35-45 հազար մարդ է զրկվել տանիքից․ Մարտիրոսյանն այն մասին, թե երբ ուշքի կգա Արցախը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը կարծում է, որ ռուս խաղաղապահներն ու Արցախի իշխանությունն ամեն ինչ անում են պատերազմի հետևանքները հաղթահարելու համար։
Sputnik

Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում պատմել է, թե որքան ժամանակ է հարկավոր Արցախը վերականգնելու համար, որտեղից է իշխանությունը պատրաստվում միջոցներ հայթայթել դրա համար և թե ինչով կարող են օգնել ռուս խաղաղապահները։ Նա նաև պատմել է, թե ինչ խնդրանքով է իր կառավարությունը դիմել ՌԴ-ին։

- Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջերս տեղի ունեցած ռազմական սրացումից հետո ԼՂՀ-ն բախվեց լրջագույն ճգնաժամի, որի հետևանքները հավանաբար դեռ երկար տարիներ կզգացվեն։ Ո՞րն է այս ճգնաժամից դուրս գալու ձեր ռազմավարությունը, և որո՞նք են դրա հիմնական առաջնահերթությունները:

Ռուս խաղաղապահներն ավարտին են հասցնում Ստեփանակերտի հյուսիսային հատվածի ականազերծումը

-Նախևառաջ պետք է նշել, որ Արցախի Հանրապետությունն ու նրա բնակչությունը իսկապես հայտնվել են մարդասիրական ճգնաժամի առաջ։ Պատերազմական գործողությունների հասցրած վնասն առաջին հերթին անդրադառնում է քաղաքացիական բնակչության և քաղաքացիական օբյեկտների վրա։ Այդ թվում՝ ենթակառուցվածքային օբյեկտների, քաղաքացիների սեփականության, ինչպես նաև այլ տարրերի վրա, որոնք ապահովում են բնակչության նորմալ կյանքը։

Հակառակորդի հասցրած վնասն ուղղակի հսկայական է։ Այսօր աշխատանքներ են ընթանում դրանց դրամական գնահատական տալու ուղղությամբ, բայց արդեն կարելի է ասել, որ այն համադրելի է հանրապետության մի քանի տարվա ՀՆԱ-ի հետ։ Դա առաջին հերթին վերաբերում է այնպիսի ոլորտների, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգետիկան։

Քանի որ տարածքների մեծ մասը ռազմական գործողությունների հետևանքով անցել է հակառակորդին կամ գրավվել, մեր տնտեսությունը զրկվել է գյուղատնտեսական հողերի և էներգետիկայի օբյեկտների մեծ մասից։ Քաղաքացիների սեփականության մեծ մասը՝ անշարժ գույք, անձնական և գյուղատնտեսական տեխնիկա, նույնպես կա՛մ ոչնչացվել է, կա՛մ մեր վերահսկողությունից դուրս է մնացել։

Այնպես որ Արցախի տնտեսության վերականգնման համար դեռ երկար ժամանակ կպահանջվի։ Վերջին տարիներին մեզ հաջողվել էր բավական լավ տնտեսական ցուցանիշների հասնել։ Օրինակ` 2019թ-ին մեր ՀՆԱ-ի ծավալը մեկ շնչի հաշվով գերազանցել էր 4,8 հազար դոլարը, ինչը տարածաշրջանի համեմատ միջինից բարձր էր։ Հիմա մենք ակնհայտորեն ստիպված ենք սկսել եթե ոչ զրոյական, ապա շատ ցածր դիրքերից։ Ես կարծում եմ, որ մեզ բավականին երկար ժամանակ պետք կլինի, եթե ոչ տարիներ՝ վերականգնելու համար այն ցուցանիշները, որոնց արդեն հասել էինք։ Սակայն ես վստահ եմ, որ մենք կհասնենք դրան։

-Ի՞նչ աղբյուրներից եք ֆինանսներ ներգրավելու տնտեսության վերականգնման համար։

-Մենք շատ ուղղություններով ենք աշխատում` բյուջետային և ոչ բյուջետային միջոցներ, բարեգործական հիմնադրամներ, սփյուռք, ինչպես նաև այլ աղբյուրներ, որոնք մեզ օգնություն են առաջարկում։

