Պատերազմից հետո արցախցիները փորձում են իրենց կյանքը դասավորել։ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրվել, որը պատմում է արցախցիների նորմալ կյանքի վերադարձի մասին։ Արցախցի Ենոք Գաբրիելյանի տունն Ավետարանոցում է մնացել, գործը` Ակնայում։ Գաբրիելյանն այժմ էլ փորձում է Արցախում` Ասկերանում, իր կյանքը դասավորել։
«Տնեցինք գան, մնան, մինչև տեսնենք` ինչ ենք անում, թեթև սարքենք տունը»,–ասում է տղամարդը։
Արցախում իրար օգնում են` ով ինչով կարող է. մեկը տեխնիկա է նվիրում, մյուսը` կահույք։ Սննդի փաթեթներ էլ կառավարությունն է տրամադրում։
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը վստահեցնում է` շինարարական կազմակերպությունների հետ արդեն իսկ պայմանավորվածություն ունեն, որպեսզի արագ կերպով տների որոշակի վերանորոգում իրականացվի։
Նշենք, որ Արցախի կառավարության տվյալներով` պատերազմի հետևանքով 40 000 մարդ է զրկվել տնից։ Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված բոլոր քաղաքացիները միանվագ 300 000 դրամ աջակցություն կստանան. փոխհատուցում տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամին։ Ծրագրից օգտվելու համար քաղաքացին պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնել։
Շունն արդեն քսան օր է՝ երևանյան հիվանդանոցներից մեկի մոտ սպասում է տիրոջը. տեսանյութ