ՖԻՖԱ-ի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ

Ինֆանտինոն հույս է հայտնել, որ Անդրեասյանի մասին լավ հիշողությունները և կարեկցանքի խոսքերը խաղաղություն և սփոփանք կբերեն նրա հարազատներին և ընկերներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն ցավակցական ուղերձ է հղել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Ցանկանում եմ հղել իմ անկեղծ և սրտանց ցավակցությունը ֆուտբոլիստ և մարզիչ Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ: Բառերն անկարող են արտահայտել այս կորստի ողջ տխրությունը»,–գրել է Ինֆանտինոն:

Ծոծրակին աչք ունեցող ֆուտբոլիստը. Արկադի Անդրեասյանի «ոսկերչական» փոխանցումներն ու հումորը

Նա հիշել է, որ կարիերայի ընթացքում Անդրեասյանն անցկացրել է մի քանի հանդիպում ԽՍՀՄ ազգային հավաքականում, իսկ օլիմպիական հավաքականի կազմում նվաճել է բրոնզե մեդալ 1972 թ. Օլիմպիական խաղերում: Ինֆանտինոն նշել է, որ ակումբային մակարդակում միշտ կհիշվեն նրա ելույթները Երևանի «Արարատի» կազմում, որի հետ 1973 թ. նա նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը և երկու անգամ (1973 և 1975) դարձել ԽՍՀՄ գավաթակիր: 

Հայկական ֆուտբոլի լեգենդին 1971 թ. շնորհվել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում, 1982 թվականին՝ ՀԽՍՀ վաստակավոր մարզչի կոչում, իսկ 2011 թվականին՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար շքանշան:

«Մենք չենք մոռանա և կկարոտենք նրա ժառանգությունը և նվաճումները, մասնավորապես, առաջատարի հատկությունները, անհատականությունը և մարդկային որակները: 

Հայտնի է` երբ և որտեղ կկայանա Արկադի Անդրեասյանի հոգեհանգիստը

Ֆուտբոլային միջազգային ընտանիքի անդամների անունից ցանկանում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային և Արկադի Անդրեասյանի ընտանիքին, ընկերներին և սիրելիներին փոխանցել խորին ցավակցություններս»,–գրել է նա: 

Ինֆանտինոն հույս է հայտնել, որ այս հիշողությունները և կարեկցանքի խոսքերը խաղաղություն և սփոփանք կբերեն այս դժվարին ժամանակաշրջանում:

Հիշեցնենք, որ Արկադի Անդրեասյանը մահացել է դեկտեմբերի 22–ի երեկոյան։ Sputnik Արմենիայի տվյալներով` նրա ինքնազգացողությունը վատացել էր, տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ էլ Անդրեասյանը մահացել էր սրտի անբավարարությունից։