոնից, ինչպես նաև բազմիցս վիրավորել էր նրան: