Գազի ընդհանուր շուկայի ձևավորումը ԵԱՏՄ զարգացման կարևոր նշաձող կդառնա․ Փաշինյան

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ սկզբունքային դիրքորոշմանը Եվրասիական միության համակարգված էներգետիկ քաղաքականության անհրաժեշտության հարցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Գազի ընդհանուր շուկայի ձևավորումը կարևոր նշաձող կդառնա Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց նիստում նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Համաճարակն ու այլ մարտահրավերներ զգալի խնդիրներ են ստեղծել. Փաշինյանը՝ ԵԱՏՄ նիստում

Հայաստանը, նրա խոսքով, առաջնահերթ է համարում մինչև 2025 թվականը ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների վերջնական մշակումն ու համաձայնեցումը։

«Մենք պետք է գտնենք փոխզիջումային լուծումներ, որոնք թույլ կտան ավարտել մեր ինտեգրացիոն միավորման համար այդ չափազանց կարևոր գործընթացը։ Մենք շարունակում են հավատարիմ մնալ սկզբունքային դիրքորոշմանը Եվրասիական միության համակարգված էներգետիկ քաղաքականության անհրաժեշտության հարցում։ Մասնավորապես, վստահ ենք, որ նավթի ու գազի ընդհանուր շուկայի ձևավորումը ինտեգրացիայի անբաժան մասն է», - ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ բավարարված է Եվրասիական հանձնաժողովի աշխատանքով ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման առաջին փուլում։

Փաշինյանը կարևորել է երկրորդ փուլը, որի արդյունք պետք է դառնա Միության գազի շուկայի ենթակառուցվածքային, տեխնոլոգիական ու իրավական հիմքի ձևավորումը։

Առաջատարը ռուսական ռուբլին է․ Մալկինան՝ ԵԱՏՄ-ում փոխադարձ վճարումների մասին

«ԵԱՏՄ-ի գազի ընդհանուր շուկայի մասին միջազգային պայմանագրի մշակումն ու ընդունումը Միության գործունեության ու ինտեգրացիոն տարածքի կարևոր նշաձող կդառնա», -  ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք՝ ծրագրված է 2025 թվականին Եվասիական միությունում նավթի, գազի ու էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկա ձևավորել։

2015 թվականի հունվարի 2-ին Հայաստանը պաշտոնապես միացել է Եվրասիական տնտեսական միությանը։ Հայաստանը ստորագրել է ԵԱՏՄ անդամ դառնալու մասին փաստաթուղթը 2014 թվականի հոկտեմբերին։