Այս պահին Հայաստանը մի շարք լուրջ մարտահրավերների է բախվել։ Մեծ հարց է` կառավարությունը կկարողանա գլուխ հանել, թե ոչ։ Իսկ հանրությունն անորոշ վիճակում է։
Հենց այդ անորոշությունը, փորձագետների կարծիքով, կարող է խթանել բնակչության արտահոսքը Հայաստանից։ Առայժմ արտագաղթի ալիքը զսպում են կորոնավիրուսի համավարակն ու փակ սահմանները։
Պատերազմն ավարտվել է, բայց․․․
Թեև պատերազմն ավարտվել է, բայց սոցիոլոգ Սամվել Մանուկյանի խոսքով` հանրության շրջանում շարունակում է պահպանվել մարտական գործողությունների վերսկսման վախը։
Ընդ որում` նա համոզված է, որ ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս գործում են ուժեր, որոնք ամեն կերպ փորձելու են սրել իրավիճակը։
Ի լրումն դրա՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո նկատելիորեն ավելացել է Ադրբեջանի հետ սահմանի երկարությունը և, որպես հետևանք, սահմանամերձ բնակավայրերի թիվը։
Փորձագետի կարծիքով՝ ռազմաքաղաքական անորոշ իրավիճակը, նոր պատերազմի վախն ու Թուրքիայից բխող սպառնալիքը արտագաղթը խթանող հզոր գործոն են հանդիսանում։ Ոչ պակաս կարևոր գործոններ են նաև հիասթափությունն ու սոցիալ-տնտեսական իրադրության վատացումը։
Որքա՞ն կտևի պատերազմի բացասական ազդեցությունը. Թևիկյանը` Սոթքի հանքավայրի մասին
Մանուկյանը կարծում է, որ բնակչության արտահոսքի դեպքում մեծամասնությունը կմեկնի Ռուսաստան։ Վիճակագրության համաձայն՝ Հայաստանի ընտանիքների մոտ 20 տոկոսը հենց այդ երկրում աշխատանքային միգրանտներ ունի։
«Մյուս կողմից էլ՝ նրանք, ովքեր Ռուսաստան են տեղափոխվել 90-ականներին, արդեն հաստատվել են այնտեղ և կարող են աջակցել իրենց ազգականներին ու ընտանիքի անդամներին։ Այդպիսով, արտագաղթի դեպքում շատերը կիմանան, թե ինչ է իրենց սպասվում արտերկրում»,-ասում է սոցիոլոգը։
Նա իրավիճակը համեմատում է մռայլ 90-ականների հետ, երբ մարդիկ, լքելով հայրենի տունը, ուղևորվում էին դեպի անհայտություն։ Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 1992թ․-ին՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ, երկրից հեռացել է մոտ 230 հազար մարդ։
«Եթե սահմանները բացվեն, իսկ իրավիճակը չբարելավվի, ապա շատ մոտավոր գնահատականներով` Հայաստանը կարող է լքել մոտ 150 հազար քաղաքացի»,-ասում է Մանուկյանը։
Սակայն այդ թիվը կարող է նկատելիորեն փոխվել` կախված տարածաշրջանային և գլոբալ գործընթացներից։ Իսկ քանի դեռ կարանտինը զսպում է արտագաղթը, կարելի է մի շարք միջոցներ ձեռնարկել, որոնք կկարողանան որոշակի չափով կանխարգելել բնակչության արտահոսքը երկրից։
«Համավարակն այսպես թե այնպես կպահպանվի ևս մի քանի ամիս։ Եթե այդ ընթացքում հաջողվի արմատական փոփոխություններ իրականացնել, ապա արտագաղթը հնարավոր կլինի կանխել»,-ավելացնում է փորձագետը։
Ինչը՞ կարող է պահել մարդկանց
Սամվել Մանուկյանը կարծում է, որ իշխանությունների գործողությունները պետք է երկու հիմնական ուղղվածություն ունենան` բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովում և ամենակարճ ժամկետներում ինտենսիվ տնտեսական աճ։
«Պետք է վերականգնել թուրքական սպառնալիքից պաշտպանված լինելու զգացողությունը։ Դրա համար պետք է ընդարձակել Ռուսաստանի կամ ՀԱՊԿ-ի ներկայությունը Հայաստանում»,-ասում է նա։
Սոցիոլոգն առաջարկում է Հայաստանում տեղակայել ևս մեկ կամ երկու ռուսական ռազմակայան՝ հզոր ավիացիոն և հրթիռային պոտենցիալով, հակահրթիռային և հակաօդային պաշտպանությամբ ու ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։
