Ռուսաստանի օդատիրեզերական ուժերը կստանան առաջին սերիական Սու-57-ը արդեն այս ամիս։ Երկրորդ փուլի շարժիչով հինգերորդ սերնդի առաջին կործանիչը կհավաքվի 2022 թվականին։ 2024 թվականի վերջին Ռուսաստանի ՕՏՈւ-ն կունենա 22, իսկ 2028 թվականին՝ 76 Սու-57 կործանիչ։
Սու-57 գնել ցանկացողների շարքում արդեն ութ երկիր կա։ Ռուսաստանի ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Ելչանինովը հայտնել է․ «Մատակարարման տարբեր տարբերակներ են քննարկվում․ առանձին ինքնաթիռ ու սպառազինության ամբողջ հավաքածուով, հետվաճառքային ծառայությունների համակարգով»։
Ալժիրն առաջինն է Ռուսաստանից 14 Սու-57 կործանիչ պատվիրել։ Սու-57-ի հնարավոր խոշոր պատվիրատու է Հնդկաստանը, որը մտադիր է պատրաստի մոդելներ գնել ու իր տարածքում լիցենզիոն արտադրության նախագիծ զարգացնել (ինչպես նախկինում ՄիԳ-21, ՄիԳ-27 ու Սու-30 կործանիչների դեպքում)։ Ընդ որում՝ հնդկական ՌՕՈւ-ն նախընտրում է երկտեղանի կործանիչներ, ու Ռուսատսանը պատրաստ է ընդառաջել կարևոր գործընկերոջը։
Հնդկաստանից ու Ալժիրից բացի, Սու-57-ի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Չինաստանը, Մյանման, Վիետնամը, Մալայզիան, Իրանն ու Թուրքիան։ Ակնկալվում է, որ արտասահմանյան պատվիրատուների թիվը աճելու է, քանի որ չորրորդ սերնդի կործանիչները ֆիզիկապես մաշվում են ու հետզհետե անցյալում են մնում, իսկ Սու-57-ը շուկայում արժանի մրցակից չունի ու տեսանելի հեռանկարում չի ունենա։ Հնարավոր է՝ օդում տիրապետող դառնալու համար այն դեռ կմրցի ռուսական Միգ-41 կործանիչի հետ, որը ավելի խոշոր ու թանկ կլինի (մշակվում է 2018 թվականից)։
Ֆանտաստիկ հեռանկարներ
Military Watch Magazine ամերիկյան պարբերականն ակնկալում է, որ Սու-57-ի պահանջարկն աշխարհում զգալիորեն կաճի այն բանից հետո, երբ Ռուսաստանն ավելի շատ մոտեցնի դրա կոնստրուկտիվ հնարավորությունները վեցերորդ սերնդի մակարդակին՝ հիպերձայնային հրթիռների ու «Saturn-30» նոր շարժիչների ինտեգրմամբ։ Սակայն արդեն իսկ այսօր Սու-57-ն ունի կործանիչ-որսիչի ու հարվածային-գրոհային ինքնաթիռի եզակի գործառույթներ։
Սյունիքում ռուսական ռազմաբազա տեղակայելու համար պետք է բանակցություններ սկսել. Մարուքյան
Ընդ որում՝ մարտական բեռնվածության հարաբերակցությունը ինքնաթիռի զանգվածի հանդեպ ավելի մեծ է, քան չորրորդ սերնդի կործանիչների դեպքում, իսկ Սու-57-ի արհեստական բանականությունը թույլ է տալիս բարեհաջող կերպով աշխատել Ս-70 «Օխոտնիկ» ծանր հարվածային ԱԹՍ-ների հետ (որն ունի սեփական «խելք», արկերի ու հրթիռների վեց տոննա կշռող զինանոց, մինչև 5000 կիլոմետր մարտական շառավիղ)։
Հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչը հետաքրքիր եւ յուրահատուկ է նրանով, որ զգալի չափով «հյուսված» է վեցերորդ սերնդի տեխնոլոգիաներից: Այն արդյունավետ մարտական միավոր է և միաժամանակ գիտական լաբորատորիա, հետազոտական պոլիգոն, քայլ դեպի ապագա:
