Մի շարք առումներով Մանուկյանի թեկնածությունը լավագույնը չէ. Արմեն Բաղդասարյան

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է ներքաղաքական զարգացումների և ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից անցումային շրջանում միասնական վարչապետ ընտրելու որոշման մասին։ 
Sputnik

16 կուսակցությունների խորհուրդը որոշել է ընդլայնել իր ձևաչափը՝ ձևավորելով Հայրենիքի փրկության շարժում և որպես անցումային կառավարության ղեկավար՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ, առաջադրել է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։ 

«Վազգեն Մանուկյանը 1 տարի անց արտահերթ ընտրություն կկազմակերպի». հայտարարություն

Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ` Վազգեն Մանուկյանի ընտրությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ ավելի հարմար թեկնածու չեն ունեցել, քանզի մի շարք առումներով Մանուկյանի թեկնածությունը, ըստ նրա, լավագույնը չէր։ Քաղաքագետի գնահատմամբ` նախ պետք է հասկանալ, որ խոսքն անցումային կառավարության մասին է, և Մանուկյանը պայմանավորվածության համաձայն` չպետք է մասնակցի հաջորդ ընտրություններին, բայց որքան էլ անցումային շրջանը կարճ տևի, կարևոր է, քանզի իրադարձությունները զարգանում են ժամ առ ժամ, և կան բազմաթիվ այսրոպեական լուծվելիք խնդիրներ։ 

«Այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ էր առաջադրել այնպիսի քաղաքական գործչի, ով վայելում է հանրության առնվազն մեծամասնության վստահությունը, բայց այդ առումով չեմ կարծում, որ Վազգեն Մանուկյանն ամենահարմար թեկնածուն էր։ Նույնը վերաբերում է նաև ընտրությունների կազմակերպմանը, որովհետև Մանուկյանն է լինելու դրանց անցկացման պատասխանատուն, հետևաբար հանրային վստահությունը չափազանց կարևոր է»,– նշեց քաղաքագետը։

Վազգեն Մանուկյանը ելույթ կունենա և կասի ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը. Տոնոյան

Բաղդասարյանի կարծիքով` կա նաև այլ խնդիր. Մանուկյանի թեկնածության առաջադրումը ցույց է տալիս, որ մենք այս պատերազմից դասեր չենք քաղել, շուրջ 25 տարի ապրել ենք պատրանքներով, իրականությունից կտրված, կեղծ պաթոսի մեջ, մինչդեռ անհրաժեշտ էր իրատեսորեն նայել համաշխարհային զարգացումներին, ճիշտ հաշվարկել սեփական ուժերը` նախընտրելով իրական քաղաքականությունը։ 

Բաղդասարյանը հիշեցրեց, որ Վազգեն Մանուկյանը «Հայերը համաշխարհային ազգ են» գաղափարի ջատագովներից մեկն էր, այսինքն` այն գաղափարախոսության կրողն է, որի արդյունքում այսօր, նրա համոզմամբ, հայտնվել ենք այս պարտված ու ջախջախված վիճակում։ Քաղաքագետը գտնում է, որ 16 ուժերը չէին կարող հաշվի չառնել այդ հանգամանքը, բայց նրանք, ըստ երևույթին, ավելի լավ տարբերակ չեն ունեցել։