Այդ կապակցությամբ, նրա կարծիքով, պետության կարևորագույն առաջադրանքը Ռուսաստանի հետ հարաբերությունների նպատակաուղղված բարելավվումն է, երկու երկրների կառավարությունների և քաղաքական էլիտաների միջև վստահության վերականգնումը։
Ինչ վերաբերում է տնտեսական աճին, սոցիոլոգը նշում է, որ այն հնարավոր է միայն Ռուսաստանի հայերի կապիտալի ներհոսքի դեպքում և ռուսական խոշոր կորպորոցիաների, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիական կորպորացիաների հետ համագործակցության դեպքում։
«Առանց խոշոր փողերի տնտեսական աճ լինել չի կարող, իսկ խոշոր փողերն անկայուն երկիր չեն հոսում»,-ավելացրեց Մանուկյանը։
Նա նկատի ունի նախևառաջ ռազմական կայունությունը։ Չէ՞ որ միայն այդ հիմքի վրա է հնարավոր տնտեսական կայունությունը։
Մանուկյանը վստահ է, որ հարկավոր է դադարեցնել «բազմավեկտոր» արտաքին քաղաքականությունը, իսկ պետական կառավարման համակարգ հրավիրել ռուսաստանաբնակ հայ մասնագետների։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) նորարարական և ինստիտուցիոնալ հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Ատոմ Մարգարյանն էլ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ստեղծված բարդ իրավիճակում կօգնի մարդկանց «պահել» քաղաքական կոնսենսուսը: Եվ Հայաստանի համար կարևորագույն քայլ է քաղաքական կոնսենսուսի ապահովումը, քանի որ որոշ ընդդիմադիր ուժեր կարող են պետականության փլուզման հանգեցնել։
«Մյուս կողմից` կառավարությունը պետք է հասկանա, որ ժողովրդի վստահության խնդիր կա։ Եթե կառավարությունը չի հեռանում, ապա պետք է անհապաղ վստահության հանրաքվե անցկացնել»,-ասում է Մարգարյանը։
Նա ավելացնում է, որ վստահության խնդիր ունի նաև խորհրդարանը, ուստի անհրաժեշտ է արտահերթ ընտրություններ անցկացնել և ներկայացնել ճանապարհային քարտեզ, որպեսզի խաղաղվեն հանրության կրքերը և հնարավոր լինի վերահսկողության տակ առնել քաղաքական գործընթացները։
Ինչ վերաբերում է տնտեսական իրավիճակին, ապա, փորձագետի կարծիքով, անհրաժեշտ է մոտակա ժամանակում վերանայել 2021թ-ի պետբյուջեի պլանը և արմատապես փոխել առաջնահերթությունները։
Ինչպես օգնել տեղական արտադրողին. փորձագետները նոր գաղափար են ներկայացրել
«Նախևառաջ պետք է լուծվեն փախստականներին կացարանով ապահովելու, վիրավորներին բուժելու, հաշմանդամ զինծառայողներին օգնություն տրամադրելու, զոհվածների ընտանիքներին գումարներ տրամադրելու խնդիրները։ Քանի դեռ այդ ամենը տեղի չի ունենում, իշխանությունը ծայրահեղ խոցելի է»,-ասում է Մարգարյանը։
Տնտեսագետը նշում է նաև, որ արտասահմանում ևս պայմանները դրախտային չեն, իսկ համավարակի պատճառով իրավիճակը հիմա ամենուր է բարդ, հատկապես Ռուսաստանում։
Մի փոքր վիճակագրություն
2011-2016թթ-ին ամեն տարի Հայաստանը լքում էր մոտ 41 հազար մարդ։ 2017թ-ին տնտեսական իրավիճակը կտրուկ բարելավվեց՝ կապված Կարեն Կարապետյանի վարչապետության հետ։ Դա իսկույն ևեթ անդրադարձավ ժողովրդագրության վրա` 41 հազարը երկու անգամ կրճատվեց։ Փորձագետների գնահատականով՝ եթե Կարեն Կարապետյանը մնար վարչապետի պաշտոնում, տնտեսական աճի տեմպը կշարունակվեր։ Հիշեցնենք, որ 2018թ-ի առաջին եռամսյակում տնտեսական աճը 11,5% էր կազմել։
2018թ-ի «թավշյա հեղափոխության» հետ կապված ոգևորությունը նույնպես անմիջապես անդրադարձավ ժողովրդագրության վրա։ Հայ հասարակությունը մեծ հույսեր էր կապում նոր իշխանության հետ։ Դրա շնորհիվ 2018 և 2019 թվականներին բնակչության արտահոսքը դադարեց․ միգրացիոն դինամիկան դրական էր, տարեկան 5-10 հազար մարդ էր վերադառնում հայրենիք։