Օդաչուավոր Սու-57-ը կարող է խնդիրների 90%-ը կատարել ավտոմատ ռեժիմով և նույնիսկ լիովին ավտոմատ կերպով գործել՝ նախապես պատրաստված ծրագրով: Սու-57 կործանիչի և «Օխոտնիկ» հարվածային ԱԹՍ-ի ինտեգրման սկիզբը տանում է նոր մարտավարության և վեցերորդ սերնդի ինքնաթիռների ծանր անօդաչու էսկադրիլիաների մարտական կիրառման պրակտիկայի: Եվ սա ֆանտաստիկա չէ։
Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը դեկտեմբերի 21-ին հայտարարեց, որ վեցերորդ սերնդի կործանիչը կլինի անօդաչու, ընդ որում ՝ ստեղծվում է ոչ թե պարզապես «թևերով մարտական միավոր», այլ արդյունավետ ավիացիոն համալիր: Նման ինքնաթիռը կարելի է կառավարել ցամաքից կամ կողքից թռչող սարքից։
ՌԴ պաշտպանության նախարարության պատվերով իրականացվում են գիտահետազոտական աշխատանքներ, զանազան տարբերակների արդյունավետությունը դիտարկվում և գնահատվում է դեռևս ինժեներական նշումների մակարդակով: Որպես կանոն, նման նախագծերի վրա աշխատանքը, սկսած փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքների մեկնարկից, տևում է մոտ հինգ-յոթ տարի։ Վեցերորդ սերնդի կործանիչի ստեղծումը սկսվել է 2016 թվականի գարնանը, և հենց այդ ժամանակ Միացյալ ավիաշինական կորպորացիայի ռազմական ավիացիայի ծրագրերի պատասխանատու Վլադիմիր Միխայլովը նշեց, որ առաջին թռիչքը տեղի կունենա մինչև 2025 թվականը:
Իսկ առայժմ կա օդաչուավոր Սու-57-ը, որն արտահանման բացառիկ ներուժ ունի։ Եվ այնուամենայնիվ, հինգերորդ սերնդի կործանիչներն առաջինը կստանան Ռուսաստանի օդատիեզերական ուժերը։ Յուրի Բորիսովն ընդգծել է. «Արտասահմանում ոչինչ չենք վաճառում, քանի դեռ չենք բավարարել մեր զորքերի բոլոր պահանջները։ Կարող եմ ասել, որ ՊՆ-ի հետ կնքված պայմանագիր կա 76 մեքենայի համար, այնպես որ մուրճերն աշխատում են»։
Գերազանցության գաղտնիքները
Արտադրող գործարանը գաղտնի է պահում պաշտոնական բնութագրերը։ Այս պահի դրությամբ բաց աղբյուրներից հայտնի է, որ Սու-57 մարտական համալիրը ներառում է խոցման «օդ-օդ», «օդ-մակերևույթ» տիպի շուրջ 15 նորագույն ավիացիոն միջոցներ, այդ թվում՝ մինչև 250 կմ հեռահարությամբ հականավային հրթիռներ և գերձայնային «Կինժալ»: Սպառազինության այլ նորագույն տեսակների փորձարկումները նախատեսվում է ավարտել 2021 թվականին։
Արևմտյան ռազմական մտքի տեսանկյունից ռուսական Սու-57 կործանիչը հինգերորդ սերնդի մարտական ավիատեխնիկայի (տեխնոլոգիաները հասանելի են աշխարհի ընդամենը երկու-երեք պետություններին) արժանի ներկայացուցիչ է և մոտենում է վեցերորդ սերնդին:
Սու-57-ի քարշակման եռաչափ վեկտորը թույլ է տալիս օդում անհավանական խուսանավումներ կատարել, որոնք անհասանելի են հինգերորդ սերնդի մյուս բոլոր կործանիչների համար։ «Կողային» ՌՏԿ-ներն ապահովում են թիրախների որոնման բարձր ինքնավարություն և ինքնաթիռի անտեսանելիություն հակառակորդի ռադարների համար՝ առանց սեփական հրթիռների թիրախացուցման արդյունավետությունը կորցնելու: Ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ինտեգրված համակարգը թույլ է տալիս բոլոր ռակուրսներում և պրոյեկցիաներում խոչընդոտներ ստեղծել՝ պաշտպանելով օդանավը ինքնանշանառման գլխիկներով հրթիռներից: «Հիմալայի» ՌԷՊ համալիրը կարող է զգալի հեռավորության վրա «տեսնել» ու «վնասազերծել», օրինակ, F-22 և F-35 կործանիչները:
