Արմեն Դուլյանի դիտարկմամբ` երբ Վազգեն Մանուկյանն ակտիվորեն ներգրավվեց քաղաքական գործընթացներում` դառնալով «Ղարաբաղ» կոմիտեի անդամ ու համակարգող, հասարակությունը միանշանակ չէր ընդունում նրան։ Դուլյանը վկայակոչեց երկու հանգամանք. նախ`ժամանակին Մանուկյանի հեղինակած «Գնացքից թռչելու ժամանակը» վերտառությամբ հոդվածը մեծ աղմուկ բարձրացրեց, ու թեև Մանուկյանը կանխատեսում էր Խորհրդային Միության փլուզումը և այդ պատճառով առաջարկում շուտ դուրս գալ այդտեղից, այդուհանդերձ, մարդիկ այլ կերպ ընկալեցին հոդվածը` կարծելով, որ գնացքից թռչելը վտանգավոր է։
«Երկրորդ հանգամանքն այն է, որ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, թե հայերը համաշխարհային ազգ են, ինչը լավ չընդունվեց նույնիսկ թիմակիցների, մանավանդ Լևոն Տեր–Պետրոսյանի կողմից, իսկ ինձ համար շատ վիճահարույց էր Մանուկյանի կադրային քաղաքականությունը, երբ նա մարդկանց ընտրում էր իր շրջապատից, որոնցից շատերը հետո վարկաբեկվեցին։ Ես ՊՆ մամլո խոսնակի պաշտոնում աշխատեցի այն ժամանակ, երբ պատերազմ էր, և նախարարությունում համոզվեցի, որ նախարար Վազգեն Մանուկյանը, չլինելով ռազմական գործիչ, շատ լավ հասկանում էր իրադրությունը` գիտակցելով, որ անհրաժեշտ է լսել ռազմական գործիչներին»,– նշեց լրագրող–մեկնաբանը։
Դուլյանի փոխանցմամբ` թեև Վազգեն Մանուկյանը կայացնում էր իր որոշումները, բայցևայնպես լսում էր բոլորին, և այդ ժամանակ մերոնք ազատագրեցին Քելբաջարը, ինչը եղավ հաղթանակների սկիզբը։
«Վազգեն Մանուկյանը և Նիկոլ Փաշինյանը երկվորյակներ են». Տեր–Պետրոսյանը կոչ է հղել ժողովրդին
«Դա մեծ գործ էր։ Այն ժամանակ Քելբաջարից գնդակոծում էին Հայաստանի գյուղերը, մարդիկ ապրում էին ինչպես Ստեփանակերտի նկուղներում, հետևաբար, Քելբաջարի ազատագրումը մեծ դեր խաղաց ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար»,– նշեց Դուլյանը։
Անդրադառնալով հարցին, թե տարիներ ի վեր, հատկապես մեր օրերում ինչպիսի ընկալունակություն ունի Վազգեն Մանուկյանը հանրության շրջանում, Արմեն Դուլյանն ընդգծեց, որ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնի ստանձնումը նույնպես վիճահարույց էր, քանի որ Մանուկյանը նախապես քննադատել էր ՀՀ երեք նախագահներին, բայց ընդունեց Սերժ Սարգսյանի առաջարկը և պաշտոնավարեց շուրջ տասը տարի։
Ինչ հարաբերություններ ուներ Մանուկյանը «նախկինների» հետ, կամ պաշտոն ստանալու նուրբ արվեստը