«Ես բան չեմ պահանջե, իմ տղուն կպահանջեմ». ազատանցիները փակել են ճանապարհը

Գյուղացիները պահանջում են իրենց գերեվարված հարազատների վերադարձը։ Համաձայն նրանց տեղեկությունների` Հադրութի Խծաբերդ գյուղի մոտից 150 շիրակցի է գերեվարվել ադրբեջանցիների կողմից։
Sputnik

Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչները փակել են ճանապարհը` գերի ընկած 150 շիրակցիներին վերադարձնելու պահանջով։

«Ինչի՞ եք տարել ու թողել մեր երեխեքին, ինչի՞ տիրություն չեք արել։ Մեզի հեչ բան հետաքրքիր չէ. թող մեր էրեխեքին բերեն», – ասում են վրդովված գյուղացիները։

Անհետ կորածների ծնողները ներխուժեցին ՊՆ շենք. տեսանյութ

Sputnik Արմենիայի հետ զրույցում ազատանցիներից մեկն ասաց, որ իր որդու հրամանատարից է իմացել, որ նա գերության մեջ է։

«Երեք օր տղես չի զանգել, կամանդիրներն ասել են` գերի է ընկել։ Ես բան չեմ պահանջե, իմ տղուն կպահանջեմ», – ասում է ազատանցին։

Sputnik Արմենիայի թղթակցի փախանցմամբ` շարունակում են փակ մնալ նաև Բավրայի, Քեթիի, Լանջիկի ճանապարհները, շիրակցիները պատրաստվում են փակել նաև Իսահակյան գյուղի ճանապարհը։

Նշենք, որ համաձայն շիրակցի Կարապետ Պողոսյանի տեղեկությունների` Հադրութի Խծաբերդ գյուղից 150 շիրակցի է գերեվարվել ադրբեջանցիների կողմից։

Հիշեցնենք` ԱՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն այսօր հայտնեց, որ երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ, ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

Օրեր առաջ մամուլում տեղեկություններ կային այն մասին, որ Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքում մարտերը վերսկսվել են:

Ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Արցախի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը

Այս գյուղերում դեկտեմբերի 11-ին և 12-ին, արդեն իսկ մարտական բախումներ էին տեղի ունեցել, որոնք դեկտեմբերի 13-ին հանգուցալուծվել էին ռուս խաղաղապահների միջամտությամբ ու տվյալ տարածքում վերահսկողություն սահմանելով։

Այս երկու գյուղերը ներկա պահին դարձյալ վերադարձվել են ադրբեջանական կողմին ու գտնվում են Ադրբեջանի ԶՈւ–ի վերահսկողության տակ։

Նշենք, որ համացանոցում արդեն իսկ տարածվել է նորացված քարտեզ, որտեղ Խծաբերդն ու Հին Թաղերը ներկայացված են որպես ադրբեջանական վերահսկողության տարածք։

Այս մասին է վկայում նաև ՌԴ ՊՆ հրապարակած նոր քարտեզը։

Հին Թաղերը կորցրել ենք, Խծաբերդում և՛ ադրբեջանցիներ կան, և՛ հայեր. Հադրութի շրջանի ղեկավար