Ղարաբաղում վնասազերծվել է ավելի քան 4500 պայթունավտանգ առարկա. ՌԴ ՊՆ

Օդանավակայանի մերձակա հատվածներից մեկն ականազերծելու համար օգտագործվել է ռոբոտատեխնիկական համալիր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հայտնաբերել ու վնասազերծել են 4577 պայթունավտանգ առարկա։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ավելի քան 15 հազար արկ․ Ստեփանակերտի ականազերծումը կարող է մինչ տարեվերջ ավարտվել

«Ինժեներական ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է ավելի քան 80 հեկտար տարածք, 24.8 կմ ճանապարհ, 168 շինություն ու հասարակական նշանակության 6 օբյեկտ, հայտնաբերվել ու վնասազերծվել է 4577 պայթունավտանգ առարկա»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկ օրվա ընթացքում ականազերծվել է Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի գազատար խողովակի շրջակա տարածքն ու Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի Աջափնյակ փողոցի շրջանը։

Օդանավակայանի մերձակա հատվածներից մեկն ականազերծելու համար օգտագործվել է ռոբոտատեխնիկական «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ համալիրը, որի կիրառումն ապահովում է անձնակազմի անվտանգությունն ու մեծացնում է աշխատանքի արտադրողականությունը։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Ինչպես են սակրավորներն ականազերծում Ստեփանակերտի հարավային հատվածը

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են