Արթուր Պապյանի դիտարկմամբ` արբանյակային քարտեզները հասանելի դարձնելը ժամանակին, մասնավորապես 1960-ական թվականներին համարվում էր շատ մեծ շռայլություն, բայց 2000-ականների սկզբից, երբ Google-ը ձեռք բերեց հատուկ նկարահանող արբանյակներ և մի ընկերություն, որը հատուկ զբաղվում էր արբանյակային լուսանկարներով, գործընթացը դարձրեց ավելի հասանելի, իսկ այսօր արդեն մեծ օպերատիվությամբ թարմացնում է տեղեկությունը։ Ըստ այդմ` համացանցային քարտեզների ամենամեծ հնությունը կարող է լինել 3 տարին։
«Հավանականությունը մեծ է, որ դուք կտեսնեք նաև երկշաբաթյա հնության բազմաթիվ լուսանկարներ։ Օրինակ` 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում ինչ–որ դեպքերում տեսնում էինք լուսանկարներ Գանձակից, Ստեփանակերտից, որոնք հենց երկշաբաթյա հնության էին։ Այսօր Google-ը շատ օպերատիվ է մոտենում քարտեզների հարցին։ Հակամարտությունը նույնպես Google-ի ուշադրության կենտրոնում է, որովհետև Google Map հավելվածը շատ տարածված ծառայություններից մեկն է ամբողջ աշխարհում։ Նրա անդրոիդ համակարգով բոլոր հեռախոսներում այդ հավելվածը ներբեռնված է, և մարդիկ օգտվում են դրանից»,– նշեց մեդիափորձագետը։
Պապյանի տեղեկացմամբ` շատ տարօրինակ էր, որ արցախյան պատերազմի կեսից հանկարծ նկատվեց, որ քարտեզում կատարվում են փոփոխություններ։ Առաջ ԼՂԻՄ–ի սահմաններից բացի, ԱրցախըՀայաստանին միացնող այլ տարածքների սահմանները նշվում էին կարմիր կետագծիկներով, բայց դրանք անհետացան։ Մեդիափորձագետն ահազանգել է այդ մասին, իր ընկերների հետ փորձել է տարբեր կապեր գտնել, սակայն ջանքերն անցել են ապարդյուն։