ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանը պետք է ավելի կոշտ քաղաքականություն վարի և ավելի կոշտ հռետորաբանություն ցուցաբերի Թուրքիայի նկատմամբ։ Հայկական կողմից ցանկացած զիջում մեկնաբանվում է որպես թուլություն և ազատում է Անկարայի ձեռքերը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի համոզմունք հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։
Լոքմագյոզյանը նշեց, որ Արցախի շուրջ իրավիճակն ընդհանուր առմամբ թուլացրել է Հայաստանի դիրքերը, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների տեսակոնֆերանսի ընթացքում ասել էր, որ Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները կարող են նպաստել Հայաստանի և Թուրքիայի հաշտեցմանը: Իր հերթին Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Հայաստանը միշտ էլ շահագրգռված է եղել հարևանների, այդ թվում Թուրքիայի հետ խաղաղ և բարիդրացիական հարաբերությունների զարգացմամբ: Սակայն, հաշվի առնելով տարածաշրջանում Անկարայի ապակայունացնող և ագրեսիվ դերը, Թուրքիան պետք է ձեռք բերի Հայաստանի վստահությունը։
«Խոսքերի և գործողությունների միջև կարող է հսկայական տարբերություն լինել։ Մինչ օրս մենք ոչ մի անգամ, ոչ մի ղեկավարի, ոչ մի իշխանության օրոք չենք կարողացել ադեկվատ գնահատական տալ Թուրքիային և դրա քաղաքականությանը»,-ասել է Լոքմագյոզյանը։
Նրա խոսքով՝ այսքան տարվա ընթացքում Երևանը չի կարողացել Անկարայի նկատմամբ հռետորաբանություն ձևավորել։ Լոքմագյոզյանը կարծում է, որ Թուրքիայի հետ պետք է կոշտ խոսել, և որ այդ քաղաքականությունը պետք է շարունակական լինի։
«Մենք Հայաստանի տարածքի վրա աչք չենք դրել». Չավուշօղլու
Նա կարծում է նաև, որ Հայաստանը դեռ վաղուց պետք է պետական ռազմավարություն մշակեր, որը կաշխատեր անկախ նրանից, թե ով կգար իշխանության։ Լոքմագյոզյանը նշեց, որ չի կարելի խաբվել Չավուշօղլուի հայտարարություններից․ նա վստահ է, որ դա ոչ այլ ինչ է, քան Թուրքիայի «աղվեսի քաղաքականության» արտահայտում։
Այսօր Անկարան հաղթողի իրավունքով, երբ խոսքը վերաբերում է արցախյան իրավիճակին, փորձում է նման հայտարարություններով ստորացնել Հայաստանին, հայ ժողովրդին։ Այդպիսի հայտարարություններով Թուրքիան ակնարկում է, որ զիջումների կգնա, եթե Երևանը «գլուխ խոնարհի», «հնազանդ լինի» և տա նրան այն ամենը, ինչ նա կխնդրի։
«Նրանք այսօր մեզ հաղթողի դիրքից են նայում, հետևաբար նշանակություն չեն տալիս մեր խոսքերին։ Բացի այդ, արդեն նախադեպ է ստեղծված (Արցախի հարցով), հետևաբար, նրանք դրա վրա կանգ չեն առնի և ավելի հեռուն կգնան»,-ասել է Լոքմագյոզյանը։
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին, ապա Լոքմագյոզյանը կարծում է, որ այստեղ էլ Արցախի շուրջ գործընթացները բացասական ազդեցություն են թողել։
«Ես վախենում եմ». քաղաքացիները` Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները բացելու մասին
Նա կարծում է, որ Թուրքիան առանց այդ էլ մտադիր չէր ճանաչել 105 տարի առաջ գործած ոճիրը, բայց հիմա նրանց համար այդ հարցն առհասարակ լուծված է համարվում։
Իրավիճակը կարող է շտկել միայն աշխարհում Հայաստանի դիրքի ամրապնդման պետական քաղաքականությունը։
«Ի տարբերություն Թուրքիայի՝ մենք ազգային ռազմավարություն չունենք։ Մենք պետք է հասկանանք, թե ինչպես ենք ուզում հասնել դրված նպատակին, ինչ ենք ուզում Թուրքիայից այս հարցում, ինչ կտա դա մեզ, ինչպես ենք մտադիր հասնել դրան։ Մեզ ազգային գաղափարախոսություն է պետք, որը կաշխատի բոլոր ժամանակներում»,-ասում է Լոքմագյոզյանը։
Հիշեցնենք` Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը Հայաստանի տարածքի հանդեպ հավակնություններ չունի։ նա նշել է, որ կարգավորման գործընթացն օգտակար կլինի Հայաստանի ժողովրդին, և որ Թուրքիան հանդես է գալիս «արդար բաժանման օգտին»։
Նրա խոսքով` թուրքական կողմի դիրքորոշումն ուժեղ է իրավական տեսանկյունից, և Անկարան հավատարիմ է այդ ուժն ի շահ բոլորի օգտագործելուն:
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են