Առանց ՌԴ-ի չենք կարողանա վերականգնել հայկական բանակի մարտունակությունը․ Վազգեն Մանուկյան

Ներկայիս պայմաններում Ռուսաստանը Հայաստանի համար ավելի մեծ նշանակություն ունի, քան երբևէ, Մոսկվան կայուն դաշնակից է և անվտանգության երաշխավոր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Առանց Ռուսաստանի օգնության Հայաստանի զինված ուժերը չեն կարողանա վերականգնել մարտունակությունը, ասել է «Հայրենիքի փրկության շարժում» ընդդիմադիր միավորման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ։

Կցանկանայի՞ք Վազգեն Մանուկյանին տեսնել ՀՀ վարչապետի պաշտոնում. պատասխանում են քաղաքացիները

«Այս տարածաշրջանում գլխավոր խաղացողները Թուրքիան ու Ռուսաստանն են։ Անկարան արդեն իսկ հսկայական ազդեցություն ունի Վրաստանի վրա։ Թուրքիան ուժեղ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա։ Այս պայմաններում եթե մենք մեր ապագան կապենք Թուրքիայի հետ, մենք դատապարտված կլինենք ոչնչացման»,-նշեց Մանուկյանը։

Ուստի հիմա Հայաստանի համար Ռուսաստանի դերը շատ ավելի կարևոր է, քան երբևէ։ Բայց դա չի նշանակում բացառել այլ երկրների հետ հարաբերությունները, ասաց նա։

«Բայց հիմա անվտանգության գլխավոր երաշխիքը ՌԴ խաղաղապահ ուժերն են։ Պաշտոնապես այդ երաշխիքները պետք է անհետանան 5 տարի անց։ Գուցե այդ ընթացքում ինչ-որ բան տեղի ունենա, գուցե ժամկետը երկարաձգվի, բայց այս ամենը ենթադրություններ են։ Մենք 5 տարի ունենք ուժեղանալու համար, նոր դաշնակիցներ փնտրելու համար՝ մնալով Ռուսաստանի դաշնակիցը»,-ասել է Մանուկյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի շահերին, ապա շատ հարցերում դրանք համընկնում են։ Ոչ միշտ, բայց դա բնական է։ Կա նաև իներցիոն քաղաքականություն, այդ տեսակետից Ռուսաստանը շատ բարենպաստ գործընկեր է։ Մանուկյանը չի կարծում, որ Մոսկվան կզոհաբերի Հայաստանի շահերը հանուն Թուրքիայի կամ հակառակը։

Գնանք միասին ու կհաղթենք. Վազգեն Մանուկյանը ժողովրդին հորդորում է գնալ իր հետևից

 «Բայց այն, որ այս արագ փոփոխվող տարածաշրջանում հիմա 5 տարի  Ռուսաստանը մեզ կայուն դաշնակից է և անվտանգության երաշխիք, ես դրանում համոզված եմ։ Առանց Ռուսաստանի մենք նույնիսկ չենք կարողանա վերակառուցել և նորից զինել մեր բանակը»,-նշել է Մանուկյանը։

Նա ընդգծել է, որ պետք է ուժեղացնել Հայաստանի դիրքերը ՀԱՊԿ-ում, չնայած կազմակերպության անդամ տարբեր երկրների շահերը չեն համընկնում։

Հիշեցնենք՝ նոյեմբերի  9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Դեկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ ընդդիմության վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է, որը վարչապետ դառնալուն պես կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին և չի հավակնելու վարչապետի պաշտոնին: