Բերման ենթարկվածներից 4–ի հանդեպ անհամաչափ ֆիզիկական ուժ է գործադրվել. ՄԻՊ

Չորս դեպքերից մեկի վերաբերյալ ոստիկանությունում նախաձեռնվել է ծառայողական քննություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիաների մասնակիցներից 4–ի հանդեպ ոստիկանները անհամաչափ ֆիզիկական ուժ են գործադրել։ Այս մասին գրում է Մարդու իրավունքների պաշտպանը։

Ոստիկանները բերման են ենթարկում փողոցներ փակող ակտիվիստներին

«Արձանագրվել է անհամաչափ ֆիզիկական ուժ կիրառելու 4 դեպք, որոնցից 2-ը լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում առկա հրապարակումների հիման վրա, իսկ մյուս 2-ը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի՝ ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում», – ասված է հաղորդագրությունում։

Ըստ ՄԻՊ–ի` ոստիկանները անհամաչափ ֆիզիկական ուժ են գործադրել չորս քաղաքացիների նկատմամբ նրանց փողոցից բերման ենթարկելիս, ոստիկանական մեքենա նստեցնելիս, ինչպես նաև հենց մեքենայում։ Չորս դեպքերից մեկի վերաբերյալ ոստիկանությունում նախաձեռնվել է ծառայողական քննություն:

Նշվում է, որ բաժիններում գտնվելու ընթացքում ոստիկանության ծառայողների վերաբերմունքի առնչությամբ որևէ բողոք կամ վատ վերաբերմունքի դեպք չի արձանագրվել:

«Փողոցից եկել եք, նորից գնացեք փողոց». Արամ Սարգսյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում այսօր գործել է հինգ աշխատանքային խումբ՝ կապված հավաքների հետ։ Խմբերից երեքը այցելել են ոստիկանության բաժիններ, մեկը` դիտարկել լրատվամիջոցները ու սոցիալական ցանցերը, մեկ խումբ իրականացրել է իրավական վերլուծության աշխատանքներ։

Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ վարչական ձերբակալման ենթարկված 33 անձի հետ, ուսումնասիրվել են նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։

Չխանգարենք ոչ մեկին․ ՀՀ ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է հղել

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի տված վերջնաժամկետն ավարտվել է այսօր՝ ժամը 12։00–ին։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կեսօրին ուղիղ եթերում հայտնել էր, որ Հայրենիքի փրկություն շարժումը սկսում է խաղաղ անհնազանդության ակցիաններ իրականացնել։ Արդյունքում Երևանի տարբեր հատվածներում փողոցներ փակվեցին։ Ոստիկանության բերման ենթարկվեց 81 ակցիայի մասնակից։

Այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հորդոր-պահանջով հանդես են եկել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդն ու Մեծն Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։

Հիշեցնենք, որ վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են Արցախի վերաբերյալ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

«Նիկոլ, դավաճան». ակցիայի մասնակիցները կոչ են անում փակել Երևանի փողոցները