Թույլ չեն տվել, որ որևէ լուրջ միջադեպ լինի․ Շոյգուն` Ղարաբաղի ու խաղաղապահների մասին

- Ռուսաստանը կարո՞ղ է այդ ուղղությամբ զգալի օգնություն ցուցաբերել։

-Անկասկած։ Ռուսաստանն այսօր էլ է աջակցություն է ցուցաբերում։ Կուզեի նշել մի քանի կարևորագույն ոլորտ։ Ինչպես արդեն ասացի, պատերազմի հետևանքով հանրապետության բոլոր գլխավոր օբյեկտները վնասվել են։ Ինչ-որ պահի մենք մնացել էինք գրեթե առանց էներգամատակարարման ու գազամատակարարման, ինչպես նաև առանց կապի։ Էներգամատակարարման գլխավոր ուղիների վերականգնման հարցում մեզ մեծ աջակցություն ցուցաբերեց Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ առաքելությունը։

Քանի որ այդ ուղիների մի մասն անցնում էր սահմանին շատ մոտ կամ մեր վերահսկողությունից դուրս մնացած տարածքով, խաղաղապահները մեզ իսկական օգնություն ցուցաբերեցին անվտանգության ապահովման հարցում, ինչպես նաև տեխնիկական օգնություն, որը թույլ տվեց օպերատիվ կերպով վերականգնել դրանք։ Այս պահի դրությամբ դրանք վերականգնված են գրեթե ամբողջական ծավալով, և մենք արդեն կարողացել ենք ապահովել և՛ կայուն էներգամատակարարումը, և՛ արտաքին աշխարհի հետ կապը։

Ճիշտ է, ներքին ցանցերը դեռ լիովին վերականգնված չեն, և այդ ուղղությամբ մենք նույնպես աշխատում ենք։ Այստեղ ևս մեզ պետք կլինի Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների օգնությունը։

-Ըստ ձեզ` որքա՞ն ժամանակ պետք կլինի ԼՂՀ-ն նախապատերազմական իրավիճակին վերադարձնելու համար։

-Ինչպես արդեն ասացի, հսկայական վնաս է հասցվել, և այդ պատճառով ես կդժվարանամ ինչ-որ հստակ ժամկետներ նշել։ Մեր ամբողջ ներուժը մի քանի տարով հետ է շպրտվել։ Մեծ ջանքեր պետք կլինեն, որպեսզի կարողանանք վերականգնել ու զարգացնել մեր տնտեսությունը։

Ռուս խաղաղապահների աջակցությամբ Մարտունի քաղաքում վերականգնվել է 29 տուն

Մյուս կողմից՝ մեր կրած կորուստների հետևանքով հնարավորություն է ստեղծվել մաքուր էջից սկսելու այն ոլորտների զարգացումը, որոնք մեզ թույլ կտան առավել բարձր արդյունքներ ստանալ հնարավորինս սեղմ ժամկետներում։ Դա առաջին հերթին վերաբերում է ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմանը, էներգետիկայի նոր տեսակներին, տեղեկատվական տեխնոլոգիաների որոշ ոլորտներին։

Մեր առաջ հնարավորություն է բացվում մեր ջանքերը նոր բարձր տեխնոլոգիական ոլորտների զարգացմանն ուղղելու համար, որոնք մեծ ելակետային բնական ռեսուրսներ չեն պահանջում։ Մենք մասամբ ստիպված ենք այդպես վարվել, քանի որ այս պահի դրությամբ հանրապետության ռեսուրսների մեծ մասը կորսված է։

-Հաշվի առնելով Ձեր հնչեցրած բոլոր հավակնոտ ծրագրերը, արդյո՞ք մենք կարող ենք միանշանակ պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անցյալում է մնացել։

- Բարդ հարց է։ Կուզեի հուսալ, որ այդպես է։ Միանշանակ կարելի է ասել, որ առանց անվտանգության կայուն երաշխիքների Լեռնային Ղարաբաղի բնակչությունը չի կարող իր ապագան կապել այստեղ բնակվելու հետ։ Պատերազմի 44 օրվա ընթացքում մենք բազմաթիվ զրկանքներ կրեցինք։ Հազարավոր մարդիկ են զոհվել ու վիրավորվել։ Այդ վերքերը դեռ երկար ժամանակ են մեզ ցավ պատճառելու։

Ռուս խաղաղապահները Ճարտարի դպրոցականներին անվտանգության կանոններ են սովորեցրել

Ուստի առաջին հերթին մենք պետք է հասկանանք, որ միայն ագրեսիայի կամ մարտական գործողությունների բացակայության երաշխիքների պարագայում մարդիկ կկարողանան իրենց խաղաղ կյանքը կապել հայրենիքի հետ։ Այս հարցում, անկասկած, առաջնահերթ դեր են խաղալու Արցախում գտնվող խաղաղապահ ուժերը։

- ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների այժմյան ներկայության մակարդակը բավարա՞ր է տարածաշրջանում անվտանգությունն ու վերականգնումը լիարժեք ապահովելու համար։

-Ցավոք, դժվարանում եմ պատասխանել այդ հարցին։ Կարծում եմ՝ դա կախված է նրանից, թե որքանով է հենց խաղաղապահ զորակազմը գնահատում իր հնարավորությունները։

-Թույլ տվեք վերաձևակերպել հարցս։ Ձեր կարծիքով՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի ընդլայնումը կնպաստի՞ Ղարաբաղի հետպատերազմական վերականգնմանը։

-Իմ գործունության ոլորտը տնտեսությանն է վերաբերում, և եթե հարցը գնահատեմ այդ տեսանկյունից, ինձ թվում է՝ մենք և մեր գործընկեր-խաղաղապահներն արդեն անում ենք մեզնից կախված ամեն բան, որպեսզի ապահովենք անվտանգությունն ու վերականգնումը։

Խաղաղապահների հետ մեր համագործակցությունը շատ բարձր մակարդակում է, և արդեն իսկ ամեն ինչ արվում է բոլոր հնարավորությունների չափով։

ՌԴ նախագահն ասաց, թե Արցախում որ դեպքում կարող է ավելանալ ռուս խաղաղապահների թիվը

-Լեռնային Ղարաբաղում շատերը կորցրել են իրենց տները և նույնիսկ հիմա՝ պատերազմի ավարտից մեկ ամիս անց, կասկածում են՝ արդյո՞ք իշխանությունը կօգնի վերադառնալ նախկին կյանքին։ Այսօրվա դրությամբ Արցախում բնակտարածքը հերիքո՞ւմ է փախստականներին տեղավորելու համար։

-Ռազմական գործողությունների հետևանքով մոտ 35-45 հազար մարդ զրկվել է տանիքից։ Այս թիվը ներառում է թե՛ նրանց, ովքեր կորցրել են տունը հրետակոծությունների հետևանքով, թե՛ նրանք, ովքեր տնից զրկվել են Արցախի տարածքների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու պատճառով։ Այդ մարդկանց մեծ մասն այսօր Հայաստանում է։

Իհարկե, նրանց վերադարձնելու համար մենք պետք կյանքի, կենցաղի գոնե նվազագույն պայմաններ ապահովենք։ Դա կառավարության առաջնային խնդիրն է։ Վերադարձողներին մենք անհապաղ կարգով ժամանակավոր բնակարան ենք տրամադրում։ Գործարկում ենք թե՛ երկրորդային ֆոնդը, թե՛ հյուրանոցները, թե՛ հանրային շինությունները։ Հեռանկարում այս խնդրի լուծումը տեսնում ենք տների և բնակարանների կառուցման մեջ։ Մեր առջև խնդիր է դրված բնակտարածքով ապահովել բոլոր նրանց, ովքեր վերադառնալու ցանկություն են հայտնել։
Մենք հասկանում ենք, որ դրա համար ժամանակ է պետք։ Հնարավոր է, որ այդ խնդրի լուծումը երկու փուլով կլինի։ Օրինակ` մարդիկ սկզբում տեղավորվեն արագ կառուցվող տներում, իսկ հետագայում ապահովվեն մշտական բնակարաններով։ Մենք կօգտագործենք մեր բոլոր հնարավորությունները։

Բացի Որոտանից, ռուս խաղաղապահները տեղակայվել են նաև Սյունիքի այլ բնակավայրերում. մարզպետ

Մենք նաև օգնության համար դիմել ենք ՌԴ կառավարությանը։ Այս պահին այդ հարցը քննարկվում է։ Օգնության մի մասն արդեն տրամադրված է` շինանյութ, առաջին անհրաժեշտության պարագաներ, օրինակ` վերմակները և նման բաներ։

-Եվս մեկ հարց կա, որն ուղղակիորեն վերաբերում է ԼՂՀ-ի հետպատերազմական վերականգնմանը։ Վերջին շաբաթների ընթացքում քննարկվում է ավիահաղարդակցության բացման հնարավորությունը։

-Դա մեծ օժանդակություն կլիներ խաղաղ կյանքի վերականգնման հարցում` հաշվի առնելով, որ այսօր Արցախն արտաքին աշխարհին միացնող միայն մեկ ճանապարհ կա։ Այն բավականին բարդ վիճակում է։ Ուստի ավիահաղորդակցության հաստատումը դրական դեր կխաղար կայունության ապահովման և հանրապետության բնակիչների մոտ վաղվա օրվա հանդեպ վստահության ձևավորման հարցում։

Ավիահաղորդակցության հնարավորության հարցում այս պահին դեռ հստակություն չկա, բայց կա հույս։ Բոլոր բնակիչների հույսերը կապված են առաջին հերթին այն բանի հետ, որ ռուս խաղաղապահներին կհաջողվի կայուն ավիահաղորդակցություն հաստատել արտաքին աշխարհի հետ։ Սակայն այս հարցի վերաբերյալ կոնկրետ ժամկետներ դեռ չեմ կարող նշել։

-Որքանո՞վ է այսօր ԼՂՀ-ում լուրջ կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը։ Բնակչության պատվաստման պլաններ ունե՞ք, և արդյո՞ք ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը հետաքրքրում է ձեզ:

Ամեն թփի տակ խաղաղապահ չկա. որքանո՞վ էր լուրջ դեկտեմբերյան սրացումն Արցախում

-Այսօր մեզ մոտ կորոնավիրուսով վարակվածների թիվը մի քանի տասնյակի է հասնում, նրանք ստացիոնար բուժում են ստանում։ Պատերազմից առաջ մեզ մոտ հակահամաճարակային իրավիճակը լավ էր, մահվան ելքով որևէ դեպք չէր գրանցվել, և մենք արդյունավետ պայքարում էինք COVID-19-ի դեմ։ Պատերազմի օրերին այդ պայքարը երկրորդ պլան մղվեց։

Քանի որ բնակչության մեծ մասը լքեց Արցախը, հետո վերադարձավ, այստեղ փաստացի չէր պահպանվում դիմակային ռեժիմը կամ որևէ այլ հակահամաճարակային միջոցառումներ։ Բնականաբար դա անդրադարձավ հիվանդացության աճի վրա և մահվան դեպքերի թվի վրա։

Մեր առողջապահական համակարգի ռեսուրսները բավարար են հիվանդների ընթացիկ բուժումն ապահովելու համար: Պատվաստման հարցը դեռ չի քննարկվել։ Կարծում եմ, որ մենք անպայման կանդրադառնանք, երբ այլ երկրների օրինակով համոզվենք, որ ռուսական պատվաստանյութն արդյունավետ է։ Առաջին հերթին ՝ հենց Ռուսաստանի օրինակով։ Ինչպես հասկանում եմ, Ռուսաստանում պատվաստումը դեռ նոր պետք է սկսվի։ Եթե դրական արդյունքներ գրանցվեն, ինչու ոչ, մենք նույնպես կարող ենք քննարկել այդ հարցը։