Ռուսական Սու-57 կործանիչը ստեղծվել է օդում գերազանցության հասնելու համար և տեխնոլոգիապես անհասանելի է F-22-ի և F-35-ի համար՝ սպառազինության հզորության, թռիչքի հեռահարության, արագության և խուսանավման տեսանկյունից: Տարածված համեմատությունները միշտ չէ, որ ճիշտ են։ Այնուամենայնիվ, F-22-ը ամերիկացիները նախագծում էին բացառապես «օդ-օդ» հրթիռներ տեղակայելու համար (սկզբունքորեն սխալ որոշում), հետո փորձեցին գոյություն ունեցող բաժանմունքներում «խցկել» «օդ-մակերևույթ» հրթիռները, որոնք այնտեղ պարզապես չտեղավորվեցին։ Այդ ժամանակ ստիպված եղան ստեղծել ավելի էժան (մեկ միավորը՝ ընդամենը 100 մլն դոլար) F-35 «անտեսանելի ռմբակիրը»։
Նշենք, որ F-35 բազմանպատակային կործանիչ-ռմբակոծիչը խաղադրույք է կատարում հակառակորդի ՀՕՊ-ի գործողության գոտի «անտեսանելի-մինչձայնային» ներթափանցման, ցամաքային թիրախներին հարվածներ հասցնելու և այլ ինքնաթիռների գործողությունների կոորդինացման վրա: Սու-57-ի, F-22-ի և F-35-ի նախագծման առանձնահատկությունները դրանց տարբեր առավելություններ են տալիս տարբեր հեռավորությունների վրա, սակայն չեն չեղարկում ռուսական կործանիչի տեխնոլոգիական և մարտական առավելությունը:
Բազմաֆունկցիոնալ Սու-57-ը նախատեսված է հեռահար և մերձավոր մարտերում բոլոր տեսակների օդային թիրախների ոչնչացման, հակառակորդի ՀՕՊ-ի հաղթահարմամբ ցամաքային և վերջրյա թիրախների խոցման, տեղակայման վայրից մեծ հեռավորության վրա օդային տարածքի դիտարկում իրականացնելու, հակառակորդի ավիացիայի գործողությունների կառավարման համակարգի ոչնչացման համար: Մեքենան հասցվել է տեխնոլոգիական գերազանցության բարձր աստիճանի, ստուգվել է Սիրիայի երկնքում՝ մարտական պայմաններում: Պատահական չէ, որ ՌԴ ՊՆ-ն միանգամից խոշոր խմբաքանակ է պատվիրել՝ 5-րդ սերնդի 76 կործանիչ (երեք ավիացիոն գնդերի համալրման համար)։
Ռուսական Սու-57 կործանիչը հագեցած է խորապես ինտեգրված ավիոնիկայի (ավիացիոն էլեկտրոնիկա) նոր համալիրով՝ կառավարման ավտոմատացման և անձնակազմի ինտելեկտուալ աջակցման բարձր մակարդակով (օդաչուները կարող են լիովին վստահել «ավտոպիլոտին» և կենտրոնանալ մարտավարական խնդիրների լուծման վրա): Բորտային սարքավորումները թույլ են տալիս իրական ժամանակում տվյալների փոխանակում իրականացնել ցամաքային կառավարման համակարգերի հետ և ավիացիոն խմբի ներսում կամ ինքնուրույն կատարել խնդիրները:
Սիրիայից Կովկաս․ ի՞նչ են ցույց տվել ռուսական ուղղաթիռների փորձարկումները
Սու-57-ի գերակայություններն ու սպառազինությունը հնարավոր են դարձնում սպառնալիքի հայտնաբերումն ու վերացումը զգալիորեն ավելի մեծ հեռավորությունների վրա, քան դրան ընդունակ են ամերիկյան F-22-ը և F-35-ը: Այստեղ մենք տեսնում ենք մարտական գործողությունների վարման տեխնոլոգիաների և հայեցակարգերի համալիր պայքար։