Շենգավիթում 71-ամյա կինը ծխահարվել ու մահացել է հարևանի տանը բռնկված հրդեհից

Հրդեհը բռնկվել է էլեկտրական տաքացուցիչով ջեռուցվող տանը, հետո տարածվել դեպի հարևան ինը բնակարանները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Շենգավիթ համայնքի շենքերից մեկում բռնկված հրդեհը տարեց կնոջ մահվան պատճառ է դարձել։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:05-ին, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ «հրդեհից առաջացած ծխի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 71-ամյա կին։ Նա վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Պարզվել է, որ կինը թունավորում է ստացել Շահամիր Շահամիրյան փողոցի 1-ին շենքի 6-րդ հարկում բռնկված հրդեհի հետևանքով։

Հրդեհ երևանյան շենքերից մեկում. մեկ մարդ մահացել է, տուժածների շարքում երեխա կա

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի (անզգուշությամբ մահ պատճառել) 1-ին մասով և 186-րդ հոդվածի (գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասել) 2-րդ մասով։

«Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի արդյունքում պարզվել է, որ հրդեհն սկզբում բռնկվել է բնակարաններից մեկում, այնուհետև տարածվելով՝ վնասել նաև հարևանությամբ գտնվող թվով 9 բնակարանների մուտքերի դռները, որի հետևանքով նշված բնակարաններից մեկի բնակչուհին՝ ծնված 1949թ., ստացել է ծխային թունավորում, բուժօգնության տեղափոխվել «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ նրա կյանքը փրկել հնարավոր չի եղել, և նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ստեփանակերտի կարի և կոշիկի արտադրամասում հրդեհ է բռնկվել

Իրավապահները պարզել են, որ այն բնակարանը, որտեղ ի սկզբանե բռնկվել է հրդեհը, գազաֆիկացված չի եղել և ջեռուցվել է էլեկտրական տաքացուցիչով։ Հրդեհի ժամանակ տանը երկու անձ է եղել՝ տանտիրուհու անչափահաս որդին և բարեկամուհին: Նրանք անվնաս տարհանվել են:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական փորձաքննություն, հարցաքնվել են մի շարք անձինք:

Կատարվում է նախաքննություն:

«Բալես, ո՞ւր գնանք, տուն չունենք». Պտղունքում հրդեհի հետևանքով 14 ընտանիք անօթևան մնացին