«Չեն կարում ասեն երբեք, էսօր–վաղն են ասում». անհայտ կորած զինծառայողի հարազատ

ԶՈւ գլխավոր շտաբի լրատվականի պետ Սամվել Ասատրյանի հետ զրույցից հետո հարազատները հայտնեցին լրագրողներին, որ գոհ չեն հանդիպումից։
Sputnik

Այսօր Էջմիածնի զորամասից Արցախ մեկնած 60 հոգանոց խմբից 34 անհայտ կորած զինծառայողների հարազատները կրկին հավաքվել էին Էջմիածնի զինվորական մասի մոտ։

Ո՛չ մեռնելուց եմ վախենում, ո՛չ դատվելուց. անհետ կորածի հայրը փորձեց հարվածել հրամանատարին

Որոշ ժամանակ անց նրանք հրավիրվեցին ներս` խոսելու ԶՈւ գլխավոր շտաբի լրատվականի պետ Սամվել Ասատրյանի հետ։ Դուրս գալուց հետո հարազատները հայտնեցին լրագրողներին, որ գոհ չեն հանդիպումից։

«Ոչ մի բան էլ չպարզվեց, ժողովուրդ ջան, ասեցին` ընթացքի մեջ ա։ Երկու օր ա նույնն են ասում, փորձում են մեզ լռեցնել։ Չեն կարում ասեն երբեք, էսօր–վաղն են ասում։ Իրանք խաբում ենք, իրանց վրա հույս չկա, մեր միակ հույսը աստվածն ա», – ասաց կորած զինծառայողների հարազատներից մեկը։

Մյուսը հավելեց, որ իրենց խոստացել են հանդիպում կազմակերպել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ։

«Էդ էլ արդյունք չտա, բոլոր պետական ճանապարհները կփակենք մինչև մեր երեխեքից լուր չասեն։ Մտածում են` խելոք ժողովուրդ ա, կխաբեն, կհանգստացնեն, կգնա։ Չէ, տենց չի լինելու», – ասաց նա։

Անհետ կորածների ու գերիների ընտանիքները ամսական 300 000 դրամ գումար կստանան

Նախապես ասվել էր, որ Ասատրյանի և զինծառայողների հարազատների հանդիպումը փակ է լինելու, քանի որ խոսակցության ընթացքում այնպիսի տեղեկատվություն է փոխանակվելու, որը ցանկալի չէ հրապարակվի։

Հիշեցնենք` Էջմիածնի զորամասից Արցախի Կովսական (Զանգելան) մեկնած 60 հոգանոց խմբից 34 զինվոր անհայտ կորել են։ Հարազատներին ՊՆ–ից հայտնել են, որ զինծառայողներին ուղեկցող է կցված եղել, որը պետք է նրանց անվտանգության գոտի տեղափոխեր, սակայն մառախուղի պատճառով ուղեկցողը շփոթվել և այլ տեղ է տարել խմբին։

Զինծառայողների հետ վերջին կապը եղել է հոկտեմբերի 20-ին։