ՌԱԴԻՈ

Ի՞նչ գին է պահանջում Թուրքիան ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դիմաց

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստանում իշխող ուժի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բարելավման թեզին՝ նշելով, որ դա ոչ այլ ինչ է, քան խաբկանք կամ քաղաքական հնարք:
Sputnik
Ի՞նչ գին է պահանջում Թուրքիան ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դիմաց

Մինչ Թուրքիայում և Ադրբեջանում ժամ առ ժամ ուժեղանում է հայատյացության քարոզը, Հայաստանում իշխող ուժը թշնամական երկու երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ կառուցելու և բարիդրացիական կապեր հաստատելու թեզեր է հնչեցնում: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ մեկնաբանելով Հայաստանում իշխող ուժի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունները բարելավելու թեզը:

Սադրանքներն Արցախում կշարունակվեն. Թուրքիան ցանկանում է չեզոքացնել ՌԴ ազդեցությունը

«Երբ ասվում է՝ եթե այդ միջանցքը ստեղծվի՝ մենք առևտուր կանենք, տնտեսությունը կզարգացնենք, սա կլինի, նա կլինի, դա խաբկանք է, որ մարդիկ թույլ են տալիս և ժողովրդին ուզում են հիմարացնել»,- ասաց նա:

Նավասարդյանի խոսքով, եթե իշխող ուժի ցանկությունը երբևէ իրականություն դառնա և Երևանում ադրբեջանական դեսպանատուն բացիվ, ապա դա մեկ նպատակ կարող է հետապնդել, ինչից պետք է զգուշանալ:

«Ենթադրենք՝ քաղաքի կենտրոնում բացվում է ադրբեջանական դեսպանատուն... Այն կարող է դառնալ լրտեսական կառույց՝ Հայաստանը ներսից քայքայելու համար»,- նշեց դեսպանը:

Թուրքիայի դեպքում դիվանագիտական հարաբերություններ կառուցելը Նավասարդյանը քիչ հավանական է համարում:

Ավելի քան 30 հայ կամավորներ կարողացել են դուրս գալ ադրբեջանցիների շրջափակումից

Նա լավ է հիշում՝ դեռևս 28 տարի առաջ, երբ Ստամբուլում մասնակցում էր Սևծովյան համագործակցության երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդակցությանը, իրեն կանչեց այն ժամանակվա Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը և ասաց՝ քանի հայերը չեն հրաժարվել Արցախի նկատմամբ որևէ հավակնությունից, քանի դեռ հայերը չեն հրաժարվել իրենց պահանջատիրությունից՝ կապված եղեռնի հետ, և սփյուռքը չի դադարել պահանջներ ներկայացնել, իրենք չեն պատրաստվում Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել:

Թուրքիան պետք է ձեռք բերի Հայաստանի վստահությունը. Արա Այվազյան

92-ից առ այսօր ոչինչ չի փոխվել, բայց, դեսպանը չի բացառում նաև, որ խորամանկ թուրքերը կարող են արտաքուստ նորմալ հարաբերություներ ստեղծել, բայց ներսից փորձեն քանդել Հայաստանը:

Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանի այս քայլը ոչ այլ ինչ է, քան քաղաքական «տրյուկ», որը պայմանավորված է բացառապես փողի և շահամոլության մոլուցքով տարված նրան սատարող անձանց՝ «деньги не пахнут» տրամաբանությամբ:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն օրերս խոսել էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին: Երևանից հնչող ցանկությունների ֆոնին ուշագրավ է, որ դեկտեմբերի 10-ին Բաքվի ռազմաշքերթում Իլհամ Ալիևը շարունակեց հոխորտալ՝ Երևանը, Զանգեզուրն ու Սևանը ադրբեջանական տարածքներ են, իսկ նրա ավագ եղբայրը հիշեցրեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Էնվեր Փաշային: