Վիրավորները 300 000 դրամ աջակցություն կստանան` չսպասելով հաշմանդամության կարգի տրամադրմանը

Զինծառայողների հիմնադրամի ամսական աջակցությունը նման դեպքերի համար կազմում է 100 000 դրամ։ Կառավարությունն առաջարկում է պետական բյուջեի միջոցներով այդ աջակցությանն ավելացնել ևս 200 000–ով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում վիրավորված զինծառայողները Զինծառայողների աջակցության հիմնադրամից կսկսեն աջակցություն ստանալ նաև մինչև հաշմանդամության կարգի որոշումը։ Կառավարության համապատասխան որոշման նախագիծն այսօր գործադրի նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Կան վիրավորներ. 44 հայ գերիների վերադարձի լուսանկարները

«Հաշմանդամություն ստացած քաղաքացիները հիմնադրամի կողմից, համաձայն օրենքով սահմանված կարգի ու ժամկետների, ստանում են աջակցություն։ Սակայն, հաշվի առնելով, որ այդ գործընթացը որոշակի ժամանակ է ենթադրում։ Կապված առողջացման գործընթացի հետ` միջոցառումն առաջարկում է, որ որոշ հիվանդությունների դեպքում, երբ ակնհայտ է, որ այդ քաղաքացիներն առաջիկայում ստանալու են հաշմանդամության խումբ, մինչև հաշմանդամության խմբի ստացումը հնարավորություն կստանան հիմնադրամի կողմից աջակցություն ստանալու` առավելագույնը 6 ամիս ժամկետով»,– ասաց նախարարը։

Հայ զինծառայողների վերաբերյալ տեսանյութն իրական է. ՊՆ

Առաքելյանը հայտնեց, որ այս պահին հիմնադրամի ամսական աջակցությունը նման դեպքերի համար կազմում է 100 000 դրամ։ Կառավարությունն առաջարկում է պետական բյուջեի միջոցներով այդ աջակցությունն ավելացնել ևս 200 000–ով` այն հասցնելով 300 000 դրամի` մինչև հիմնադրամի հիմնական շահառու դառնալն ու ըստ հաշմանդամության կարգի սահմանված չափով գումար ստանալը։

Հիշեցնենք, որ արցախյան պատերազմի ընթացքում վիրավորվածների թվի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա։