Վարդան Այվազյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է նախկին նախարարի կալանքի ու ձերբակալության հարցով որոշումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀԿ–ական նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը չի կալանավորվի և ազատ կարձակվի ձերբակալումից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Այվազյանի փաստաբան Միհրան Պողոսյանը դատական նիստի ավարտից հետո։

«Դատարանի որոշման գրավոր տարբերակը դեռ չենք ստացել, իրավական հիմքերին չենք ծանոթացել։ Բայց հրապարակված որոշման համաձայն` դատարանը մերժել է Վարդան Այվազյանին կալանավորելու` քննիչի միջնորդությունը և բավարարել ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու մեր միջնորդությունը»,– ասաց Պողոսյանը։

Նա նաև նշեց, որ Այվազյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։

Հիշեցնենք` ԱԱԾ–ում հարուցված քրեական գործով Վարդան Այվազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր. օր. 300.1 հոդվածի առաջին մասով` իշխանության յուրացման համար։ Դեկտեմբերի 12-ին նախաքննական մարմնի որոշմամբ` Այվազյանի տանը կատարված խուզարկությունից հետո նա ձերբակալվել էր։

Բոլորիս վրա կան նման գործեր. դատարանը քննում է ՀՀԿ–ական Վահրամ Բաղդասարյանի կալանքի հարցը

Փաստաբան Միհրան Պողոսյանը վիճարկել էր քննիչի որոշումը դատարանում։ Երեկ, սակայն, դատական նիստից անմիջապես առաջ ԱԱԾ քննիչը դատարան էր ներկայացրել Այվազյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը։

Արդյունքում փաստաբանի ու քննիչի միջնորդությունները դատարանը քննության էր առել մեկ դատական նիստի շրջանակներում։

Մինչ այդ, Միհրան Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ իր պաշտպանյալին ձերբակալել են` վարչապետի հայտնի «օծանելիքների և ժամացույցների» գործով, այսինքն` նոյեմբերի լույս 10-ին կառավարության և ԱԺ–ի շենք մուտք գործելու դեպքերի կազմակերպման առնչությամբ։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նրա հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Ավելի ուշ լուրեր տարածվեցին, որ ինչ-որ մարդիկ մտել են նաև ՀՀ վարչապետի կեցավայր և այնտեղից օծանելիք ու ժամացույց հափշտակել։

ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահները, Ծառուկյանի փեսաները... ովքեր են մտել վարչապետի ընդունարան

ԱԱԾ–ն ավելի ուշ հայտնեց, որ զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ԱԺ–ի, կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրգործի շրջանակներում հետապնդումներ են հարուցվել շուրջ հինգ տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից 18–ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Նոյեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանն իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ դժգոհություն հայտնեց նոյեմբերի 10-ին զանգվածային անկարգությունների դեպքի առնչությամբ հարուցված քրգործի ընթացքից։

Դեկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի տանն իրականացված խուզարկությունից հետո նրան բերման են ենթարկել Ազգային անվտանգության ծառայություն։

Նույն օրը նրա պաշտպան Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին ձերբակալել են վարչապետի հայտնի «օծանելիքների և ժամացույցների» գործով, այսինքն` նոյեմբերի լույս 10-ին կառավարության և ԱԺ–ի շենք մուտք գործելու դեպքերի կազմակերպման առնչությամբ։