ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Այսօր՝ հունվարի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Արմեն Հաջյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհահատվածում 4.5 մետր բարձրություն ունեցող կամրջից դեռևս անհայտ պայմաններում գլխիվայր ընկել է կամրջի տակ: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով Ա. Հաջյանը տեղում մահացել է, իսկ 2 մարդի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242–րդ հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով` վիրավորները վարորդի կինն ու երեխան են: